Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Ազիզ Սամվելի Աղաջանյան

Ազիզ Սամվելի Աղաջանյան

44-օրյա պատերազմի հերոս

Ազիզ Սամվելի Աղաջանյանը՝ 2020թ.-ի հոկտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում նվիրաբերել է իր կյանքը հանուն հայրենիքի և դրանով իսկ դարձել հերոս, որի մասին մինչ օրս լեգենդներ են հյուսվում և դեռ կհյուսվեն։

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, հերոս՝ Ազիզ Աղաջանյանը, ամփոփված է Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում։ Գրեթե ամեն օր հերոսի շիրիմին են այցելում հերոսածին մայրեր, նրա զինակից ընկերները, նույնիսկ անծանոթ քաղաքացիներ, ովքեր Արմավիրի զինվորական պանթեոն այցելելիս՝ ծաղիկներ են խոնարհում, ապա խնկարկում հերոսի շիրիմին։ Հերոս հայորդի, դու հիմա երկնքից ես Հովհաննես Շիրազի՝ «Մայրս» բանաստեղծությունն ընթերցում քո մայրիկի համար...

Կյանքը

Ազիզը ծնվել է 2001թ.-ի մայիսի 20-ին: Ճերմակամաշկ, շագանակագույն աչքերով, բարեսիրտ, ժպտերես, խորհրդավոր կերպարանքով ու յուրօրինակ, իր նրբանկատ բնավորությամբ հանդիսացել է դրական կերպար՝ ընտանիքի, ընկերների, հարևանների և հարազատների համար։ Ամեն ինչի մեջ նա միայն լույսն էր տեսնում, միայն դրականը։

Նա սպասված էր մեր ընտանիքում, մեր ուրախությունն անչափելի էր, երբ ծնվեց նա, ով համեմեց մեր կյանքն իր ինքնատիպ կերպարանքով։

Շեշտում են Ազիզի քույրերը

Հայրը՝ Սամվել Ազիզի Աղաջանյանը, ծնվել է 1968թ.-ին, ավարտել Գյուղատնտեսագիտական ակադեմիան: 1995-2007թթ.-ին աշխատել է ոստիկանությունում, այնուհետև մայորի կոչումով ինքնակամ դուրս է եկել աշխատանքից: Զբաղվում է սեփական բիզնեսով: Ազիզը Սամվելի կուռքն էր, ապրում էր իրենով... Մայրը՝ Մելանյա Յուրիկի Հարոյանը, ծնվել է 1972թ.-ին: Ազիզը մայրիկի պաշտելին էր, շատ կապված են եղել իրար հետ դեռ մանկուց:

- Աստվա՛ծ, ինձ ինչքա՜ն շատ ես սիրել, որ սենց տղա ես տվել...

Միշտ հպարտությամբ ասում էր մայրը

Մելանյան երբեք չի պատկերացրել իր կյանքը առանց որդու։ Ազիզն ունի երկու չքնաղ ավագ քույրեր՝ Լուսինան և Նինելը։

Լուսինան՝ ծնվել է 1990թ.-ին, ավարտել է Ժող. ինստիտուտը: Ազիզի հավատարիմ և անբաժանելի հոգու ընկերն էր, կարծես նրա արտացոլանքը լիներ հայելու մեջ, սեփական երեխայի պես է մեծացրել Ազիզին և տվել անսահման սեր:

Նինելը՝ ծնվել է 1993թ.-ին, ավարտել է Մանկավարժական ինստիտուտը: Ազիզին պաշտում էր, Ազիզն էլ Նինելին էր շատ սիրում, բայց իրար հոգու հետ շատ էին խաղում, կատակում, գշտվում: Ապրում էին սիրո և համերաշխության մթնոլորտում՝ քաջալերելով և բարձրացնելով միմիյանց։ Ազիզը պաշտում էր իր ընտանիքը, տունը և ամեն ինչ տեսնում էր միայն ընտանիքի շուրջ:

Դեռ մանկուց Ազիզը առաջադիմել ու աչքի է ընկել իր խելամտությամբ: Մանկապարտեզում յուրաքանչյուր հանդեսի կամ միջոցառման ժամանակ Ազիզին շնորհվում էր կատարել թագավորի դերը։

Հինգ տարեկանից Ազիզը տիրապետել է մաթեմատիկային, իր հասակակիցներից տարբերվել է հնարամիտ մտածելակերպով, արագ կողմնորոշվելու ընդունակությամբ։

2007 թ.-ին հաճախել է Արմավիրի թիվ 2 դպրոցը, հետո՝ թիվ 1 ավագ դպրոցը: Մանկուց զբաղվել է քիկբոքսով, կարատեով, հաճախել է շախմատի դպրոց, մասնակցել է մաթեմատիկայի օլիմպիադաների և մեծ հաղթանակներ է ունեցել:

Առաջին դասարանում ուսուցիչը հանձնարարում է պատրաստել վրան։ Ազիզը պատրաստում է վրանը, սակայն առանց դուռ ու պատուհան։ Երբ ուսուցիչը հարցնում է թե ինչու՞ է այդպես արել, Ազիզն ասում է.

- Մուտք չեմ պատրաստել, որ թուրքերին մեջը խեղդեմ․․․

Ազիզ

Հիմա ամեն ինչ վերլուծելով կարող ենք ասել, որ ամեն վայրկյան և ամեն տարիքում ճառագայթել են նրա հայրենասիրության շողերը։

Աշխատասիրությունը, անկեղծությունը, արդարամտությունը և ուշիմությունը համախմբում են Ազիզի լուսարձակ, բայց անմար ու անշիջանելի էությունը։

Ինչպես դպրոցական Ազիզն է գրում իր «Ես» վերնագրված բացիկում, որտեղ ներկայացնում է իր լուսավոր անձը.

Ես 11 տարեկան եմ։ Սովորում եմ Վ․ Բախշյանի անվան համար 2 hիմնական դպրոցի VIա դասարանում՝ հարվածային եմ։ Ինձ համար շատ կարևոր է ամեն օր դասի գնալ, քանի որ եթե մեկ օր դասի չգնամ՝ ես համարյա ամեն ինչ կմոռանամ։

Սիրում եմ ազատ ժամանակ համակարգչով խաղալ՝ մոտ 1-2 ժամ։ Ես ունեմ շագանակագույն աչքեր՝ ասում են շատ չարաճճի հայացքով։ Շատ եմ սիրում իմ ընտանիքս՝ հատկապես ծնողներիս:

Ազիզ

Ազիզը յուրահատուկ սեր և հարգանք էր վայելում անխտիր բոլորի կողմից: Նա ուներ վարակիչ ծիծաղ, սուր հումոր և անչափ գեղեցիկ ժպիտ: Ամեն ինչի մեջ տեսնում էր միայն դրականը, սերը:

Ազիզի մեծահոգությունը երևում է նաև այն ժամանակ, երբ նա պետք է մասնակցեր «Հայ ասպետ» նախագծին, բայց իր տեղը զիջում է դասընկերուհիներից մեկին, քանի որ ի սկզբանե նրանք վեց հոգով էին, բայց նախագծում պետք է մասնակցեին հինգը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ դասարան է մտնում ուսուցիչը և հանձնարարում շարադրություն գրել պատերազմի մասին, նրբազգաց Ազիզը տեսնում է, որ ուսուցչուհին հուզվել է և ասում ․

- Մի օր մենք էլ պիտի գնանք․․․

Ազիզ

Թեև նրա շուրթերից բխած նախադասությունը վայրկյաններ տևեց, բայց նրա ապրումներն ասում էին ավելին, քան կարելի էր պատկերացնել ակնթարթ տևած հավերժությունը։

Ազիզը անսահման կարևորել է իր ընկերներին։ Շատ ժամանակ է անցկացրել ընկերների հետ, արժևորել շփումը, հարգանքն ու ժամանակը։ Միշտ, երբ Ազիզը ծանոթանում էր ինչ-որ մեկի հետ և սկսում էր մտերիմ համարել նրան՝ ասում էր․

- Անունս Ազիզ է, բայց դուք ինձ կարող եք ասել Ազիզ ջան։

Ազիզ

Ազիզի համար առաջնայինն ու կարևորագույնն իր ընտանքին էր։ Ազիզն այնքան հեռատես և սրամիտ էր, որ հաշվարկել էր ամեն դետալ, մանրուք կապված հետագայի հետ։ Մասնագիտությամբ ցանկանում էր ծրագրավորող դառնալ։ Սերտորեն կապված լինելով ընտանիքի հետ, նա ցանկանում էր այնպիսի աշխատանք, որ նրանցից ոչ թե հեռու, այլ հենց տանը աշխատեր, համատեղեր աշխատանքն ու այն թանկ ժամանակը, որը նա անցկացնում էր ընտանիքի հետ։

Եկավ պահը, երբ Ազիզը պետք է որոշում կայացներ։ Նա որոշում է ընդունվել Ամերիկյան համալսարան, երբ ուներ ընդամենը երեք ամիս։

Հիշում եմ, երբ արդեն ուշ գիշեր էր և մենք բոլորս պատրաստվում էինք քնել, նա վերցնում էր մեկ մեծ շիշ կոկա-կոլա, սուրճ, որը տանել չէր կարողանում, բայց խմում էր, որ քունը չտանի։ Սեղանի շուրջ նստած ժամեր շարունակ պարապում էր ու պարապում:

Պատմում է քույրը՝ Լուսինան

Ազիզը պարապում էր Մեծամորում, որտեղ բոլորը իրեն անծանոթ էին, բայց սկսել էին ճանաչել, քանի որ նրա միտքը ափշեցնում էր բոլորին: Բոլորը տպավորված էին նրա խելացիությամբ։

Ինձնից վեցնում էր խանութի բանալիները, երբ ազատ ժամանակ էր ունենում, փակվում էր խանութում ու պարապում էր անընդմեջ։

Արդեն անցել էր երեք օր, սպառվել էր ու հոգնել էր ինֆորմացիայի մեծ պաշարից։ Հարցնում էր, թե ո՞նց անի, ինչպե՞ս անի, էլ չի կարողանում։

- Տե՛ս, սա նոր սկիզբ է, ամենը լավ բանի համար է լինում։ Կանցնի մեկ շաբաթ ու կհարմարվես, այն կդառնա թեկուզ քո օրվա մի մասը, այն քո ժամանակավոր, բայց արդյունավետ առօրյան կլինի, - ասում էր նրան քույրը՝ Լուսինան

Ու էլի Ազիզը պարապում էր․․․ Անցավ մեկ շաբաթ, եկավ ու երջանիկ ասաց, որ արդեն սովորել է նոր գրաֆիկին, օրը հազար բառ է սովորում։

Քույր ու եղբայր միմյանց փոխանցեցին շնորհակալական երախտիքի և կամեցողության խորհրդակիր հայացքները։

Պատմում է քույրը՝ Լուսինան

Քնության օրն Ազիզն իրեն այնքան հանգիստ է պահում, որ իր հանդարտությունը փոխանցվում է ընտանիքին։ Քննությանը մնացել էին րոպեներ, երբ Ազիզը նկատում է, որ անձնագիրը մոռացել է և զանգում է տուն։ Անհանգստացած Ազիզը մտածում է,որ ավելի լավ է քննության չմտնի, քան թե քեռու տղան՝ ով պետք է տեղ հասցներ անձնագիրը՝ հանկարծ չշտապի և փորձանքի չգա: Անձնագիրը վերջին րոպեին հասավ Ազիզին: Ընդամենը քսան րոպե էր հարկավոր, որպեսզի Ազիզը հանձնի քննությունը: Որոշ ժամանակ անց՝ հունվար ամսին, երբ նա իմանում է, որ անցել է քնությունն ու ընդունվել է Ամերիկյան համալսարան՝ այն էլ առանց հարցազրույց, երեխայի պես սկսում թռչկոտել, քանի որ սեփական աչքերով տեսնում էր քրտնաջան աշխատանքի արդյունքը։

Մայիսի 20-նն էր՝ լրանում էր Ազիզի տասնութ ամյակը, ընտանիքի անդամները որոշում են մեծ շուքով նշել իրենց մինուճարի տարեդարձը: Դա թերևս նրանց կյանքի վերջին ամենաերջանիկ օրն էր:

Ամռանը նա պետք է զորակոչվեր բանակ, բայց կարծես ժամանակը համընկել էր իր քրոջ՝ Նինելի դստեր լույս աշխարհ գալու հետ։ Ազիզն ամեն ինչ արեց, որպեսզի մի քանի օրով հետաձգի գնալը՝ տեսնելու համար նորածին Նիկային։ Հուլիսի 3-ին ծնվեց Նիկան, իսկ հուլիսի 9-ին նա պիտի զորակոչվեր։ Զորակոչվելու նախօրեին ընտանիքը որոշել էր ուրախ նրան ճանապարհել, որ ուրախ էլ դիմավորի:

Հուլիսի 9-ի առավոտյան, երբ Ազիզին ճանապարհում էինք տանից, ասացի.

- Ազ քեզ շատ կկարոտենք:

Ինքն էլ ինձ գրկեց ու ասաց.

- Քուրս երկու տարի ա էլի, շուտ կանցնի, մի նեղվի:

Պատմում է քույրը՝ Լուսինան

Ծառայությունը

Եկավ 2019թ.-ի ամառը՝ Ազիզը զորակոչվեց բանակ: Նա ընկավ Լուսակերտ(Մեղրի), վեց ամիս Լուսակերտում ծառայելուց հետո ստացավ՝ կրտսեր սերժանտի կոչում:

Ամեն շաբաթ գնում էինք նրան տեսնելու, թեկուզ ընդամենը տասնհինգ րոպե, բայց երբ գիտեինք, որ պիտի տեսնենք ամեն ինչից գոհ, ոչնչից չտրտնջացող Ազիզին, մեծ պատրաստակամությամբ ու երջանկությամբ էինք գնում:

Պատմում է քույրը

Սիրած աղջիկ ուներ։ Ազիզն իր սիրելիին հանդիպել է դպրոցում։ Շա՜տ էր սիրում, ապրում էր նրանով։ Միմյանց սիրում էին անեզր ու անսահման։ Այնքան էին սիրում իրար, որ հեռավորությունը ոչ մի նշանակալի դեր չէր կարողանում տանել, իսկ օր օրի սերն ավելի էր մեծանում։

Ամեն անգամ, երբ Ազիզը գալիս էր, անպայման պիտի գնար ու տեսներ նրան։ Միշտ իրեն հատկացված վեց ժամը կիսում էր երկու մասի։ Կեսն ընտանիքին, կեսն ընկերուհուն։ Տոներից առաջ ոգևորվում, մեկտեղ հուզվում էր՝ ցանկանալով պատրաստել նրա համար իդեալական նվերներ։ Նա հաշվի էր առնում ամեն դետալ, գրում էր յուրօրինակ նամակներ։ Անգամ ընկերոջը խնդրել էր արծաթյա նշան պատրաստել, որ մեկն իր մոտ լինի, իսկ մյուսն՝ ընկերուհու։ Մի անգամ էլ իր բանակային գոտին էր ուղարկել նվեր։

- Մ….-ս ոսկի է, լավ կնայեք:

Միշտ ասում էր Ազիզը

Երկուսով գիրք էին կարդում, նույն գիրքն էր։ Երբ որևէ մեկը գնում էր Ազիզի մոտ, անպայման նա համեղ խմորեղեններ էր պատրաստում, որ Ազիզը ուտի։ Նրանք անգամ իրենց երեխաների անուններն էին որոշել։ Ազիզն ամեն ինչ էր որոշել, նա գծագրել էր իր ողջ կյանքը։

Սակայն դեռ տարի չանցած սկսվեց 44-օրյա պատերազմը, որի մասին կարելի է խոսել բառից բուն իմաստով՝ դարեր շարունակ։

Պատերազմը հենց սկսվեց Ազիզին և իր ընկերներին հանել էին Մեղրիի դիրքեր: Տուն զանգելիս այնպես էր խոսում, ասես ինքը անչափ լավ է և ոչնչի կարիք չունի: Հայրը, երբ իմացավ, որ տղաներին դիրքեր են բարձրացրել առանց ձմեռային հագուստի, շտապեց տաք շորեր, ծածկոցներ և ուտելիք տանել տղաներին: Հոկտեմբերի 3-ին հրաման տվեցին հրետանավորներին իջեցնել Մեղրիի դիրքերից և տանել Ջեբրայիլ: Ծառայում էր հզոր ոգով և երբ իմացավ, որ իրենց՝ հրետանավորներին, տանում են պատերազմ և այն էլ՝ Ջեբրայիլ, անչափ ուրախ էր, որ իր ժամն էլ եկավ հայրենիքը պաշտպանելու:

- Ինչքան ընտանիքինս եմ, այդքան էլ հարենիքինս եմ...

Միշտ ասում էր նա

Ազիզը երջանիկ էր, որ մարտնչելու է հանուն հայրենիքի, որ վերջապես իր ժամն էլ եկավ հայրենիքը և ընտանիքը պաշտպանելու:

Ընտանիքը շատ անհանգիստ էր, քանի որ Ազիզը ծանր մարտերի մեջ էր։ Ազիզն ամեն երեկո ծանր կռվից հետո ձայնը կտրված, հոգնած 1-2 րոպեով զանգում էր տուն, բայց իրեն այնպես էր պահում, կարծես ոչինչ չի եղել, որ չանհանգստանան հայրը և մայրը։

Ամեն ինչ անում էր, որ տանեցիները հանգիստ լինեն, անգամ ասել էր, որ իրենց զենքերը վնասվել են և չեն կրակում ու իրենց տեղափոխել են Իշխանաձոր և այնտեղ վնասված զենքերն են վերանորոգում՝ տանեցիները հավատացել էին ու որոշ չափով հանգստացել: Այդ ժամանակ Ազիզը հայրիկից խոսք է վերցրել, ասելով՝ պապ խոստացի որ չես գալու: Երկար բանավիճելուց հետո հայրը խոստանում է, իսկ Ազիզից ոչ մի կերպ չի կարողանում խոսք վերցնել:

- Տանը մի տղամարդ գոնե պիտի մնա, իսկ ինչ էլ լինի հերս, իմացի դա իմ ճակատագիրն է:

Ասում է Ազիզը

Մարտնչեց 21 օր՝ փրկեց հարյուրավոր կյանքեր: Նա բազմիցս չի ենթարկվել հրամաններին և վազել է կյանքեր փրկելու՝ երբեք չմտածելով իր կյանքի մասին: Նա հզոր հրետանավոր էր: Իր անալիտիկ մտքի շնորհիվ անվրեպ կրակել է ամեն րոպե՝ խոցելով թշնամուն: Նա պատվով հաղթահարեց իրեն հանձնարարված և չհանձնարարված խնդիրները: Երբ արդեն իրենք պետք է ետ գնային Մեղրի, Ազիզը բոլորին իրենից առաջ ճանապահել էր՝ ինքը մնացել էր մի քանի ընկերների հետ:

Արդեն շատ ծանր օդային հրետակոծություն էր սկսվել: Նրանք քայլում էին ականապատ դաշտերով, ցրտին, ոտքով, շատ բարակ հագնված, բայց քայլում էին: Ազիզը վստահ էր, որ հասնելու է տեղ: Բայց ավաղ... վերջին կրակոցից թռած մի չարաբաստիկ բեկոր հենց իր համար էր նախատեսված: Այդ բեկորն անգամ չկպավ այնպիսի մի հատվածի, որ գոնե ողջ թողներ: Կպավ ու գցեց այդ քաջ, ոչնչից չվախեցող, իր բաժին կռիվը տված խիզախ մարտիկին: Նա ընկավ հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը՝ ժամը 1:30-ին, հենց այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել:

Ազիզը հուղարկավորված է Արմավիրի զինվորական պանթեոնում: Պարգևատրվել է «Մարտական արիություն» մեդալով:

Լուսանկարներ

Տեսադարան

Վկայություններ

Երբեմն, երբ ամանեղենն էի լվանում, գալիս և հարցնում էր․

- Մամ, կարո՞ղ ես ինձ մի երեք րոպե տրամադրել:

Այդպես ժամերով գրկում էր ինձ և համբուրում, կարծես մեր վերջին հանդիպումն էր այդժամ։

Ասում է մայրը

Երբեմն էլ, երբ նրան ասում էի «Մեռնեմ Աստծուդ»՝ շատ հետաքրքիր տոնով հարցնում էր․

- Մա՛մ, ինչքա՞ն շատ եմ ես սիրում քեզ։

Զարմացած ու անակնկալի եկած պատասխան էի փնտրում իր աչքերի մեջ, երբ Ազիզի շուրթերից հնչում է հուզիչ պատասխանը։

- Դու ես իմ Աստվածը, մամ․․․

Հիշում է մայրը

Ազիզը ընկերական շրջապատում լիդեր էր․․․ միշտ համախմբում էր իր ընկերներին և կարգավորում բոլոր խնդիրները։ Ամեն հարցում օգնում էր իր խորհուրդներով, դպրոցում միջոցառումների ժամանակ կազմաերպում էր ամեն քայլ և ամենակատարյալ ձևով էր անում ամեն ինչ:

Ասում են ընկերները՝ Հրաչը, Մարզպետը, Նուշոն ու Գարուշը

Իսկական ազիզ էր...; իր բնավորությամբ, իր նիստուկացով մեզ համար, ասես, Նոյ նահապետի աղավնին լիներ՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Ամենից շատ սիրում էր մորն ու հայրենիքը, ու երբ ընկերներով զրուցում էինք, ասում էր. «Մայր, մայր Հայաստան... այդ երկու բառերը ասես միաձուլված լինեն»...

Մանկության ընկերներոջ հուշերում

Շատ էր սիրում մեծն Հովհաննես Շիրազի՝ մայրերին նվիրված բանաստեղծությունները։ Ընկերներով, երբ լինում էինք, արտասանում էր Շիրազի գրած մայրիկին նվիրված բանաստեղծություններից ու ամեն անգամ ասում էր. «Ասես Հովհաննես Շիրազն այս խոսքերը գրած լինի մայրիկիս համար»։ Միշտ ասում էր՝ մայրս իմ լույսն է, իմ արեգակը։ Ցավոք, դաժան պատերազմը իր սև գործն արեց, ու վստահ ենք, որ Ազիզը բոլոր նահատակված, լեգենդ դարձած հերոսների նման երկնքից է հիմա նայում ու հսկում մեր բոլորիս ու իր սիրելի մոր անդորրը։ Նա հաճախ էր արտասանում Հովհաննես Շիրազի «Մայրս» բանաստեղծությունը՝

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբունն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս»։

Մանկության ընկերոջ հուշերում

... Ազիզը շատ սրտով էր, բարի սիրտ ուներ: Մի օր 15 րոպե ահավոր կռիվ տվեցինք, վերջում մեզ կապ տվեցին, ասեցին, որ մոտ 500 հոգի փռել ենք գետնին, ես ուրախացա, գնացի Ազիզին գրկեցի, ասում եմ պատկերացնու՞մ ես՝ ի՞նչ ենք արել: Ինքը նեղված կանգնած էր, հարցրի ի՞նչ էղավ, ինչի՞ չի ուրախանում, ասեց ախր ինչի համար էլի, իրանք էլ մեր պես մեղք չունեն, իրանք էլ մեր պես ստիպված են անում, իրանք էլ Մեր ունեն... ես էլ ասում էի չէ, տենց մի մտածի, ինչ արել ենք լավ ենք արել, իրանց հասնումա:

... Մի օր գիշերը 12-ին, համեմատաբար հանգիստ վիճակ է լինում, Ազիզը արթուն է լինում, մյուսներս պառկել էինք փոսերում, հանգստանում էինք, մեր կողքի մարտկոցի վրա էլի ինքնաթիռ են գցում ու ահավոր ուժեղ պայթյուն ա լինում, Ազիզը գոռում, ձայն է տալիս, ասում է, թե ինչ է եղել, գնանք այնտեղ, օգնենք տղերքին... Ազիզի ձայնից ես էլ շուտ վեր եմ կենում: Բոլորը վախեցել էին, փոսերից դուրս չէին գալիս, մենք էլ 4 հոգով էինք հելել փոսերից, բայց մեզ արգելում էին դուրս գալ, առավել ևս գնալ էնտեղ, բայց մենք 4-ով վազեցինք, մեր հետ ջուր տարանք, գնացինք ու 2-2 բաժանվեցինք, ես ու Ազիզն էլ իրար հետ չէինք, սկսեցինք օգնել էնտեղի մարդկանց: Հետո էնտեղ, որտեղ ես էի մնացել, էլի ինքնաթիռ էին գցում մեր վրա, իմ հետ եկած տղան վիրավորվում է, ես էլ իրեն փորձում եմ շուտ տանել էնտեղից, Ազիզենք էլ լավ հեռու էին պայթյունից: Մենք գնացինք, հետո իրենք էլ եկան ու Ազիզը պատմում էր, թե ինչքան մարդկանց ա օգնել, ինչքան մարդկանց ա փրկել... հերոս ա ինքը:

Հերոս ընկերոջ՝ Տյոմի հուշերում

Ազիզը փրկել է իմ կյանքը: Երբ մեր մեքենան տրաքացրեցին՝ մեր ջոկատին միայն Ազիզն եկավ օգնության: Ազիզը ինձ առաջինը կրակի միջից հանեց, հարցրեց թե ինչպես եմ, արդյոք վիրավորում չունեմ: Հետո տղաներին էլ օգնեց, թե՛ վիրավորներին, թե՛ մնացածին: Մեր մեքենան էլ զինամթերքով էր բարձած եղել, ամեն րոպե կարող էր պայթել, բայց Ազիզը իրա կյանքի մասին չմտածելով փրկեց մեր կյանքը:

Հերոս ընկերոջ՝ Վովի հուշերում

Որ հետ եկավ, ես վախեցել էի ընկերոջս վիրավորվելու տեսարանից, ես ու Ազիզը նույն փոսը գնացինք պառկելու, Ազիզի մայրիկի ուղարկած տաք ծածկոցով ծածկվեցինք ու իրար գրկած քնեցինք այդ գիշերը: Մայրիկի ուղարկած ծածկոցը, Ազիզն ասում էր, որ շատ տաք էր, ամեն անգամ քնելուց դրանով ծածկվում էր, ինձ էլ էր կանչում, ասում էր.

- Արի կողքս՝ սրանով ծածկվենք, գիտե՞ս՝ ի՞նչ տաքա պահում,- ու անընդհատ ասում էր,- արա, ես մեռնեմ իմ մոր ջանին, ինչ լավ բան արեց, որ ուղարկեց, ցավդ տանեմ:

Միշտ, որ կռիվ էինք տալիս՝ ֆիզիկապես ծանր գործեր կային անելու, շատ ժամանակ բոլորս հոգնում էինք, տղերքը սկսում էին դանդաղելը կամ նստելը, Ազիզը ասում էր.

- Հելե՜ք, ինչ եք նստել, չեք հասկանում, որ առաջնագծում մեր տղերքին են կոտորում, հելեք, որ կարողանանք մի բան անել, ու բոլորը նորից ոգևորված ելնում էին:

Շատ լավ էր բոլորին դուխ տալիս ու իրեն էլ շատ հավասարակշռված ու կայուն էր պահում: ... Իրար հետ մահից պրծած հելնում էինք, ասում էր՝ սպասի զանգեմ տուն, հարցնում էի՝ կարա՞ս բայց հիմա խոսես, ասում էր՝ հա: Զանգեց մամային, ու իր հանգիստ տոնով սկսեց խոսելը... «հա մամ ջան... հա սիրունս... հա ցավդ տանեմ...»:

Հերոս ընկերոջ՝ Տյոմի հուշերում

- Ազիզը հզոր մարտիկ էր։ Իր անալիտիկ մտքի շնորհիվ անվրեպ կրակել և խոցել է թշնամուն։ Վերջում, երբ հրաժեշտ էի տալիս Ազիզին, նրանից հեռախոսի համար ուզեցի, հարցրի, թե անունդ ո՞նց գրեմ, ասեց գրի Ազիզ ջան։ Ապշած եմ Ազիզի հերոսական տեսակից։

Թեև սարկավագը շատ բան չխոսեց, բայց ապրումները շատ հախուռն էին, նա չցանկացավ ցավեցնել Ազիզի ծնողներին։

- Փառք քեզ քաջարի հերոս, հավերժի մարտիկ, քո սխրանքն անմար է, քո նվիրական հայրենասիրությունը ջինջ, մաքուր քո էությունը անծայրածիր։ Նա դարձավ մի փայլող աստղ, ով հիմա իր պայծառ լույսն է սփռում բոլորիս սրտերում, մեր հոգիներում, յուրաքանչյուր հայի սրտում նշմարվում է Ազիզի պես հերոսների բուն էությունն ու սխրագործությունը։

ՀԱՎԵՐԺ ՓԱ՛ՌՔ․․․

Մեղրիի սարկավագի խոսքերը

Շիրիմի գտնվելու վայրը