Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Հովհաննես Ղամբարյան

Հովհաննես Ղամբարյան

44-օրյա պատերազմի հերոս

2019թ.-ի հուլիսի 15–ին Հովհաննեսը զորակոչվել է բանակ։ Ծառայել է Հադրութի 1-ին ՊՇ–ում։ 2020թ.-ի հոկտեմբերի 27–ի գիշերը Հադրութի ՊՇ–ն նահանջ է կատարում դեպի Մարտունի քաղաք։

Անմահանում է հոկտեմբերի 31–ին՝ Մարտունի քաղաքի համար մղվող պայքարում, ԱԹՍ-ի հարվածից։ Դեպքից 2 ժամ առաջ խոսել է ընտանիքի հետ և ասել.

- Ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթելու ենք, քեզ մենակ չեմ թողնի, մերս։

Հովհաննես Ղամբարյան

Ոչնչացրել է 5 տանկ և մարդկային մեծ ուժ։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Գարեգին Նժդեհ» մեդալներով:

Կյանքը

Ծնվել է 2000թ.-ի հուլիսի 18-ին Երևանում։ Դեռ մանկուց Հովհաննեսը պատասխանատու և շատ հանգիստ երեխա է եղել, երևի թէ ճակատագրի հարվածները շատ են եղել փոքրիկի կյանքում։ Վեց տարեկան էր, երբ հայրը լքեց իրենց՝ մայրիկի և իր չորս տարեկան փոքրիկ քույրիկի հետ թողնելով նրանց միայնակ։ Նրանք ապրում էին վարձով և հիմա էլ...

Հովհաննեսը շուտ մեծացավ իրեն բաժին հասած կյանքի շնորհիվ։ Նա խնամում էր փոքրիկ քույրիկին և միևնույն ժամանակ սովորում էր Վ. Տերյանի անվան հ. 60 դպրոցում։ Հանգիստ էր և սովորելու ձգտում կար Հովհաննեսի մեջ։ Մանկուց սիրում էր սպորտը, այդ էր պատճառը, որ ուսումն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ՝ ձյուդոյի բաժին։ Մանկուց զբաղվել է ձյուդոյով և վարել առողջ ապրելակերպ։

Հովհաննեսի մարդկային քայլերը, մոտեցումը միշտ եղել են յուրահատուկ, որի համար հատուկ ուշադրության էր արժանանում։ Նա շատ ազնիվ և ընկերասեր պատանի էր։ Դեռ 15 տարեկանից սկսել է սովորելուն զուգահեռ աշխատել, որպեսզի օգնի մայրիկին ամեն հարցում, և դա ստացվել է Հովհաննեսի մոտ։

Մարտական ուղին

Ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է համալրելով Հայոց բանակի շարքերը: Նա հայրենասեր էր և խիզախ, նույնիսկ մի անգամ մայրիկի՛ն հումորով ասել է.

- Մա՛մ, որ պատերազմ լինի, և եթե իմանամ, որ քեզ ու քրոջս տուն ու գումար կտան, իմացիր, որ կզոհվեմ...

Հովհաննես Ղամբարյան

Մինչ այսօր մայրը՝ տիկին Քրիստինեն, մրմուռը սրտում, այդ խոսքերից հալվելով՝ ապրում է...

Հովհաննեսի ծառայությունն անցել է Արցախի Հանրապետության քաղաք Հադրութում՝ 1-ին ՊՇ-ում։ Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախությունը և կարգապահությունը անտարբեր չեն թողել հրամանատարական կազմին։

Նա աչքի է ընկել նաև իր ծառայակից ընկերների նկատմամբ մեծ ուշադրության և հարգանքի համար։ Տուն զանգելով՝ նա միշտ հոգատար որդու եւ տան տղամարդու նման հարցրել է.

- Մա՛մ ջան, ամեն ինչ լա՞վ է ձեզ հետ, չե՞ն նեղացնում, գումար ունե՞ք, սնունդը նորմա՞լ է, քիչ մնաց, մա՛մ ջան, կգամ, ու ամեն ինչ լավ կլինի...

Հովհաննես Ղամբարյան

Բայց ստացվեց ամենաանսպասելին... 2020թ.-ի Սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա, լայնամասշտաբ պատերազմը զրկեց բոլորին իրենց երազանքներից և մայրերից խլեց ամենաթանկը, կարևորը՝ որդիներին, որոնց մեջ էր նաև Հովհաննես Ղամբարյանը։

Պատերազմի երկրորդ օրը մորեղբայրը կամավորագրվել է և մեկնել Հադրութ, նա ցանկացել է մեկ րոպե շուտ լինել Հովհաննեսի կողքին, ընդամենը հինգ տարի էր մեծ քրոջ որդուց։

Հովհաննեսը անմահանում է հոկտեմբերի 31–ին՝ Մարտունի քաղաքի համար մղվող պայքարում, ԱԹՍ-ի հարվածից, մորեղբոր ներկայությամբ և այդպես էլ չլքելով մարտական դիրքը։

Ոչնչացրել է 5 տանկ և մարդկային մեծ ուժ։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Գարեգին Նժդեհ» մեդալներով:

Լուսանկարներ

Վկայություններ

Երբ հասանք Հադրութ, ամեն տեղ մութ էր, մենք ավտոբուսով էինք, ստացանք զենքեր, շորեր և հրաման, որ հագնվենք և զենքերը մաքրենք, քանի որ ամբողջովին տավութի մեջ էր։ Երևի թէ մինչև լույս այդ գործին էինք: Ժամը ութն էր, որոշեցինք մի փոքր քնել, բայց մի ժամ էլ չէր անցել, երբ մեզ հանեցին տագնապով՝ շարժվելու էինք առաջնագիծ երեք ավտոբուսով։ Այդ ընթացքում ծանոթ մարդկանց հարցնում էի Հովիկի մասին, բայց ոչ ոք չգիտեր տեղը, ամեն բան իրար էր խառնված, չգիտեինք, թէ ինչ է լինելու։

Մեր ավտոբուսի վարորդը ճանապարհը չգիտեր, մի քիչ հետ ընկավ և կորցրեց դիմացից գնացողին, երևի թէ սխալ մտանք և մեզ վրա սկսեցին կրակել: Արդեն երկու վիրավոր ունեինք ավտոբուսի մեջ, դուրս եկանք, վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերեցին, ասում էին՝ փախե՛ք, որ չկրակեն: Այդ ժամանակ մեր դիրքն էր, հարցրի՝ ո՞ր դիրքն է: Ասացին՝ 1-ի պաշտպանականը, իսկ վաշտը՝ 1-ին։ Հարցրի՝ Հովհաննեսն էդտե՞ղ է, ու գտա: Ես չեմ մոռանա մեր հանդիպումը, դա մի հրաշք էր, որ Աստված կատարեց։

Հովհաննեսի և տղաների հետ մոտ մեկ ամիս պահեցինք Հադրութը: Երբ մեզ ասացին, որ հակառակորդը գրավել է Հադրութը, զարմացանք, քանի որ մինչ հոկտեմբերի 27-ը մենք եղե՛լ ենք Հադրութում։

Շատ դժվար էր, բայց երբ նայում էի այդ 18-19 տարեկան տղաներին, թէ ինչպես էին անձնուրաց կռվում, զարմանում էի։ Ես զարմացած հարցնում էի՝ եթե գրավել են, ինչու՞ մենք չգիտենք կամ ինչի՞ ենք կռվում շատ անհասկանալի պահեր էին․ առաջին մի երկու օրը սնունդը նորմալ բերեցին, հետո ամեն ինչ դժվարացավ, օրերով սնունդ չկար, եթե բերում էին, թողնում էին մի տեղ, կապի միջոցով հայտնում էին, որ գնանք վերցնենք: Ինձ շատ ժամանակ ուժ էր տալիս Հովհաննեսը, ես հպարտանում էի նրանով։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան ասացին, թէ ինչ-որ զենք են կիրառելու, որ ձայնային մեծ ուժ ունի, և պետք է քայլեինք դեպի Մարտունի: Մենք ուսապարկերով, զենքերով (ով ինչքան կարողացավ վերցնել, որ հանկարծ չմնա հակառակորդին) ամբողջ գիշեր մինչև առավոտյան ժամը 8-ը քայլեցինք 50 կմ։ Շատ էինք հոգնել, բայց ինձ համար միևնույն էր. մեզնից ոչ մեկը չէր մտածում, թէ տուն է հասնելու, մենք ռազմի դաշտում այնքան զինվորների դիակներ էինք դնում մեքենաների մեջ, որ երբ լսում էինք՝ ծնողները փնտրում էին ու չէին գտնում դիակները, ապշում էինք. ախր, մեր ձեռքով էինք ուղարկել։ Մի խոսքով՝ անհասկանալի բաներ շատ կային։ Հոգնած ու տանջված հոկտեմբերի 28-ին հասանք Մարտունի: Մեզ հանեցին դիմացի գյուղը, դեպի որը էլի երկար ճանապարհ էր, և պետք է դպրոցում գիշերեինք, հետո այդտեղից էլ հանեցին, տարան մի գոմի կողմը, որտեղ լուսացրինք։

Զորքն այնքան հոգնած էր, որ արդեն մեկ էր՝ որտեղ կգիշերեինք: Լուսաբաց էր, տագնապով արթնացանք, ասացին՝ պիտի դիմացի դիրքը պահենք։ Ճիշտ է, շատերը դեռ չէին էլ կարողանում քայլել, ահավոր հոգնած էին, ոտքերն էին ցավում, բայց որ պետք էր, ուրեմն՝ պետք է գնայինք: Տարան Մարտունի 2-ի բարձր դիրքը, որտեղ պարզ երևում էր, որ հրետանի է աշխատել, ահավոր տեսարան էր: Պետք է խրամատ փորեինք, բայց այնքան հոգնած էինք, որ այդպես էլ քնել էինք։ Լուսաբացին տեսանք՝ երկու ժամկետային ծառայող դաշտով անցնում են դիմացի դիրքը, բղավեցինք, հարցրինք, թե ովքեր են, ասացին՝ իրենց ընկերոջ դիակի հետևից են գնում մնացել է ու չեն կարողացել հանել: Ասացինք Աստված ձեզ հետ։ Առավոտյան երկինքն այնքան պարզ էր, տեսանք, որ «թռչուն» կար, դէ, սարքին այդպես էինք անվանում:

Կապ տվեցինք, ասացին՝ մերն է, չխփել։ Այդ ընթացքում տեսանք՝ դաշտում կանգնեց հրամանատարի վիլիսը, ու դուրս եկավ Հայկ Կիրակոսյանը, Համոզյանը՝ շտաբի պետը, հետո տեսանք, որ մեր զորքին են բերում 2 մեքենայով, մտածեցինք՝ տեսնես ի՞նչ է եղել: Այդ ընթացքում այն երկու ժամկետայինները վազում էին գոռալով, որ զորքին չհանեն, դիմացը թուրքերի սպեցնազն է ու BMP-ով են, մի 50 մետրի վրա էին մեզնից հեռու: Մեկ էլ տեսնենք նշանակետով հարվածեցին, ահավոր տեսարան էր։ Հրամանատարի 2 ոտքերը կտրվեցին տեղում, մնացածները շատ ծանր վիրավորում ստացան: Չորս կողմը արյուն էր, ես Հովոյին ասացի՝ խրամատի փոսը խորացնեն ու դուրս չգան փոսից։ Կապ տվեցինք, որ մեքենա գա, գոնե վիրավորներին տեղափոխի։

Եկան մի կես ժամ ուշացումով։ Արդեն հրամանատարը մահացած էր, երկուսին դրեցինք մեքենան, եկանք, մտանք փոսի մեջ, և այդ ընթացքում պարզվեց՝ մեզ հետևող օդային թռչունը մերը չէր, թշնամունն էր, և հարվածեցին ուղիղ մեր փոսի մեջ։ Այդ ժամանակ ինձ թվաց՝ մեռնում եմ, ծանր զգացողություն էր, բեկորային վիրավորում էինք ստացել: Երբ ուշքի եկա, խելագարվեցի: Հովոն կողքիս չէր: Վազելով դուրս թռա, տեսա՝ հողի մեջ է, և աղոթելով ձեռքս գցեցի, զինբաճկոնից վեր քաշեցի, տեսա՝ երեխեն գլուխը գցեց, իսկ բերանից արյուն էր հոսում: Ինչից վախեցել էի այդքան ժամանակ, եղավ։

Քեռու՝ Արթուրի հուշերում

Հովհաննես անունը իմ սրտում մեծ հետք ու ցավ է... Հովհաննեսը իմ աղջկա որդին է, իմ օջախի առաջին թոռը։ Ես Հովիկիս մասին միշտ ներկայով եմ խոսում, որովհետև նա միշտ ինձ հետ է։ Իմ աղջիկը շատ երկար է սպասել իր առաջնեկի ծնվելուն։

Յուրաքանչյուր կիրակի օր գնում էինք Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի և Աստծուն խնդրում, որ աղջիկս մայրանա։ Երբ լսեցինք սպասված լուրը, մեր տունը լցվեց ուրախությամբ։ Հովհաննեսի ծնունդը շատ առեղծվածային է եղել. երեք օր մահվան հետ կռիվ տալուց հետո ծնվել է։ Ծնվելու օրը հրաշք է տեղի ունեցել, որովհետև բժիշկները հույս չէին տալիս, ինձ ասում էին, որ կարևորը իմ աղջկա կյանքն է, իսկ ես համառորեն պահանջում էի, որ երկուսին էլ փրկեն։ Այդ օրը լուսաբացին համոզում էին, որ տուն գնամ, բայց ես համառելով դուրս եկա հիվանդանոցի բակ ու ականատես եղա մի հրաշքի։ Աղջկաս հիվանդասենյակի պատուհանի մոտ հինգ ճերմակ աղավնիներ էին կանգնած, ես, արցունքոտ աչքերով կանգնած, նայում էի։ Այդ պահին աղավնիներին մոտեցան երկու սև ագռավ, ու սկսվեց նրանց կռիվը: Այդ պահին Աստծուն խնդրում էի, որ վատ բան չլինի։ Հրաշքը կատարվեց. ծնվեց իմ Հովհաննեսը, իմ լուսավոր բալեն, մեզ ուրախացրեց իր գալուստով։ Նա Սրբի տված էր և դրա համար էլ սրբացավ՝ մեծ ցավ թողնելով մեր սրտերում։

Հովհաննեսն ինձ համար մի ուրիշ աշխարհ է եղել, նա յուրահատուկ վերաբերմունք է ցուցաբերել մեր բոլորի նկատմամբ։ Իր մեծությունների շարքում դասում էր պապիկին ու տատիկին։ Հպարտանում էր հատկապես պապիկով՝ ասելով.

- Պա՛պ ջան, ես այնպես եմ ծառայելու, որ մեր ազգի մեջ լինի երկու հերոս, ինչպես մեր մեծ պապը՝ Գրիշա Բուլյանը:

Հիմա հիշում ենք իր բառերը և հասկանում, որ յուրաքանչյուր բառը խորհրդավոր էր, իմաստ էր արտահայտում։ Առանց մեր Հովհաննեսի՝ օջախի պատերը տխրել են։ Ամեն ինչ գորշ է երևում, մեր ընտանիքի ուրախությունը եւ պարծանքը նա էր։ Աստվածային թոռ էր ...

Հովհաննեսի տատիկի հուշերից

Որդիներն ազգիս տխուր հեռացան,
Եւ մարդկային կեղծ արդարադատության,
Ստի զոհ դարձան,
Սակայն Հավերժի փառքո՛վ դեռ անմահ
Այնտեղ կանգուն են,
Տղե՛րքը, որոնք մեզ հետ էլ չկա՛ն,
Տղե րքն անվեհեր։
Հայքի եզերքում
Շրջում են անձայն,
Եւ թո՛ղ իմանա նեռը դավադիր՝
Տղե՛րքը միշտ կան։
Կանգնած են զորեղ
Օծված լույսերով,
Փարոս ու ուժ են դարձել գալիքի
Հայոց աշխարհում:
Առաքելության խաչով են խաչվել՝
Աստծո գործին հավերժ նվիրյալ,
Եւ Փառքո՞վ անցած ճանապարհին իրենց
Լույս ու հավատի սերմեր են սփռել։
Ու քանի մե՛նք կանք,
Կապրե՛ն մե՛ր սրտերում
Ամե՛ն մի վայրկյան
Եւ նորոգ բացվող ամեն մի գարուն։
Ձեզնով պիտ ելնե՛նք
Թեկուզ վերջին մարտի՛,
Թուրքն Հայոց հողը չպիտի՛ մտնի...

Խոսքեր նվիրված հերոսներին

Շիրիմի գտնվելու վայրը