Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Սարգիս Մնացականի Ներսիսյան

Սարգիս Մնացականի Ներսիսյան

Սիրված և հարգված եղբայր, ամուսին, հայր և պապիկ

Սարգիսը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին, 62 տարեկան հասակում քաղցկեղից։ Զավակների հուշերում Սարգիսը հոր կատարյալ կերպար էր, ում կողքին մշտապես ունեցել են պաշտպանվածության զգացողություն։

Կյանքը

Սարգիս Ներսիսյանը ծնվել է 1955 թվականի հունիսի 11-ին Երևան քաղաքում։ Արմատներով Գյումրիից է։

Հայրը՝ Մնացականը, իմաստուն և հավասարակշռված անձնավորություն էր։ Մայրը՝ Թամարան, շքեղ արտաքինով, հյուրընկալ կին էր։

Սարգիսը ուներ երկու քույր և մեկ եղբայր, որոնց տվել է սեր, ուշադրություն և հարգանք։

Նրա ընտանիքը շատ ապահովված էր։ Մանկուց իվեր ծնողները կատարել են Սարգսի բոլոր ցանկությունները, շատ սիրել և հպարտացել են նրանով, փորձել են անել լավագույնը իրենց սիրելի որդու ապագայի համար։

Սարգիսը ջենթլմենին վայել կեցվածքով, բարձրահասակ, թիկնեղ, գեղեցկադեմ, պերճախոս, ընկերասեր և խիստ անձնավորություն էր, բայց չնայած իր խիստ կերպարին նա ուներ շատ նուրբ սիրտ, հոգատար վերաբերմունք իր բոլոր հարազատներին և ռոմանտիկ, որը աչքի էր ընկնում։

Նախնական կրթությունը ստացել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցում հետագայում սովորել է տեխնիկումում, բայց կրթությունը մնացել է անավարտ քանի որ 18 ամյա Սարգիսը զորակոչվել է բանակ իր պարտքը տալու հայրենիքին։

Հայրենիքին ծառայելուց հետո 20 տարեկան Սարգիսը ամուսնացել է Էջմիածին քաղաքի բնակչուհի՝ 17 ամյա Մարգարիտ Ասատրյանի հետ։ Ամուսնությունից հետո ծնվեցին զույգի երեք զավակները՝ Աննան, Կարինեն և Մնացականը։

Զավակների հուշերում Սարգիսը հոր կատարյալ կերպար էր, ում կողքին մշտապես ունեցել են պաշտպանվածության զգացողություն։ Նա վարպետորեն թաքցրել է իր բոլոր զգացմունքները շրջապատից թողնելով խիստ, կայուն, սկզբունքային, անդրդվելի մարդու տպավորություն, բայց իր երեխաների դեպքում շարունակ ցուցաբերել է անսահման սեր, ջերմություն, հոգատարություն։

Չափազանց հյուրասեր էր: Ինչպես նշում են հարազատները, չկար օր երբ իրենք հյուր չէին ընդունում։ Ամեն տուն մտնող մարդու ընդունում և պատվում էր լավագույն կերպով։

Միշտ ունեցել է համախմբող դեր, ողջ գերդաստանը իր շուրջն էր համախմբվում։ Ազգի մեջ կատարվող բոլոր արարողություններն ու խնջույքները չէին կարող համարվել լիարժեք առանց Սարգսի ներկայության, առանց նրա բաժակաճառերի, անակնկալների։

Սարգիսը ամուսնացնելով զավակներին դարձավ ութ թոռնիկների երջանիկ պապիկ։ Ցավոք վաղաժամ մահը նրան թույլ չտվեց տեսնել իր փոքր զույգ թոռնիկներին։ Սարգիսը հեռացավ կյանքից չտեսնելով Մնացականի որդուն, որի մասին այդքան երազում էր։ Սարգսի մահից հետո իր նորածիններից տղային ի պատիվ հոր Մնացականը անվանակոչեց Սարգիս։

Թոռների համար Սարգիս պապիկը բոլորովին ուրիշ էր։ Նա կարծես մի կողմ էր դրել ողջ խստությունը և նրանց տալիս էր իր մեջ կուտակված անսահման սերը։ Պապիկը թոռների ուժն ու հպարտությունն էր։ Թոռները հավելում են, որ իրենց մնացել է մի բան՝ ապրել իրենց պապիկի սովորեցրածին համարժեք կյանք։

Սարգիսը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին, 62 տարեկան հասակում քաղցկեղից։

Լուսանկարներ

Վկայություններ

Երկար տարիներ են անցել հորս ու մորս մահից, բայց կարոտը չի պակասել։ Թվում էր նման զգացողություն էլ երբեք չեմ ունենա, բայց ցավոք եղբորս մահը կրկնապատկեց այն։ Տարիքի հետ շատ էինք մտերմացել, կիսվում էր ինձ հետ, խորհրդակցում էինք։ Եղբայրս շատ բարեհոգի ու սրտացավ էր իմ նկատմամբ։ Զգում էի նրա անսահման սերը իմ նկատմամբ, որը փոխադարձ էր։ Շատ նրբանկատ էր, սիրում էր անակնկալներ անել։ Հաճախ այնպես էր հոգ տանում իմ մասին, կարծես անպաշտպան երեխա լինեի, և դա ինձ դուր էր գալիս։ Երանի՜ այդ օրերը... Կարոտում եմ քեզ Սաք ջան, շա՜տ եմ կարոտում...

Քրոջ՝ Անահիտի հուշերում

Ստեղծվել էր մարդն իր կյանքում,
Ապրելու, արարելու համար,
Րոպեները գալիս էին ու գնում,
Գարուններս մնացին անկատար,
Ինչու՞ փոխվեց կյանքիս ուղին,
Սա՞ էր արդյոք ճամփան իմ։

Քրոջ՝ Ամալիայի «Եղբորս հիշատակին» ակրոստիքոս

Դեռ մանկուց հայրս ինձ համար տղամարդու իդեալ էր։ Չունենալով բարձրագույն կրթություն, հայրս ինձ համար ամենախելացի, ամենաբանիմաց, ամենաազնվաբարո մարդն էր։

Այո՛ ինչպես բոլոր մարդկանց մոտ, եղել են պահեր երբ հայրս սխալվել է, բայց ես հազար ու մի պատճառ եմ գտել նրան արդարացնելու համար, որովհետև «ՀԱՅՐՍ» էր։

Հպարտանում էի նրանով... նույնիսկ որդիներիս համար հորս օրինակ էի դարձրել։

Վերջերս շատ էինք ընկերացել։ Կիսվում էր ինձ հետ, ամեն կերպ փորձում էր լրացնել երիտասարդ տարիների բացթողումները։

Վերջին անգամ գնացինք Հանքավան հանգստանալու։ Շա՜տ հոգնած տեսք ուներ (հետո հասկացանք, որ չարաբաստիկ հիվանդությունը արդեն կրծում էր ներսից), բայց իր էության համաձայն, վերջին ճիգերով էլի հոգ էր տանում բոլոր նրանց համար ում սիրում էր։ Հայրս «ՍԵՐ» էր։

Երբ տանս պետք է խնջույք լիներ ցուցակի առաջին շարքում գրում էի հորս սիրած ոսկորոտ միսն, ձկան գլուխը, դե դեղձի կոմպոտն էլ միշտ իր համար հատուկ պահված էր։

Հայրս մահացավ ու այդ օրվանից խնջույքներն այլևս շունչ չունեն։ Հայրս մահացավ... մի տեսակ լռություն է...

Ավագ դստեր՝ Աննայի հուշերում

Շատ սիրել և սիրում եմ հորս։ Նրան մոտեցել եմ ակնածանքով և խոր հարգանքով։ Նա ինձ համար հեղինակություն էր, իմ մեծությունն էր։ Նրա խիստ կերպարի մեջ առանձնանում էին թաղծոտ աչքերը, որտեղ երևում էր նրա թաքնված նուրբ էությունը։ Առաջին անգամ երբ ես ճաշակեցի ՑԱՎ բառը իր բոլոր երանգներով, հորս մահն էր, ինչից հետո մնացած ցավերը կարծես լռեցին...

Դստեր՝ Կարինեի հուշերում

Հայրս սիրում էր խորհուրդներ տալ։ Միշտ լինում էր այնտեղ, որտեղ կար իր կարիքը և այնքան նվիրված էր, որ ամեն միջոց կներդներ իր կարիքը ունեցող մարդու համար։ Շատ ընկերասեր էր և էությամբ ռոմանտիկ։ Հուշերումս առանձնանում է նրա սկզբունքայնությունը և հավատարմությունը սեփական կարծիքին, ուշադրություն դրսևորելու կարողությունը անգամ այն ժամանակ երբ միջոցներ չուներ։

Շատ եմ վիճել հորս հետ ֆինանսական հարցերում նրա շռայլության համար, բայց տարիներ անց հասկացա իր էությունը առատաձեռնությունն է և երազանք ունեի նրան նվիրել ճամփորդություն դեպի Եգիպտոս։ Շատ եմ կարոտել, կցանկանայի առնվազն 10 տարի նրան տեսնել իմ կողքին։

Որդու՝ Մնացականի հուշերում

Շիրիմի գտնվելու վայրը