Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Արտաշես Գեվորգի Հակոբյան

Արտաշես Գեվորգի Հակոբյան

44-օրյա պատերազմի հերոս

Անձնվեր հերոս՝ Արտաշես Հակոբյանը, իր կյանքը զոհել է հանուն հայրենիքի և գալիքի: Հավերժ Փառք և խոնարհում Քեզ, Հերոս...

Մենք մշտապես հերոսներին փնտրել ենք անցյալում, պատմության գրքերի խունացած էջերում՝ չիմանալով անգամ, որ ապագա հերոսներն ապրում են հենց մեր կողքին ու գտնվում են մեր շարքերում։ Պատերազմն ապացուցեց, որ այժմյան 18-20 տարեկան տղաները կարող են այնպիսի հերոսական քայլեր կատարել, որ չենք հանդիպել և ոչ մի գրքում։

Կարող են անձնվիրաբար մարտնչել, մահը գիտակցելով և մահվան աչքերին նայելով պահպանել իրենց վստահված հայրենի հողի ամեն մի թիզը, վիրավոր ընկերոջը մարտի դաշտում չթողնելու համար անձամբ վիրավորվել և ի վերջո ընկերոջ կյանքը փրկելու համար զոհել սեփականը...

Հենց այսպես անմահացավ նաև ՀՊՄՀ «Շրջակա միջավայրի գիտություններ» բաժնի ուսանող՝ Արտաշես Հակոբյանը։

Կյանքը

Հակոբյան Արտաշես Գևորգի ծնվել է 2000թ․-ի սեպտեմբերի 12-ին Երևանում։ 2006թ․-ին ընդունվել է Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 դպրոցը, որն ավարտել է 2015թ.-ին՝ բարձր առաջադիմությամբ։

Այնուհետև ընդունվել է թիվ 2 ավագ դպրոցը, որը ևս 2018թ.-ին բարձր առաջադիմությամբ է ավարտել:

Նա փայլել է իր ընկերասիրությամբ և յուրահակուկ անհատականությամբ։ Հինգ տարի զբաղվել է ձյուդո մարզաձևով՝ արժանանալով բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի։

Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական «Շրջակա միջավայրի գիտություններ» ֆակուլտետը, որտեղ նույնպես հասցրել էր սիրվել։ Առաջին կուրսը դեռ չավարտած 2019թ․-ի հունվարին զորակոչվել է բանակ՝ ծառայելով Ջրականում (Ջաբրայիլ)՝ որպես դիպուկահար:

Մարտական ուղի

2020թ․-ի սեպտեմբերի 27-ից Արտաշես Հակոբյանը 3-րդ հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է մարտական գործողություններին Արցախի Հանրապետության հարավային և հարավարևելյան ուղղություններում։

Արտաշեսը կրտսեր սերժանտ էր, տիրապետում էր մի քանի զինատեսակի։ Մարտական հմտությունների և ճիշտ հաշվարկների շնորհիվ ընկերների հետ ոչնչացրել է թշնամու մեծաքանակ մարդկային ուժ և մարտական տեխնիկա։

Ապրում էր նժդեհյան գաղափարներով: Պատերազմի օրերին, երբ մայրը հուսալքվում էր, քաջալերում էր՝ ասելով.

- Մամ ջան, քիչ մնաց, գալու եմ:

Ասում էր Արտաշեսը

Ընդամենը երկու ամիս էր մնացել զորացրմանը:

Վերջին անգամ հարազատներին զանգում է հոկտեմբերի 28-ի առավոտյան։ Անմահանում է նույն օրը ԱԹՍ-ի հարվածից, երբ վիրավոր վիճակում փորձում էր հրամանատարին փրկել...

Մարտական ծառայության ընթացքում ցուցաբերել է ֆիզիկական լավ պատրաստվածություն և կամային բարձր հատկանիշներ։

Արտաշեսը մարտերի ժամանակ տարբեր բնագծերում ցուցաբերել է հակառակորդին խոցելու աննկուն կամք։

Կրտսեր սերժանտ Հակոբյանը մինչև վերջ հավատարիմ է մնացել իր զինվորական երդմանը։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալուվ։

Կրտսեր սերժանտ Հակոբյանի աճյունն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Ընկերասեր էր, հավասարակշռված:

Այնուամենայնիվ, ինչպես մեր բոլոր հերոսներն այնպես էլ Արտաշեսը, հավերժ կմնա բոլորիս սրտերում ու նրա հիշատակը վառ կմնա հավերժ։

Փառք ու խոնարհում մեր հայրենիքի համար իրենց կյանքը և առողջությունը զոհաբերած բոլոր արիներին։ Արտաշես Գևորգի Հակոբյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) շահառու է։

Հիմնադրամի ֆոնդը ձևավորում ենք մենք՝ ՀՀ և Արցախի քաղաքացիներս, աշխարհասփյուռ հայերս։ Ֆինանսակայն կայուն հատուցումն ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր քաջերի հիշատակի, մեր հոգու հանգստության համար։

Լուսանկարներ

Վկայություններ

Արտաշեսը շատ հոգատար, ընկերասեր ու անձնվեր, խելացի, զուսպ ու հավասարակշռված, դաստիարակված, բարեկիրթ, իր տարիքին չհամապատասխանող ազդեցիկությամբ, իր մարմնին չհամապատասխանող մեծ սրտով մարդ էր և գուցե հենց դա էր պատճառը, որ հայրենիքը փրկելու համար զոհեց սեփականն ու անմահացավ։

Հարազատներից մեկի հուշերում

Թեև եղբայրս ինձանից փոքր էր, բայց այնքան հասուն էր, որ միշտ ես էի եղբորիցս խորհուրդ հարցնում:

Երբ խոսում էինք Հայաստանից արտագաղթելու մասին, կտրականապես դեմ էր արտահայտվում.

- Որ ուրիշ երկրում ապրես, երկիրդ ո՞վ պիտի պահի, զարգացնի, եթե վիճակը վատ է, մարդ դրանից պիտի դասեր քաղի, շտկի:

Շատ հետաքրքիր դրվագներ կան մեր մանկությունից, թեև նշեմ նրանցից մեկը:

Ես ու եղբայրս, երբ գալիս էինք դպրոցից, տանը մենակ էինք լինում մինչև մեր ծնողների աշխատանքից տուն գալը։ Մի օր, Արտաշեսը մորս հարցրեց, թե որն է հոգևոր սնունդը։ Մայրս համբերատար, օրինակներով բացատրեց։ Մի քանի օր հետո մայրս աշխատանքից ուշ եկավ տուն ու շատ անհանգիստ էր՝ մտածելով, թե քաղցած ենք մնացել։ Տուն մտնելուն պես արագ անցավ խոհանոց ու սկսեց պատրաստվել։ Եղբայրս գնաց, նստեց խոհանոցում ու մորս հույս տվեց.

- Մամ ջան, մենք այսօր հոգևոր սնունդ ենք ստացել, դա ավելի կարևոր է:

Չեմ մոռանում եղբորս առաջին սեպտեմբերի 1-ը: Երբ եղբորս 1-ին դասարան տարանք, ուսուցչուհին ասաց՝ գնացեք 2 ժամից կգաք երեխաներին տանելու։ Մեր տունը դպրոցին մոտ էր: Որոշեցինք անակնկալ պատրաստել, հետո գնալ նրան բերելու։ Դեռ 1 ժամ չէր անցել, հանկարծ դռան թույլ թակոց լսեցինք, մայրս արագ դուռը բացեց, տեսանք եղբորս՝ շեմին տխուր կանգնած։ Մայրս գրկեց, շատ-շատ համբուրեց, շնորհավորեց մուտքը դպրոց, իսկ Արտաշեսն արցունքակալած աչքերով մորս պարանոցը գրկել ու բաց չէր թողնում՝ անդադար կրկնելով.

- Մամ, բոլորին տարան, դու չկայիր, էլ երբեք ինձ մենակ չթողնես, մամ ջան:

Մայրս շատ հուզվեց, գիրկն առած տարավ դեպի անակնկալը։ Հետո շատ ուրախ անցավ, բայց մորս մտքից դուրս չի գալիս եղբորս խոսքերը.

- Էլ ինձ երբեք մենակ չթողնես, մամ:

Այսօր Արտաշեսի ծննդյան օրն է: Նա կդառնար 21 տարեկան...

Հարազատներով հավաքվելու ենք, ու մենակության զգացումը շարունակելու է հետապնդել մեզ...

Քրոջ՝ Մարիամի հուշերում

Բարև, իմ բարություն, իմ ջերմություն, իմ մեծահոգի ու բարեսիրտ, իմ թանկ, իմ Աստվածամայր: Չգիտեմ ի՞նչ ասեմ, շնորհակալություն թե՞ ներողություն։ Երևի սկզբում շնորհակալ լինեմ այս կյանքում ինձ կյանք տալու համար, սուրբ խրատներիդ ու երկնահառաչ աղոթքներիդ համար: Կներես մամ անթիվ անքուն գիշերներիդ համար, դատարկված հոգուդ, կոտրված սրտիդ ու անհույս աչքերիդ համար, կորած ժպիտիդ ու դառնացած կյանքիդ համար: Կներե՞ս, մամ, քո որդուն:

Գիտեմ՝ հիմա կյանքդ կանգ է առել ու մոռանում ես նույնիսկ շնչել, խեղդվում ես արցունքի ծովում, բայց վստահ եմ, որ մի օր ազգիս հաղթանակը կսրբի արցունքներդ:

Մամ, դու շատ ուժեղ ես, դու ես ինձ սովորեցրել ուժեղ լինել, պայքարել, դու հիմա պիտի ապրես իմ ու քո փոխարեն, դու պիտի ապրես հանուն իմ չապրած կյանքի ու պատվի համար, եթե ուզում ես որդիդ զորանա պիտի թողածս գործերը ամեն գնով կատարես: Ես կյանքս տվել եմ հանուն քո կյանքի և դու այլընտրանք չունես ու պետք է թանկ գնահատես այդ կյանքը:

Աստված քեզ ուժ կշնորհի քո մաքուր ու ազնիվ սրտի համար, որի միջով մշտապես ճիշտն է հոսում և դու այդ բաց ու լուսավոր սիրտը երբեք չպետք է փակես խավարի մեջ: Մեր նպատակը պետք է նույնը լինի «Միշտ առաջ ոչ մի նահանջ»:

Գիտեմ դեռ սպասում ես ու թաքուն աղոթում, հավատա ես քեզ հետ եմ մամ քանի դու կաս ու ապրում ես: Մամ դու հասնում ես բոլորի հոգու խորքը ու հասկացնում, որ կա սեր ու կյանք, որի համար պետք է համառ պայքար, ի՞նչի չես կարող քո հոգուն բացատրել, ի՞նչի չես մոտենում իմ հոգուն, որ պարզես ես ի՞նչ եմ ուզում... Կյանքում ճակատագրերը շատ տարբեր են մամ, իմն էլ էս էր, կներես...

Զինվորի նամակը

Հարգելի տիկին Հովհաննիսյան

Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարություն հասցեագրված Ձեր դիմումի՝ հայտնում եմ, որ Նախարարի հանձնարարությամբ դիմումում բարձրացված հարցն ուսումնասիրվել է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից:

Ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ տեղեկացնում եմ, որ Ձեր որդին՝ թիվ 59703 նախկին զորամասի 3ՀԳմ 8ՀՎ ԿԱԳ ԱՋ նշանառու, կրտսեր սերժանտ Արտաշես Գևորգի Հակոբյանը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին ստորաբաժանման կազմով դիրքավորվել են «Վեդի» կոչվող տեղամասում, որտեղ մարտի մեջ են մտել հակառակորդի ուժերի հետ: Ստորաբաժանման կազմով մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը թեժ մարտեր են ընթացել, որից հետո' նահանջել են և անցել պաշտպանության «Արա-Լեռ» կոչվող տեղամասում տեղակայված զորամասի տարածքում:

2020թ. հոկտեմբերի 7-ին ստորաբաժանման կազմով տեղակայվել են Հադրութի դպրոցում, իսկ հաջորդ օրը' հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու համար ստորաբաժանումը տեղակայվել է «Չռիկներ» կոչվող տեղամասում, որտեղ հակառակորդին հասցրել են զգալի կորուստներ: 2020թ. հոկտեմբերի 10-ին գտնվել է Սարին շեն գյուղում' անձնակազմի վերախմբավորման համար, որտեղ 4-5 օր անցկացնելուց հետո անձնակազմի հետ տեղափոխվել է «Թութակ» կոչվող տեղամաս:

Կրտսեր սերժանտ Ա.Հակոբյանը 2020թ. հոկտեմբերի 28-ին Շեխեր-Կարմիր շուկա ընկած հատվածում փորձել է մարտի դաշտից դուրս բերել իր զինակից ընկերներին, սակայն չի հասցրել, որտեղ էլ հակառակորդի կողմից արձակած ՍԹՍ-ի հարվածից զոհվել է:

Հարգանքով՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Ա. Սարգսյան

Շիրիմի գտնվելու վայրը