Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Շառլ Ազնավուր

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, կոմպոզիտոր, բանաստեղծ, սցենարիստ, դերասան, ռեժիսոր, բարերար, հայրենասեր, ՀՀ ազգային հերոս։

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ իր Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը թոքերի այտույցն է։

Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։

Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ։

Էմանուել Մակրոն, Հոկտեմբերի 5, 2018 թ․

Կյանքը

Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում: Շառլի հայր Միշա (Միքայել) Ազնավուրյանը և մայր Քնար Բաղդասարյանը քրոջ՝ Աիդայի հետ (որը ծնվել էր Հունաստանում՝ ցեղասպանությունից փախուստի ճանապարհին) ժամանակավորապես ապաստանել էին Ֆրանսիայում՝ սպասելով ԱՄՆ-ի իրենց անցագրերին: Այդ ժամանակ Ազնավուրյան ընտանիքը չէր էլ պատկերացնում, որ Փարիզում է հաստատվելու անորոշ ժամանակով, իսկ արդյունքում՝ նաև հիմնավորապես։

Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ:

Շառլ Ազնավուր

Շառլի ծնողներն արվեստասեր մարդիկ էին և շատ հյուրընկալ. նրանք հաճախ էին հյուրեր ընդունում ու ամեն երեկոն վերածում տոնախմբության՝ ներկայացումներ բեմադրում, երգում, պարում՝ ներգրավելով երեխաներին, ընկերների։ Միշա Ազնավուրյանը նաև «Le Caucase» («Կովկաս») անունով մի փոքրիկ ռեստորան ուներ, որտեղ հաճախ անվճար ճաշ էր հյուրասիրում կարիքավորներին, և որտեղ հայր ու որդի երգեր էին կատարում այցելուների համար: Նման սրտաբաց ու անվճար հյուրասիրությունները թույլ չէին տալիս անհրաժեշտ եկամուտն ապահովել ռեստորանը պահելու համար, և Միշան շուտով ստիպված էր փակել այն։

Երբ ֆաշիստների կողմից բռնազավթված Փարիզում Դիմադրության շարժումը ծավալվեց, ֆաշիստներն էլ ավելի դաժան ու անողոք դարձան. գեստապոն ամեն օր ավելի էր խստացնում կտտանքներն ու խուզարկումները։ Հենց այդ պայմաններում Միշա Ազնավուրը՝ Շառլի հայրը, սկսեց վտանգավոր աշխատանք տանել գերմանական բանակի հայ «կամավորների» հետ. առօրյա զրույցի ու կատակների միջոցով համոզվում էր, որ նրանք հայ են, խնդրում էր երգել, պատմել հայրենի գյուղերի մասին և այդպես կարողանում էր հստակ տարբերել՝ զինվորները հայերենը սովորել են ի ծնե, թե այն դպրոցներում, որտեղ ֆաշիստները գործակալների էին պատրաստում։ Ընդ որում, նա այդ զրույցները վարում էր «Րաֆֆի» ռեստորանում, որտեղ այդ պահին աշխատում էր, իսկ զուգահեռ սպասարկում էր հարևան սեղանին նստած նացիստ սպաներին՝ ահռելի ռիսկի դիմելով։

Այս յուրատեսակ քննությունը բարեհաջող «հանձնած» հայ զինվորներին Միշան հասկացնում էր, որ կարող է օգնել նրանց փախչել։ Տղաները շատ արագ համաձայնում էին, և նա հանդիպում էր նրանց ռեստորանը փակելուց հետո մի ապահով վայրում, ապա` բերում տուն։ Ամենից առաջ վառարանում այրում էին զինվորի գերմանական համազգեստը, իսկ մութն ընկնելուն պես Շառլն իր քրոջ հետ վերցնում էին զենքն ու տանում, մտցնում կոյուղու հորը։

Այդ ամենը կրկնվում էր գրեթե ամեն երեկո, և Ազնավուրների՝ Նավարեն փողոցի փոքրիկ բնակարանում գիշերողների թիվը օր օրի ավելանում էր...

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ազնավուր ընտանիքը՝ ծնողներն ու երեխաները, իրենց փարիզյան բնակարանում ապաստան են տվել բազմաթիվ հրեաների և հայերի։ Նրանց այս անձնվեր գործունեության համար 2017 թվականին Ազնավուրին շնորհվեց Ռաուլ Վալենբերգի անվան մրցանակ:

Հայը սիրում է լավ սեղանն ու լավ գինին: Այո՜, գինին, որն ազգային խմիչք է, հայը նույնքան է սիրում, որքան ֆրանիսացին: Տոնը առանց ճոխ սեղանի, առանց գինու, առանց երգի, տոն չէ հայի համար:

Շառլ Ազնավուր

Իր առաջին կնոջ՝ Միշելին Ռյուգելի հետ նա ամուսնացել է 1946 թվականին։ Ամուսնական կապն ավարտվել է ամուսնալուծությամբ։ 1956 թ. Շառլ Ազնավուրն ամուսնացել է իր երկրորդ կնոջ, Էվելին Պլեսիսի հետ, արդյունքում կրկին ամուսնալուծություն։ Ի վերջո, 1968 թ. Ազնավուրը սեր ու ընտանեկան կյանքում ներդաշնակություն վերագտավ կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ: Կյանքի այս փուլի մասին Ազնավուրն ասել է. «Նրա (խմբ.՝ Ուլլայի) շնորհիվ ես կարողացա սահմաններ գծել և ազատվել ինձ շրջապատող բոլոր «մակաբույծներից»»: Շառլը և Ուլլան երեք զավակ ունեցան և միասին ապրեցին ջերմությամբ ու փոխըմբռնմամբ լի ընտանեկան կյանք։ Իր երեք ամուսնություններից Շառլն ունի հինգ երեխա։ 5 երեխա՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան: Նրա դուստրը՝ Սեդան, գնացել է հոր երաժշտական ուղղությամբ, և նրանք նույնիսկ դուետ են ձայնագրել միասին։

1976 թ. Ազնավուրն ընտանիքի հետ տեղափոխվեց Շվեյցարիա, որտեղ էլ 1977 թ. ծնվեց նրա կրտսեր որդին՝ Նիկոլան: Սա Ազնավուրի համերգային համաշխարհային շրջագայությունների գերակտիվ մի շրջան էր, երբ նա մշտապես ստիպված էր տնից հեռու գտնվել : 1982 թ. նա ընտանիքի հետ կրկին երկու տարով տեղափոխվեց Ամերիկա - նախ՝ Լոս Անջելես, այնուհետև՝ Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաք: 1984 թ. նրանք վերջնական ետ վերադարձան Շվեյցարիա:

Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել` սիրել են ինձ, խաբել, պաշտպանել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ես էլ իմ հերթին հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել: Գնահատել չիմանալով սերը, վազել եմ վաղանցիկ սերերի հետևից: Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ…Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը:

Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ 2018 թ․ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր սիրելի տանը: Նրա վախճանն աշխարհի միլիոնավոր մարդկանց կողմից ընկալվեց որպես անձնական կորուստ: Տարբեր երկրներում տեղական համայնքների և նվիրյալ երկրպագուների կողմից կազմակերպվեցին հարգանքի տուրք մատուցող բազմաթիվ միջոցառումներ:

Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել:

Շառլ Ազնավուր

Որպես այդ բոլոր արարողությունների կուլմինացիոն կետ՝ Ֆրանսիան հանդիսավոր արարողությամբ հրաժեշտ տվեց լեգենդար ֆրանսահայ արտիստ և հումանիստ Շառլ Ազնավուրին Փարիզի «Les Invalides» ռազմական համալիրում, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկան հրաժեշտի խոսքով: Այդ օրվա արարողակարգն անգամ արտացոլում էր մեծ արտիստի էությունը՝ ներկայացնելով նրան որպես Ֆրանսիայի ազգային խորհրդանիշ, միաժամանակ ընդգծելով նրա անքակտելի կապը հայրենի երկրի՝ Հայաստանի հետ: «Ֆրանսիայում բանաստեղծները երբեք չեն մահանում»,- իր խոսքում նշեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Լեգենդար ֆրանսահայ երգչի աճյունը հողին հանձնվեց Փարիզի արևմուտքում գտնվող Մոնֆոր-լ'Ամաուրի գերեզմանատանը` Ազնավուրների ընտանեկան դամբարանում:

Գործունեությունը

Շառլն արվեստի բնագավառում իր մասնագիտական ուղին սկսել է շատ վաղ հասակում՝ տարբեր ներկայացումներում էպիզոդիկ դերեր խաղալով քրոջ՝ Աիդայի հետ միասին: Նա այնքան էր տարված երգ ու պարով, այնքան էր ուզում հմտանալ, զարգացնել իր այդ կարողությունները, որ իր դասերի համար գումար վաստակելու նպատակով թերթեր էր վաճառում փողոցներում:

Ազնավուրի երաժշտական՝ էստրադային կարիերան սկսվեց պատերազմի ավարտին: Նա հանդիպեց Պիեռ Ռոշ անունով մի երիտասարդի, որը շնորհալի դաշնակահար էր: Նրանք գրում էին երաժշտություն և տեքստեր նախ իրենց, իսկ ավելի ուշ` նաև այլոց համար: Շատ շուտով նրանք ճանաչում ձեռք բերեցին որպես «Ռոշ և Ազնավուր» ստեղծագործող դուետ:

Ազնավուրի մասնագիտական առաջխաղացման գործում նշանակալի դեր խաղաց ծանոթությունը Ռաուլ Բրետոնի և նրա կնոջ հետ. նրանց շնորհիվ է, որ «Ազնավուր և Ռոշ» դուետը ծանոթացավ ֆրանսիական շոու-բիզնեսի տարբեր ազդեցիկ ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև՝ Էդիթ Պիաֆի: Սկզբնական շրջանում Շառլը մի քանի երգ գրեց ֆրանսիական բեմի դիվայի համար, այնուհետ վերջինիս հրավերով դարձավ նաև նրա մենեջերը։ Այս արդյունավետ ու ստեղծագործ համագործակցությունից շուտով սկիզբ առավ նաև շատ ամուր ընկերություն: Ազնավուրը Պիաֆի համար գրեց ամերիկյան «Jezebel» հիթային երգի ֆրանսերեն տարբերակը, և կարճ ժամանակահատվածում այս երգը դարձավ առաջատար երաժշտական չարթերում:

1947-1948 թթ. Պիաֆը Ազնավուրին և Ռոշին հրավիրեց ԱՄՆ-ում շրջագայության: Շառլը և Պիեռը որոշ ժամանակով հաստատվեցին Կանադայում: Այս ընթացքում՝ 1947 թ. մայիսի 21-ին, ծնվեց Սեդան՝ Ազնավուրի առաջին դուստրը: Պիեռի հետ դուետը հաջողություն ունեցավ. Կանադայի Քվեբեկ քաղաքում նրանք արեցին իրենց առաջին վեց ձայնագրությունները: Ավելի քան 40 շաբաթ համերգներ տվեցին «Faisan Doré»-ում՝ շաբաթական 11 ելույթ հաճախականությամբ, և աստիճանաբար հայտնի դարձան տեղական շուկայում: Շառլը ցանկանում էր տուն վերադառնալ, բայց Պիեռը ուրախ էր մնալ Կանադայում: Ֆրանսիայում դեռ ոչ ոք չգիտեր, թե ով է Ազնավուրը, սակայն նա որոշեց վերադառնալ ու ամեն բան նորից սկսել, այս անգամ՝ արդեն միայնակ:

Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է։

Շառլ Ազնավուր

1956 թ. Ազնավուրն սկսեց գրանցել իր առաջին լուրջ հաջողությունները՝ որպես միայնակ հանդես եկող երգիչ, հեղինակ կատարող։ Կասաբլանկա քաղաքում նրա ելույթն այնպիսի արձագանք ստացավ, որ նրան աստղային համբավ բերեց, ինչն այդուհետ ամրապնդվեց տարբեր քաղաքներում գրանցած նոր հաջողություններով։ Հենց 1956-ին գրված «Sur Ma Vie» երգը դարձավ Ազնավուրի առաջին հանրահայտ ստեղծագործությունը, իսկ նրա դիրքը՝ որպես առաջին մեծության աստղի, հիմնավորապես ամրագրվեց 1960 թ.՝ փարիզյան «Օլիմպիա» սրահի համերգից հետո…

Շառլը հաճախ էր հիշում 1960 թ. դեկտեմբերի 12-ի այդ առանձնահատուկ երեկոն, երբ հանդիսատեսը անհաղորդ սառնությամբ ընդունեց իր կատարած առաջին յոթ երգը։ Հետո նա երգեց վերջին՝ «Je m'voyais déjà» երգը, որը պատմում է մեծ ամբիցիաներով, բայց ձախողակ արտիստի մասին: Ելույթի ավարտին լուսարձակներն ուղղվեցին դեպի հանդիսատեսը. ծափահարություններ չկային: Այնտեղ՝ ետնաբեմում, Շառլն արդեն պատրաստ էր հանձնվել... Երբ բեմ դուրս եկավ՝ վերջին անգամ խոնարհվելու, անասելի մեծ էին նրա զարմանքն ու հուզմունքը. դահլիճից օվացիաներ ու հիացական բացականչություններ հնչեցին։ Դա այդքան երկար սպասված հաղթանակի ձայնն էր, շռնդալից հաղթանակի… Այդ օրվա նրա երգացանկում նաև այլ երգեր կային, որ հետո բացարձակ հիթ դարձան աշխարհի տարբեր երկրներում՝ «Emmenez-moi», «Trop tard», «Les comediens»:

Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել։

Շառլ դը Գոլ

Ամերիկյան հայտնի Կառնեգի համերգասրահում գրանցած հաջողությունից և Ամերիկայում, Եվրոպայում ու Ասիայում երկարատև շրջագայությունից հետո Շառլ Ազնավուրը դարձավ աշխարհահռչակ աստղ: Նրա ձայնասկավառակները վաճառվեցին միլիոնավոր օրինակներով:

Հաջորդող տարիները նշանավորվեցին մի քանի ստեղծագործությունների թողարկումով, որոնք ևս համաշխարհային հիթեր դարձան՝ «Tu t'laisses aller» (1960 թ.), «Il faut savoir» (1961 թ.), «Les comédiens» (1962 թ.), «La mamma» (1963 թ.), «Et pourtant» (1963 թ.), «Hier encore» (1964 թ.), «For Me Formidable» (1964 թ.), «Que c'est triste Venise» (1964 թ.), «La Bohème (1965 թ.), «Emmenez-moi» (1967 թ.) և «Désormais» (1969 թ.): Այս երգերի մեծ մասը սիրո և անցնող ժամանակի մասին է:

Երգարվեստի ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումներին զուգահեռ Ազնավուրը նշանակալի հաջողություններ ունեցավ նաև կինոյի ոլորտում՝ հաղթական մուտք ունենալով այդ ասպարեզ (առաջին ֆիլմերից՝ «Une gosse 'sensass'» (1957 թ.) և «Paris Music Hall» (1957 թ.)): Որպես դերասան և կոմպոզիտոր ներգրավվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Gosse de Paris»-ում (1961 թ.), որը նա համահեղինակել է ռեժիսոր Մարսել Մարտինի հետ, «Three Fables of Love» (1962 թ.) և «Dear Caroline» (1968 թ.) դրամաներում: Ազնավուրը նաև գլխավոր դեր է խաղացել «Les Fables de la Fontaine» հեռուստասերիալում (1964 թ.), ապա նկարահանվել հանրաճանաչ «Monsieur Carnaval» մյուզիքլում (1965 թ.), որում կատարել է իր հիթային «La bohême» երգը:

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ,հ եգնանքով և արհամարանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար...

Շառլ Ազնավուր

1995 թ. Ժերար Դավուստը և Ազնավուրը հիմնեցին Editions Raoul Breton («Ռաուլ Բրետոն» հրատարակչություն) երաժշտական ​​հրատարակչական ընկերությունը: Ռաուլ Բրետոնը նույն մարդն էր, ով օգնել էր նրան գրեթե 50 տարի առաջ: Այժմ հերթը Ազնավուրինն էր՝ շարունակելու նրա գործը և աջակցելու տաղանդավոր կոմպոզիտորներին ու արտիստներին իրենց աշխատանքում: Նրանք հրատարակեցին և աշխատեցին շատ արտիստների հետ, ներառյալ այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Լինդա Լեմե, Սենսևերինո, Ալեքսիս HK, Իվ Նևեր, Ժերար Բեռլիներ, Ագնես Բիհլ… Բայց Ազնավուրի համար մեծագույն երջանկություն էր իր սիրելի բանաստեղծի՝ Շառլ Տրենեի հրատարակիչը դառնալը:

Կյանքի ավելի ուշ շրջանում նա նվիրվեց գրքեր հեղինակելուն՝ սկսելով «Իմ հայրը հսկա է» պատմվածքների ժողովածուից: Ազնավուրը գրում էր ընտանեկան նուրբ հարցերի կամ զավեշտալի իրավիճակների մասին: Այնուհետև դանդաղ՝ էջ առ էջ, նա սկսեց գրի առնել իր ինքնակենսագրությունն ու իրական պատմություններ: Ցանկանում էր կիսվել իր փորձառությամբ և ներքին մտորումներով այն աշխատանքի վերաբերյալ, որն այդքան սիրում էր:

Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս:

Շառլ Ազնավուր

1972 թ. Շառլը գրեց «Comme ils disent» երգը, որն էստրադային ժանրում առաջին անգամ բացահայտ կերպով արծարծում էր համասեռամոլության թեման - ամենայն լրջությամբ և առանց անարգանքի: Նրա շրջապատն այդ ժամանակ դեմ էր այդ երգի հանրայնացմանը, որովհետև վերջինս կարող էր լրջորեն վնասել երգչի հեղինակությանը: Սակայն Ազնավուրը որոշեց երգն անպայման ներկայացնել հանրությանը, քանի որ կարևորում էր այս թեման:

1974 թ. «She» սինգլի թողարկումը նրան հսկայական հաջողություն բերեց անգլախոս աշխարհում. երգը Մեծ Բրիտանիայի սինգլների չարթում չորս շաբաթ շարունակ զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Այն ձայնագրվել է նաև ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն։

Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ:

Շառլ Ազնավուր

1988 թ. Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը շրջադարձային դեր խաղաց Ազնավուրի կյանքում: Քանի որ ջերմ հարաբերությունների մեջ էր ընտանիքի հետ և պաշտում էր ծնողներին, Հայաստանն ու հայերը մշտապես Ազնավուրի սրտում էին: Անհավատալի կլիներ, եթե նա ոչինչ չաներ այդ տարաբախտ իրավիճակում: Ազնավուրն անմիջապես արձագանքեց բնակչության կարիքներին և մեկնեց Հայաստան:

Ավելի քան ութսուն աշխարհահռչակ արտիստների համագործակցությամբ ձայնագրված «Pour toi Arménie» («Քեզ համար, Հայաստան») երգի (1989 թ.) ողջ հասույթն ու իրավունքները նա նվիրաբերեց՝ Հայաստանի ժողովրդին օգնություն տրամադրելու համար: Այդ իսկ ժամանակահատվածում հիմնադրվեց «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ասոցիացիան, որը շարունակաբար աջակցել է Հայաստանին:

2008 թ. կառավարության կողմից Շառլ Ազնավուրին շնորհվեց ՀՀ քաղաքացիություն, իսկ մեկ տարի անց` 2009 թ., նա ստանձնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը: Փարիզում նա եղել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ​​ներկայացուցիչը:

Ստեղծագործական հսկայական ժառանգությունից բացի, Շառլ Ազնավուրը հումանիտար գործունեություն էր ծավալում, ինչի վկայությունն էր 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին ուղղած հսկայական օգնությունը, աշխարհի այլ կետերում բնական աղետից տուժածներին, տարբեր ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց, խոցելի խմբերին աջակցելը։ Այդ բարեգործական գործունեությանը նոր լիցք հաղորդելու նպատակով 2016 թ. Շառլ Ազնավուրն ու որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայտարարեցին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի հիմնական առաքելությունն է կրթական, սոցիալական և մշակութային նախագծերի իրականացումը։

2017 թ․ օգոստոսի 24-ին լեգենդար երգիչ-երգահան Շառլ Ազնավուրին շնորհվեց Հոլիվուդյան Փառքի ծառուղու 2618-րդ աստղը, որը գտնվում է պատմական «Pantages» թատրոնի կողքին և շնորհվել է «Կենդանի կատարում» անվանակարգում:

Համաշխարհային հռչակ ու անվերապահ սեր վայելող Ազնավուրը միլիոնավոր երկրպագուներ ուներ ամբողջ աշխարհում. նրա զգայական կատարումները մշակութային, ազգային ու տարիքային սահմաններ չեն ճանաչում։ Ավելի քան 70 տարվա երաժշտական կարիերայի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է 1400 երգ (դրանցից 1300-ն անձամբ է հեղինակել) և թողարկել ավելի քան 390 ձայնասկավառակ, բոլորն էլ՝ բազմալեզու։ Նրա ձայնասկավառակներից շատերը ճանաչվել են «Ոսկե» և «Պլատինե»` գրանցելով միլիոնից ավելի օրինակների վաճառք: Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում։

«Ազնավուր» կենտրոնի ստեղծումը խոշոր նախագիծ է, որի վրա անձամբ Շառլ Ազնավուրն է աշխատել իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նրա անմիջական ուղղորդմամբ են ստեղծվել և հաստատվել բովանդակային հայեցակարգը, ճարտարապետական ու սցենոգրաֆիկ լուծումները։ Ազնավուրն անգամ ձայնագրել է աուդիոգիդ, որի միջոցով այցելուներին հենց ինքը կներկայացնի իր կյանքի պատմությունը և կուղեկցի թանգարանային ողջ շրջայցի ընթացքում։

«Ազնավուր» կենտրոնում է տեղակայված լինելու Շառլ Ազնավուրի կյանքն ու գործունեությունը ներկայացնող գերժամանակակից, տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով հագեցած թանգարանը։ Այստեղ է գործելու նաև կրթամշակութային նորարարական կենտրոն, որտեղ ծրագրեր են իրականացվելու կինոյի, երաժշտության և ֆրանսերենի ուսուցման բնագավառներում: Ըստ Հիմնադրամի և Ֆրանսիայի կառավարության միջև կնքված համաձայնագրի՝ կենտրոնում է գործելու նաև «Ֆրանսիական ինստիտուտի» (Institut français) հայաստանյան մասնաճյուղը:

«Ազնավուր» կենտրոնի նախագծի շուրջ մոբիլիզացվել են տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ, որոնց ջանքերի շնորհիվ եզակի ու ոգեշնչող այս կենտրոնն իր առաջին այցելուներին կկարողանա ընդունել 2022 թվականին։

Լուսանկարներ

Վկայություններ

Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում, բայց ո՛չ գրում եմ, ո՛չ էլ կարդում եմ հայերեն: Հոգ չէ: Վերջիվերջո իմ նախնիները, ովքեր դպրոց չեն հաճախել, դրանից ավելի վատ հայեր չեն եղել: Իսկ ո՞վ ասաց, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում:

Շառլ Ազնավուր

Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին:

Շառլ Ազնավուր

Իմ լսարանում կան ամեն կրոնի, գույնի, լեզվի ու եկամտի տեր մարդիկ։ Ես բաց եմ իմ երգը սիրող յուրաքանչյուրի առջև։

Շառլ Ազնավուր

Ամեն անգամ, երբ մեկն ուզում է մեկ ուրիշին ավելի աշխատեցնել առանց նրա ռոճիկը բարձրացնելու, շողոքորթում է նրան, խնկարկում ու ասում, որ վստահում է:

Շառլ Ազնավուր

Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:

Շառլ Ազնավուր

Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի:

Շառլ Ազնավուր

Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը և ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում: Ես պարտական եմ նրան: Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Շառլ Ազնավուր

Պետք է ասել, որ խմիչքը չէ, որ խոսեցնում է հային, այլ խոսքն է խմեցնում նրան:

Շառլ Ազնավուր

Ես երիտասարդներին միշտ ասում եմ՝ մի եղեք շատ հպարտ, ընդամենը գործ արեք:

Շառլ Ազնավուր

Այո, ես ունեմ իմ աշխատանքը, ընտանիքը, բարեկամները: Ու միայն այսքանը: Ինձ անչափ հարկավոր է ուրիշ մեկը, մի լուռ վկա, որին երեկոյան կարողանայի պատմել ողջ օրվա անցուդարձը:

Շառլ Ազնավուր

...Հիմա ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա… բայց ես մենակ եմ: Ես չունեմ ամենակարևորը՝ իմ երկրորդ կեսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին ես կարողանայի ասել. «Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ուզում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»: Չնայած ես շատախոս չեմ, բայց որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով:

Շառլ Ազնավուր

Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբա'յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...

Վիլյամ Սարոյան

Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, բայց միևնույն ժամանակ, ես գիտեմ իմ թերությունները և երբեք չեմ մտածել, թե օժտված եմ ինչ որ յուրահատուկ կարողություններով: Այսպես ասեմ, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց նայած՝ ինչ առիթով: Ես ներում եմ պարզունակությունը, բայց չեմ ներում գռեհիկությունը, սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ, բայց ամենաշատը սիրում եմ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին:

Վիլյամ Սարոյան

Շառլ Ազնավուրը խոշոր դրամատիկ տաղանդ էունի: Ազնավուրն այնպես է սեր երգում, ինչպես մինչ այս ոչ ոք չի երգել: Այդպես նա սիրում է, զգում, ապրում: Միանգամից նվաճում է մարդուն: Նա իր արվեստում մեծագույնն է:

Ֆրանսիացի շոնսոնյե և դերասան Մորիս Շևալս

Այդ ձայնը, որ թվում է կանգնած է աղետի եզրին և ցանկացած պահի կարող է խզվել ու լռել, շնչարգելությամբ տառապողի, բայց տղամարդավարի ալպինիստական գագաթը գրավողի շքեղ ձայն է: Վիրավոր թռչնի խուլ ու պատռված ձայն, որը բեմի վրա իր փետուրների հետ մեկտեղ նետում է սիրո հրաշալի երգեր: Հոգեվարքի մեջ գալարվող այդ ստրադիվարիուսը, այդ ձայնը, որ կարծես հանգած հրաբուխից լինի, բառեր է ուղղում ավելի շուտ սրտին, քան լսողությանն ու հնչում է ամբողջ աշխարհում:

Հայտնի արվեստաբան, Ազնավուրի կենսագիր Իվ Սալ