Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Հենրիկ Սերգեյի Էլոյան

Հենրիկ Սերգեյի Էլոյան

44-օրյա պատերազմի հերոս

Հենրիկը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, մարտի ընթացքում վիրավոր զինակիցներին քաջաբար օգնություն ցուցաբերելիս:

Հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով, «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում զինվորական պանթեոնում։

Կյանքը

Հենրիկը ծնվել է 2001 թ.-ի մայիսի 25-ին քաղաք Աբովյանում։ Հայրը՝ Սերգեյ Էլոյանը, բնավորությամբ բարի, հանգիստ, հավասակշռված, ուժեղ կամքի տեր և լռակյաց մարդ է։ Մայրը՝ Համեստ Վարդանյանն է։ Իր նմանները շատ քիչ են, միակ որդու կորստից հետո չի չարացել մարդկանց և աշխարհի հանդեպ, չի ցավեցնում և չի մեղադրում ոչ ոքի, լուռ իր ցավն է տանում։ Հենրիկն ունի երկու ավագ քույր՝ Սեդա Վարդանյանը և Լիաննա Էլոյանը։

Շատ ակտիվ, չարաճճի, աշխույժ և ժպտերես երեխա է եղել։ Կյանքով լեցուն էր, հայրենասեր, ընկերներին նվիրված...

Նախնական կրթությունը ստացել է Գրիգոր Նարեկացու անվան №137 դպրոցում, այնուհետև տեղափոխվել է №45 դպրոց։ Սովորել է ՀԱԱՀ վարժարանում։ Ավարտելով ՀԱԱհ֊ի վարժարանը՝ ընդունվել է ՀԱԱՀ համալսարան։

Բանակային կյանք

02.07.2019թ.՝ բանակ զորակոչվելուց հետո երբեք չի բողոքել, ծառայել է 59703 զորամասում և հերոսաբար զոհվել է 44-օրյա պատերազմում։ 2020թ. հոկտեմբերի 20-ից՝ 9-րդ Պաշտպանական շրջանի 3-րդ հրաձգային գումարտակը ըստ տրված մարտական խնդրի զբաղեցրել է Կարմիր շուկա - Շեխեր խաչմերուկին հարակից բարձունքները և անցել պաշտպանության։ 3-րդ ՀԳմ-ի անձնակազմին շուրջ մեկ շաբաթ հաջողվել է կասեցնել հակառակորդին և նրա կողմից ձեռնարկված 5-7 գրոհները։

Հոկտեմբերի 28-ին հակառակորդի կողմից կիրառված անօդաչու հարվածային սարքերի, ՏՈՍ համակարգի և հրետանային գրոհների արդյունքում անձնակազմը ունեցել է անդառնալի կուրուստներ։ Հենրիկը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, մարտի ընթացքում վիրավոր զինակիցներին քաջաբար օգնություն ցուցաբերելիս:

Հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով, «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում զինվորական պանթեոնում։

Լուսանկարներ

Տեսադարան

Վկայություններ

2018թ.-ին Հենրիկը սովորում էր ավտոդպրոցում, շատ հաճախ դասի գնալու փոխարեն գալիս էր մեր տուն, մենք իրար հետ սրճում էինք, գնում զբոսնելու, հետաքրքրիր ժամանակ էինք անցկացնում։

Հորաքրոջ՝ Արմենուհի Թովմասյանի հուշերում

Ամանորին եղբորս ընտանիքը եկել էր մեր տուն ամանորը շնորհավերելու, դուրս եկանք որ իրենց ճանապարհեմ եղբորս որդու՝ Հենրիկի հետ ձյունով խաղում էինք ու «թավալ» տալիս դրանց մեջ, դա եղավ իմ վերջին ձյունով խաղալը։

Հորաքրոջ՝ Հասմիկ Էլոյանի հուշերում

Քեռին 2020թ.-ին վերջին անգամ իմ ծննդյան օրնա եկել շնորհավորել ու ինձ համարա տորթ գնել։

Քրոջ դստեր՝ Սուսաննայի հուշերում

Հեն Դու ՀԵՐՈՍ ԵՍ

- Չէ´ (համարյա թե գոռալով)...

- Բա Հերոսներն ովքե՞ր են: Պապան ասումա ով մարտի դաշտում կռվումա՝ Հերոսա:

- Նար ես հերոս չեմ: Հերոսները ընկած Տղերքն են, ովքեր հիմա Եռաբլուրում են: Խոստանում եմ, երբ էս ամեն ինչն ավարտվի միասին գնալու ենք Եռաբլուր, որ ծանոթանաս մեր Հերոսների հետ: Նրանք իմ ընկերներն են, իմ զինակից ընկերները ու մենք բոլորս նրանց պիտի ճանաչենք անուն առ անուն:

Հորաքրոջ որդու՝ Նարեկի հուշերում

Հիշում եմ, որ ամեն սեպտեմբերի 1-ին մայրիկը առավոտյան շատ շուտ էր մեզ արթնացնում, պատրաստում դպրոց գնալուն: Հագցնում էր ճեփ-ճերմակ, կոկիկ արթուկված մեր վերնաշապիկները, քեզ՝ սև տաբատ, իսկ ինձ՝ սև կիսաշրջազգեստ, թիթիզ բանտիկներով գուլպաներ և ուղարկում դպրոց: Այնքան լուսավոր են հիշողություններս, որ անսահման անհոգության գիրկն եմ ընկնում, երբ հիշում եմ այդ օրերը: Գիտե՞ք ակամայից մի դեպք հիշեցի, երբ դպրոցական տարիներին շարադրությունների, թելադրությունների և ստուգողական աշխատանքների ժամանակ վազելով բարձրանում էինք չորրորդ հարկ, Սեդայից ուզում իր գրիչը: Ինքը մեզ միշտ տալիս էր ուրիշ գրիչներ, բայց մենք հենց այն էինք ուզում, որով որ ինքն էր գրում, որը իր սիրելի ու անբաժան գրիչն էր:Մենք գիտեյինք, թե այդ գրիչը, որը Սեդայի անբաժան էր՝ գերազանցիկ գրիչ էր: Մեզ թվում էր, որ մեր տառասխալները ինքն իրեն կուղղվեն, եթե գրենք հենց այդ գրիչով:Ամեն անգամ, երբ մենք դուրս էինք գալիս մեր պատկերացումներից ու գիտակցում, որ այդ գրիչը մնացած բոլոր գրիչների պես սովորական գրիչ էր՝ հասարակ խանութից գնված, մենք հիասթափվում էինք, սակայն հաջորդ անգամ նորից նույն պատկերացումներով վազում Սեդայի մոտ ակնկալելով, որ գոնե այս անգամ մեզ բաժին կհասնի մեր պատկերացումների անսախալ ու Գերազանցիկ հենց այն գրիչը: Ամեն անգամ պսպղուն, կլորացած աչքերով վազելով մոտենում էինք Սեդային ու ասում.

- Սե՜դ, էն գրիչդ կտա՞ս Գերազանցիկի: Ստուգողական ունենք:

Ամեն անգամ, երբ մեր սովորության համաձայն չարություններ էինք անում դպրոցում ուսուցիչները էլ չէին զանգում մամային կամ պապային ու կանչում դպրոց, միանգամից գնում էին տատիկի մոտ: Տատիկն ամեն անգամ մեզ վրա ջղայնանում էր, բայց երբ որ տեսնում էր կյանքից դժգոհ ու մեր մռութները կախ դեմքերը, մոտենում էր, գրկում ու համբուրում: Արդյունքում մենք այդ ջերմությունից առիթավորվում էին, իսկ մեր վարքի վերաբերյալ տատիկի ասածները ու նախատանքը շատ արագ մոռանում ու լուրջ չէինք վերաբերվում: Անցան տարիներ: Թվում է, թե այսօրվա դպրոց շտապող երեխաների մեջ ես ու եղբայրս ենք՝ ձեռք ձեռքի բռնած: Անասելի կարոտում եմ օրերը մեր խենթ ու խելառ մանկության, դպրոցական կյանքի, լավ ու վատ օրերի, ստուգողականներից վախենալու ու հույսներս Գերազանցիկ գրիչի վրա դնելու մեր ապարդյուն փորձերը: Ամենաանհոգ օրերը մեր չեն վերադառնում, իսկ հուշերը միևնույն ժամանակ և´ ուրախացնում, և´ հուզում ու տխրացնում են մեզ՝ ամեն անգամ հիշեցնելով, որ էլ մանուկ չենք լինելու:

Քրոջ՝ Լիաննաի հուշերում

Ես ու ՀԵՆՈՆ իրար հետ ենք ծառայել, նույն դիրքն ենք պահել, շատ տպավորված եմ՝ իր պես զինվոր քիչ կար, շատ բանա արել իմ ու մյուսների համար, շատ ուրախ եմ, որ ծառայել եմ նման ՀԵՐՈՍԻ հետ։

Ծառայակից ընկերոջ՝ Արսենի հուշերում

Պատերազմի որերորդ օրն էր կդժարանամ հիշել. առավոտվա ժամ էր, գիշերային մարտից հետո կորուստներն էինք հաշվում... զենքերն էինք իմի բերում, հավաքում, մռայլ վիճակում էինք. նկատեցի դիմացս Էլոյանին, տեսնեմ ինքը նիհար-նիհար, փոշու մեջ կորած, իրենից մեծ գնդացիր է վերցրել, զինամթերքի լիցքավորված շղթաներն էլ փաթաթել վրան ու ինքը կորել էդ պատկերի մեջ, մռայլ էի բայց ստիպեց ժպտալ, միշտ էդպիսիս էր, իր ուժերից վեր առաջադրանքներ են անում՝ իր կամքով, հայտնվում էր ամենաբարդ տեղերում, ու միշտ ժպիտը դեմքին, մեզ էլ էր ստիպում ժպտալ:

Հրամանատար՝ Ռաֆայել Քալաշյանի հուշերում

Սիրելի թոռնիկ շատ եմ կարոտել, չգիտեմ ինչպե՞ս կարոտս առնեմ։ Իմ սիրելի թոռնիկ ես մտքումս եմ պահել քո բերած պաղպաղակը, դեռ համը բերանումս է, չեմ մոռանում։ Ամեն գալուց զանգում էիր ասելով.

- Տատ ինչ բերեմ քեզ, տատիկ լվանալու բան կա դիր գամ տանեմ մաման լվանա։

Գրպանում ծամոն էր պահում, հենց տեսնում էինք ինձ էր տալիս։ Շատ բան կա հիշելու իմ տարբերվող և եզակի թոռնիկ:

Սիրանուշ տատիկի հուշերում

Առաջին դասին ես ձեզ կարդացի Անտուան դը Սենտի-Էքզյուպերի աղոթքը, սովորեցրի փոքր քայլերի արվեստը, իսկ դու, չգիտես ինչու, թռչել էիր ուզում, վազել, շտապել։ Շտապում էիր ու՞ր․․․ Հիմա ակամա նայում եմ երկինք, նայում, որ տեսնեմ՝ որտե՞ղ են աստղերը շատ պայծառ ու լուսավոր․․․ Ո՞ր կետում է երկինքը ամենավառ լույսով լցված։ Հենց այդ կետում ես դու։ Վստահ եմ։ Այլ կերպ հնարավոր չէ, չի կարող լինել։ Դասերը հիմա շատ են անգույն, աղքատ։ Հենրիկ ջան, իմ կապույտ աչքերով անու՛շ տղա, ուզում եմ պատմել քո համեստությունից,սրտացավությունից։ Պատմել անչափ օրինավոր ու օրինակելի լինելու մասին։ Պատմել քո մասին նույնն է, թէ պատմել լույսի մասին։

Բառերս խեղճանում են, կուչ են գալիս, անզոր ու թևաթափ։ Մեր Հենրիկը՝ բարի, անսահման բարի։ Հենրիկ ջան,խաղաղությունն հենց քո դեմքն ունի, ճիշտ ու ճիշտ քո դիմագծերն։ Քո լուսավոր, անմեղ ժպիտը։ Պարտաճանանչ տղա,հերոս տղա, դու ոչ մի տեղ չես գնացել, դու կաս, կաք բելորդ հավերժ մեզ հետ։ Հավերժորեն ձուլված մեր ներկային և ապագային։ Կաս ու կապրես այնքան ժամանակ ինչքան կապրի լույսն ու երկինքը կապույտ։ Այլևս հավերժի խաղաղապահ զինվոր։

Դասղեկ՝ տիկին Եսայանի հուշերում

Դպրոց եկավ մի շիկահեր, կապուտաչյա փոքրիկ՝ չարաճճի ու կյանքով լեցուն։ Այդ փոքրիկ մարմնում կար մեծ հոգի, բարություն և մանկան պարզություն։ Հենրիկի աչքերը միշտ փայլում էին, կարծես լուսավոր մի կետ լիներ, մի շող՝ շուրջ բոլորը տարածելով ջերմություն։ Պատերազմը մեզնից խլեց մեր սաներին, որոնք մեզ համար, մեր գոյության համար դարձան հառնող աստղ և աղոթք։ Հայրենիքն ապրում է Հենրիկի նմանների շնորհիվ։ Նրանք անմար աստղերի նման հավերժանալու են։ Հավերժ խոնարհում և փառք մեր քաջորդիներին։

Դասղեկ ՝ Ա․ Գրիգորյանի հուշերում

Трудно, когда приходится писать после… Когда взрослые пишут после, это несправедливо… Говорят, время лечит, но я думаю, что время лишь притупляет боль… Вот уже целую неделю сижу над тетрадью и никак не могу начать писать… Сижу с заплаканными глазами, перед которыми встает образ этого любознательного со светлой, детской улыбкой невысокого мальчика в очках, который сидит за первой партой (не знаю, как на остальных уроках), и даже на перемену не выходит из класса, потому что следующие урок русского языка (литературы), и он заготовил много интересных вопросов, которые мы должныбыли обсуждать на уроке (в 12 классе я старалась больше вызывать их на разговор нежели спрашивать правила).

Говорили о любви, о дружбе о взаимовыручке, о смысле жизни, о „лишних людях”, не только в литературе, но и в жизни. Только тогда мы не подозревали, что что вскоре должен быть написан новый роман „Герой нашего времени”, где герой — это наш солдат, это наши ученики такие же простые, славные, воспитанные мальчики, каким был наш Генрих (страшно писать „был”). Помню однажды, когда разговор зашел о любви к Родине, Генрих вспомнил слова Инсарова („Накануне”): Это еще не известно люблю ли я родину? Вот когда кто-нибудь из нас умрет за неё, тогда можно будет сказать, что мы её любили, — И глаза его загорались такими огнями, что мне стало даже не по себе. — Освободить свою родину! Эти слова даже выговорить страшно, как они велики… Я заметил, что все вдруг замерли и смотрели на него с восхищенными глазами. Один из учеников даже сказал: „Генрих, ты как Данко!” Этот хрупкий непримечательный мальчик, вдруг вырос в их глазах, и все захлопали. Догадываюсь что чувствовал в этот момент каждый из нас… Я горжусь что в моей судьбе были такие ученики, как Ты... Много будет таких людей, которые прочитают молитву за тебя. Пусть жизнь твоя и была коротка, но стоит она много… Ты всегда будешь в наших сердцах, как и тысячи наших ребят, отдавших свою только что начатую жизнь во благо своей Родины. Я даже ни секунды не сомневаюсь, что ты сознательно шёл на бой. Я преклоняюсь пред Тобой, мой любимый (знаю, что это было взаимно) ученик, мой Учитель… И всё звучат в ушах слова: „Вот когда кто-нибудь из нас умрет за неё…”Покойся с миром, мой славный, добрый, порядочный, честный, светлый, мальчик…

Ռուսերենի ուսուցչուհու հուշերում

ԴՐՎԱԳ՝ 9-ՐԴ ՊՇ 3-ՐԴ ՀԳՄ 7-ՐԴ ՀՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՋՈԿԻ ՌԱԴԻՈՀԵՌԱԽՈՍԱՎԱՐ ՇԱՐՔԱՅԻՆ ՀԵՆՐԻԿ ՍԵՐԳԵՅԻ ԷԼՈՅԱՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՈՒՂՈՒՑ

Պատերազմը սկսվելուց մեկ կամ երկու հերթափոխ առաջ էր. համաձայն մարտական պատրաստության պլանով նախատեսված պարապմունքերի 7-րդ հրաձգային վաշտի պաշտպանության հենակետում գիշերային պայմաններում պատրաստվում էինք իրականացնել դասակի կրակի կառավարման մարզումներ մարտական հրաձգությամբ, նման պարապմունքներ մարտական հերթապահության ընթացքում պարբերաբար իրականացնում էինք, սակայն հերթական պարապմունքը պիտի լիներ մարտական հրաձգությամբ, որը մեծ ոգևորվածություն էր առաջացրել 7-րդ վաշտի անձնակազմի մոտ, ինչից «հետ չէր մնացել» նաև Էլոյանը, որը վաշտի կապավորն էր և հատուկ գործառույթներ պետք ունենար այդ պարապմունքի ընթացքում:

Վաշտի հրամանատարի հետ միասին գտնվում էիք վաշտի հրամանատարական դիտակետում՝ 105 մարտական դիրքի շրջանում, ավարտել էինք վաշտի անձնակազմի նախապատրաստման մասը և արդեն պիտի անցնեինք վաշտի կապը կազմակերպելուն, բայց ուշանում էիք պարապմունքը սկսելու նշված ժամից, վաշտի ռադիոհեռախոսավարը չկար. արդեն հասցրել էինք բավականին նյարդայնանալ երբ հայտնվեց մեր ժպտերես կապավորը՝ լրիվ հանդերձանքով, զենքով, կարմրած-քրտնամխած, եթե չչափազանցնեմ վաշտի ղեկավարման համար անհրաժեշտ բոլոր տեսակի կապի միջոցները վրան հարմարեցրած, իսկ ձեռքին ծանրաքաշ դաշտային կապի մետաղյա հանգույցը մի քանի տասնյակ մետր կապի մալուխով, ուղղակի հնարավոր չեղավ զսպվել, ուշանալու համար դիտողություն անելու փոխարեն ահագին ծիծաղեցինք, ինքն էլ մեր հետ միասին քմծիծաղում էր, ակնոցների ապակիների տակից աշխուժորեն այս ու այն կողմ նայելով, ուզում էր ասել «բա գիտեք հեշտ է էսքան կապի միջոցները իր ամեն ինչով տանել-բերելը». այնուամենայնիվ, որպեսզի լիարժեք տիրապետի իր հաստիքային գործառույթներին այդչափ կարևոր մարտական պարապմունքի ժամանակ և հետագայում հարկ եղած դեպքում կիրառի, կարճ հրահանգավորումից հետո խիստ ձայնով ցուցում տվեցի արագ ծավալել բոլոր տեսակի կապի միջոցները, ուղղել ռադիոկայանների հաճախականությունները, ստուգել կապը դիրքերի հետ և զեկուցել վաշտի հրամանատարին պատրաստության մասին:

Մի քանի րոպե դեռ չէր անցել խրոխտ ձայնով զեկուցեց «պատրաստ». շատ-շատ բաներ զգացի այդ «պատրաստ»-ի մեջ և պատրաստություն, և պատրաստականություն, և վճռականություն, և ոգևորվածություն, և փութաջանություն և մի յուրահատուկ մարտական կամք, ըստ երևույթին: Պարապմունքի ողջ ընթացքում փայլեց, իր արագությամբ և հնարամտությամբ:

Ով կարող էր պատկերացնել որ օրեր անց նույն դիտակետում իր վաշտի հրամանատարի հետ կղեկավարեր իրական մարտը...նույն ոգևորվածությամբ, նույն աշխույժ աչքերով և մարտական կամքով:

9-րդ պաշտպանական շրջանի 3-րդ հրաձգային գումարտակը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը իր պաշտպանության շրջանում վեց գիշեր և յոթ ցերեկ համառ դիմադրություն է ցույց տվել հակառակորդին, որից հետո գումարտակին առաջադրվել են այլ մարտական խնդիրներ:

ՊՇ 3 ՀԳՄ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Հենրիկի հետ կապված հուշերը շատ են, բայց կա մեկը որը կարծես երեկ լիներ։ Իրենք միշտ Երևանում են ապրել՝ շենքում մեր տունը սեփական է և առիթների ժամանակ հավաքվում ենք բոլոր բարեկամներով։ Հերթական առիթն էր,հավաքվել էինք մեր տանը նշելու։ Հենրիկը շատ ակտիվ,աշխուժ երեխա էր փոքր տարիքում, վազվզում էին ամբողջ բակով մեկ իրենց երեխայությունն էին անում, երբ Հենրիկը տան երկրորդ հարկից ցատկեց ներքև և սկսեց բարձրաձայն ծիծաղելով, որը հատուկ էր իրեն բակով մեկ վազվզել։

Հորեղբոր՝ Արսենի հուշերում

Հենրիկը մեր երեխաների մեջ ամենաակտիվն է, ամենալուսավորը, հիշողությունները շատ են։ Ուսանողական տարիներիս իրենց տանն էի ապրում։ Հիշում եմ, երբ ես ծառայության էի գնացել, իրենք փոքր էին հազիվ կապի էի կարողացել գտնել զանգել էի, որ խոսեի հետները հիշեցնեի, որ խելոք պետք է մնան։ Հենրիկը հեռախոս վերցրեց մոր ձեռքից ու սկսեց պատմել շատ արագ թէ ինչ է հասցրել անել իմ բացակայության ընդացքում։

Հորեղբոր որդու՝ Արմենի հուշերում

Հենրիկը մեր տանն էր ինձ օգնում էր դասերիս պատարաստվել, ինձ պատմողական առարկաների սովորելու հեշտ տարբերակն էր սովորեցրել և ես միչև հիմա դասերս սովորելուց իր սովորացրած կերպ եմ սովորում։

Հորաքրոջ որդու՝ Էրիկի հուշերում

Առիթի էինք, գնացել էինք Խոր Վիրապ: Մենքենաս նոր էի գնել, ինքը իր հավաքած գումարով մեքնեայիս համար խաչ է գնել ու բերել կախել։ Այդ խաչը միչև այսօր աչքիս լույսի պես պահում եմ։

Քեռու որդու՝ Աթանի հուշերում

Ամեն անգամ երբ պետք էր երեխուն իրեր ուղղարկեինք զորամաս հարսիս ասում էի թող ես գաթա թխեմ, մի անգամ Հենոս զանգեց ասեց քեռակին ջան ես քո թխած գաթեն շատ եմ սիրում շաքարավազը շատ գցի էլի ես շատ եմ քաղցրը սիրում։ Հիմա երբ գաթա եմ թխում պարբերաբար մի հատ էլ շատ քաղցր եմ թխում երեխու բաժինը ու բաժանում մեր բակի փոքր երեխեքին։

Քեռակնոջ՝ Նվարդի հուշերում

Մի անգամ, երբ Հենրիկը եկել էր մեզ հյուր մենք նրան հարցրեցինք.

- Ինչպե՞ս ես հերոս։

- Ես հերոս չեմ՝ հերոսները գտնվում են Եռաբլուրում։

Հորաքրոջ՝ Անահիտ Թովմասյանի հուշերում

Հենրիկը շատ էր սիրում մեքենա վարել, մի անգամ նա մեզ հետ գալիս էր մեր տուն և ճանապարհին վարում էր մեր մեքենան, նա շատ լավ էր վարում և ինձ խոստացավ, երբ ունենա իր սեփական մեքենան ինձ վարել կսովորեցնի։

Հորաքրոջ դստեր՝ Լիաննայի հուշերում

Ես ու Հենրիկը շատ էինք սիրում միասին խաղալ, բայց կռվի տեսքով, մենք անընդհատ կռվում էինք իրար հետ, բայց շատ էինք սիրում իրար։ Միշտ խաղում էինք բռնոցի և նա շատ ակտիվ էր բայց մեկ է ես կարողանում էի փախչել նրանից։

Հորաքրոջ որդու՝ Վաչեի հուշերում

Եռագույնով էր փաթաթված Հենրիկը քաջ հերոսացած,
20 տարին չբոլորած արդեն ապրում ենք անունով քո թողած,
Չարաբաստիկ 28ը հոկտեմբերի խլեց կյանքը հայոց նվիրյալ քաջի։
Երևանից միչև Ջաբրահիլ սև ուղի,Հենրիկն ընկավ հանուն ազգի մայր հողի։

Տողեր նվիրված Հենրիկին

Հոկտեմբերի 28֊ը դաժան էր։ Պատերազմը խլեց քեզ մեզանից։ Դաժան է ամեն բան։ Հարազատ հոգիներ՝ քույր ու եղբայր բաժանեց պատերազմը։ Իմ՝ խելացի, բարի, հայրենասեր եղբայր։ Դու ինձ համար ուրիշ էիր, ուրիշ, որովհետև դու իմ ամենաթանկն էիր։ Գիտե՞ս,շատ եմ կարոտում ,կարոտում եմ անգամ մեր խենթ վեճերը, կարոտում եմ ամեն պահ ու ակընթարթ։ Երանի կարողանաի մի երազանք իրականություն դարձնեի, Աստծուն կխնդրեի,որ տղերքը ետ վերադառնաին իրենց տները, սակայն դա անհնար է։ Դուք էլ չկաք,դուք բոլորդ հանուն մեզ ու բոլորի դարձաք հերոսներ։ Իմ հայրենասեր եղբայր,անգամ վիրավորվելդ չխանգարեց ,անգամ վիրավոր մասնակցեցիր պատերազմին։ Ընկերներիդ մենակ չթողեցիր,կռվեցիր նրանց կողքին, նրանց հետ էլ անմահացար։ Իմ անթերի, բարի, հայրենասեր ու ընկերասեր եղբայր, կարոտել եմ, շա՜տ եմ կարոտել... Աստված իմ խնդրում եմ թող էլ պատերազմ չլինի, թող էլ ոչ մի մայր չդառնա որդեկորույս, թող ոչ մի սիրող սիրտ չկոտրվի, թող ոչ մի քույր չզգա եղբոր կորուստ։ Թող լռեն բոլոր զենքերը,ազգս շատ է տառապել ու շատ կորուստ է ունեցել...

Եղբորն ուղղված խոսք քույրիկից

Վիրավորվեց եղբայրն իմ այսօր,
Իր ընկերներին փրկելու ժամանակ,
Այս ի՞նչ կյանք է, դառն ու անսովոր,
Խոնարհումով՝ հավերժ հիշատակ։

Այդ վերքերն ի՞նչ էին հոգու վերքերից,
Երբ հայրենիքն էր նրա վտանգված,
Կիսատ դուրս եկավ հիվանդանոցից,
Եվ գնաց կռվին իր կիսատ թողած։

Գնաց ու կռվեց հաղթելով մահին,
Փրկելով հայրենիքը չարիքից,
Անունը գրեց հայոց սահմանին,
Հերոսացավ՝ անկախ տարիքից։

Եղբորն ուղղված խոսք քույրիկից

Ամանոր...

Նոր Տարի....

Երբ մոտենում է այդ տոնը ակամա հիշում եմ ոնց էինք դիմավորում 2020-ը: Դա վերջին ամանորն էր, երբ ամբողջ ընտանիքս ներկա էր: Ընտնիքիս անդամների դեմքին ժպիտ էր: Բոլորս մեծ պլաններ ունեինք 2020-ի հետ կապված: Ամենաերջանիկը Դու էիր Հեն: Խնամքով հավաքած ամանորյա զարդերն անձամբ բացեցիր և այդ խառը եռուզեռի ժամանակ ստիպեցիր ժամանակ գտնել ու զարդարել տունը՝ ինքդ էլ խնամքով հավաքեցիր, խոստանալով, որ մյուս ամանորին ամեն ինչ կանես, որ արձակուրդ գաս ու նորից հանես զարդերն ամանորյա։

2020-ը միանշանակ չարդարացրեց ոչ ոքիս հույսերը։

2020-ը սկսվեց համաճարակով, իսկ երբ գրեթե բոլորս հաղթահարեցինք այդ բարդ փուլը սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Պատերազմն անտարբեր չի անցել ոչ մի հայ ընտանիքի կողքով: Բոլորն ունեն կորուստներ։ Մեր տան կողքով պատերազմը հոկտեմբերի 7-ին թեթև անցավ՝ դու վրավորվեցիր, բայց մենք մի պահ խորը շունչ քաշեցինք գիտակցելով, որ զոհերը շատ էին իսկ դու վիրավոր էիր։ Եկար արձակուրդ, բոլորը գալիս էին քեզ տեսնելու, բոլորի հետ նստում էիր, խոսում, անձամբ ճանապարհում հյուրերին։

Հոկտեմբերի 23-ին Քո հետ մեր բոլորի վերջին հանդիպումն էր։

Հոկտեմբերի 24-ին նորից վերադարձար հոսպիտալ: Բոլորս անհամբեր սպասում էինք, երբ են բերելու Երևան, այն ինչ մեր սպասելիքները հոդս ցնդեցին քո մի զանգով.

- Ինձ տանում են Արցախ, հասնեմ կզանգեմ։

Սկսվեց խառնաշփոթը բայց դա դեռ ամենը չէր։

Հեկտեմբերի 28-ին Դու և Քո հերոս ընկերները ընտրեցիք ոչ թէ տուն գալու՝ այլ տնից հավերժ հեռուն տանող ճանապարհը: Դուք անմահացաք։

Հիշում եմ զոհվելուդ ժամին խառն էր ամեն ինչ: Մաման իրա կողմից էր անընդհատ փորձում կապվել քեզ հետ, պապան մյուս կողմից, բայց ապարդյուն: Բոլորիս զանգերն ու հաղորդագրությունները մնում էին անպատասխան։

Սև լուրը մեզ հասավ նոյեմբերի 2-ին: Սկսեցին քեզ փնտրել հնարավոր և անհնար թվացող բոլոր վայրերում։

Եկավ դեկտեմբեր ամիսը: Քեզ դեռ փնտրում էինք: Անընդհատ խոսում էինք ես, Սեդան ու Արմինեն ու մտածում, թե ախր ոնց կարող էր Քեզ ինչոր բան լինել: Մտածում էինք, որ Դու շատ ճարպիկն ես, հաստատ մի ելք գտել ես, փրկվել ես ու սպասում էինք ամանորյա հրաշքին... Այդ օրվանից հրաշքների չեմ հավատում, խոստումների ևս... Հրաշքներ եթե իրականում լինեին Դու հիմա մեր կողքին կլինեիր... Խոստումներ... ախր դու անձամբ խոստացար որ գալու ես...Այս տարի խնամքով պահած ամանորյա զարդերը ինձ իրավունք եմ վերապահել բացել... Ինչպես Դու էիր սիրում լույսերը պատուհանին կախել՝ Քո փոխարեն ես եմ արել... Թիթիզ բանծիկներ վարագույրին՝ դա էլ եմ արել... Ամանորը խորհրդանշող եղևնի՝ դա էլ... Բայց մի տարբերությամբ: Այս անգամ այդ ամենը քո սենյակում, թանգարան բոլոր տուն եկողների համար...

Ասում էիր ուղիղ 00։00-ին երազանքներն կատարվում են: Հիմա իմ երազանքը Դու ես,որ կողքիս լինես...

Իմ անկատար երազանք...

Քույրիկի սրտի խոսքերը

Հայոց աշխար,երկիր՝ Հայաստան,
Ի՞նչ կատարվեց,ա՜խր չիմացանք,
Դաժան էր,դաժան,կյանքը՝ անիրավ,
Մարեց ծուխերը հայ օջախների։

Անգութ պատերազմ,եղար շատ դաժան,
Խլեցիր մեզնից ամենաթանկին,
Չբավարարվեցիր տերևաթափով,
Պոկեցիր,տարար ճյուղերը ծառի։

Աշուն՝ դաժան,անգութ եղար,
Բյուր մայրերին չխղճացիր,
Ցավ տառապանք հոգիներին,
Տվիր անձայն ու գնացիր։

Սև է պատել հայ մայրերին,
Ու բալասան չունեն նրանք,
Ծնեցին քաջ,հերոս տղերք,
Ու հանձնեցին Հայոց հողին։

Իմ թանկ Հենրիկ,հերոս եղբայր,
Երազանքներ ունեիր բազում,
Բայց մնացին՝ կիսատ,թերի,
Մարտում ընկար՝ չնահանջիր։

Մեր քաջերը ՝ Հայաստանում վեհ ծնվեցին,
Բայց Արցախումէ հերոսացան,հերոս դարձան,
Ես չէի ուզում անմահանաիր,հերոսանաիր,
Միայն կուզեի,որ ետ տուն գաիր,դու տուն դառնաիր։

Երազանքդ էր դառնալ ծրագրավորող,
Իմ բարի,իմ քաջ,իմ հերոս եղբայր,
Հայրենասեր էիր ու այնք՜ան խիզախ,
Վիրավորվեցիր,բայց՝ չնահանջիր։

Կռվեցիր ու պայքարեցիր հանուն հողի,
Հողն էլ գրկեց հեռուն տարավ քեզ բոլորից,
Պայքար տարաք հայրենիքի,ազատության,
Անմահացաք,հերոս դարձաք դուք մեզ համար։

Տողեր նվիրված Հենրիկին

Հերոսները մեր էլ ո՞նց են լինում
Պաշտպանելով տունն իրենց հայրենի,
Անվախ նայելով մահվան աչքերին,
Գիտակցելով, անշուշտ, թե ո՞ւր են գնում։

Աբովյան քաղաքում ևս մեկ որդի
Լույս աշխարհ եկավ որպես մի հերոս,
Ժպտերես էր նա և այնքան բարի,
Փորձեց ամոքել վերքերն իր ազգի։

Նպատակ ուներ՝ դառնալ գինեգործ,
Որ գինով օծեր իր ճանապարհը,
Բայց պատերազմում այդ՝ կրակ ու բոց,
Իր արյամբ օծեց հայոց աշխարհը։

Ջրականում՝ երբ մարտի բռնվեց,
Թշնամուն փռեց տասից ավելի,
Նպատակները՝ ետևում թողեց,
Ոգին ուժեղ էր հերոս մարտիկի։

Դուրս բերեց մարտից իր ընկերներին,
Ստանալով բեկորային վնասվածք,
Նրանց հոսպիտալ, երբ տեղափոխեցին
Կարծեցին պրծավ կռիվն անվնաս։

Բայց իր բուժումը նա կիսատ թողեց,
Եվ կրկին գնաց կիսատ իր կռվին,
Իր բաժին կռիվը կրկին հաղթեց,
Եվ անմահացավ հերոս հայորդին։

Տողեր նվիրված Հենրիկին

Պատերազմ չունեցող երկրներում երիտասարդները ծննդյան օրը այլ կերպ են նշում, նշում են բարձրաձայն ծիծաղով, ուրախ երաժշտությամբ ու իրենց ֆիզիկական ներկայությամբ։

Պատերազմ չունեցող երկրներում առաջին կենացը խաղաղ երկնքի համար չեն ասում ու տորթի մոմերը փչելիս անձնական երազանքներ են պահում։

Պատերազմ չունեցող երկրներում տորթն այդպես էլ սառը քարին չի մնում։ Ու տոնական փուչիկները օդ են բարձրանում ոչ մեր նման հոբերիալին գտնելու այլ երազանքի կատարման աստղին հասնելու համար…

Երանի այդ երկրներին…

Ափսոսանքի խոսքեր

Շիրիմի գտնվելու վայրը