Տիգրան Տոնականի Շահբարյան
(11 հունիսի 2001 - 11 հոկտեմբերի 2020)
2020թ.-ի հոկտեմբերի 11-ին՝ վաշտի կազմով, մեկնել և մասնակցել է Հադրութի ուղղությամբ ծավալված մարտական գործողություններին: Հանդիպելով հակառակորդի դիվերսիոն հետախուզական գերազանցող ուժերին, ստորաբաժանման կազմով մարտ են մղել, անգամ հայտնվելով թշնամու կողմից շրջապատման մեջ՝ գերի չի ընկել, չի նահանջել և չի լքել մարտի դաշտը, մարտնչելով մինչև վերջին շունչը, վերջին ջանքերն ու ճիգերն է գործադրել, հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Ի պաշտպանություն Արցախ աշխարհի և հայրենիքի փրկության զոհաբերել է սեփական կյանքը: Անկոտրում և անվախ քաջորդին՝ ցուցաբերել է անձնական արիություն և խիզախություն:
Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով և ԱՀ «Մարտական ծառայություն» պետական մեդալով:
Հպարտ՝ այդ օրերի պատմական գործերով, անսահման թախիծով և քաղցրությամբ վերհիշելով մեր լեռնաշխարհի բարձունքներում ու ձորերում հերոսի մահով ընկած իմ ընկեր զինվորներին, մտքովս ծնրադրում եմ նրանց խնկելի հողաթմբերի առջև և ծաղկեպսակի փոխարեն Հայաստանի բովանդակ փառքը դնում նրանց գերեզմանների վրա:
Գարեգին Նժդեհ
Կյանքը
Տիգրան Տոնականի Շահբարյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: 2001թ.-ի հունիսի 11-ին՝ 1 տարեկանում հասակում ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ և անցել է Տիգրանի մանկությունը և պատանեկությունը: Սովորել է Ավանի թիվ 104 դպրոցում, որից հետո ընդունվում է Երևանի պետական հենակետային քոլեջը, որպես ատամնատեխնիկ։ Մասնակցել է տարբեր սպորտային և այլ խմբակների։ Ավարտել է գերազանց՝ կարմիր դիպլոմով: Ընկերասեր, համեստ, բարձր ընդունակություններով օժտված էր Տիգրանի մարդ տեսակը: ՈՒսմանը զուգահեռ Տիգրանը հաճախել է ԹՈՒՄՈ կենտրոն:
2016թ.-ին Տիգրանը կազմում է ապագայի իր ծրագիրը, այն է կարդալ 12 գիրք: Թեմաներն էին բիզնես և հոգեբանություն: Փայլուն տիրապետում էր անգլերեն և ռուսերեն լեզուներին, նաև պարապում էր ֆրանսերեն: Լավ պարապում էր ֆրանսերեն լեզուն, քանի որ նրա երազանքն էր մեկնել Ֆրանսիա: Նրա ուսումնասիրած և կարդացած գրքերով գիտնականերն են զբաղվում: Տիգրանի երազանքները բազմաբովանդակ ու շատ էին, բայց բոլորը ծառայելուց հետո: Ցանկանում էր բժիշկ դառնալ...
Բանակային կյանք
2019թ.-ի հուլիսի 3–ին Տիգրանը զորակոչվում է հայոց բանակ: Տիգրանի համար կարևոր էր, որ ծառայի Արցախում: Եվ ահա պարզվեց, որ Տիգրանը ծառայելու է Արցախում՝ ավելի կոնկրետ այն վայրում, որտեղ անցել են նրա մանկության բոլոր ամառները։ Անցնելով ծառայության Մարտունի 3 զորամասում՝ 3 ամիս անց ստանում է կրտսեր սերժանտի կոչում ու շարունակում ծառայությունը, որպես վաշտի բուժակ:
Հարթ ու խաղաղ էին անցնում օրերը՝ սիրով օգնում ու բուժում էր անգամ հրամանատարներին։ Տիգրանի մասին զորամասից միայն գովասանքի խոսքեր են ասել՝ թէ հրամանատարական կազմը, թէ ընկերները։ Զորամասից միշտ գրքեր էր ուզում, հատկապես արտասահմանյան գրականություն։ 1 տարի 3 ամիս անտրտունջ ծառայեց մինչ պատերազմը:
Տիգրանը ուներ արտաքինից տարբերվող մի առանձնահատկություն։ Նրա դեմքին մի ժպիտ կար, որը խոսում էր նրա բարի լինելու մասին: Առանձին զրույցներից նկատելի էր լինում, որ Տիգրանը շատ խոր զգայական աշխարհ ուներ և ընկերների հանդեպ ուներ մի հոգատարություն, որ բոլորի կողմից նկատվում ու գնահատվում էր։ Դա ավելի նկատելի դարձավ պատերազմի օրերին իր կատարած բուժակի հմտություններով, երբ հողի միջից արկի տակ ընկածի մարմինը հանում էր և անմիջապես բժշկական միջամտություն կատարում։ Նա մինչ այդ էլ բուժկետի տղաների հանդեպ շատ ուշադիր էր։ Տիգրանը խոստումնալից երիտասարդ էր և զգացվում էր, որ ընտանիքում ճիշտ են դաստիարակել: Նա ավելորդություններից հեռու էր և շատ տպավորիչ դիմագծերի մեջ կարելի էր տեսնել հայրենի՛ք, ծնող, ընկերներ, հարազատներ սիրող անհատի կերպար։
Մասնակցել 2020թ.-ի Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմին: 2020թ. 44-օրյա մարտական գործողությունների ժամանակ աչքի է ընկել խիզախությամբ և քաջությամբ: 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից ստորաբաժանման կազմով պաշտպանության են անցել զորամասի պաշտպանության հատվածում և մարտական գործողությունների ընթացքում մասնակցել դիվերսիոն հետախուզական ապահովման խմբի առաջադրված գործողություններին:
Պատերազմի առաջին օրերին Տիգրանի վաշտը՝ չլինելով հատուկ նշանակության, մասնակցում է դիվերսիոն գործողություների ու առանց զոհերի գրավում կարևոր դիրքեր: Այս գործողության համար պարգատրում է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով: Հոկտեմբերի 11-ին նորից հատուկ առաջադրանք են ստանում և ամբողջ վաշտով մեկնում Հադրութ,որը արդեն գտնվում էր թշնամու վերահսկողության տակ։ Ճանապարհին հանդիպելով թշնամու մեծաքանակ զորքի հետ, ունենում են 2 տարբերակ՝ կամ գերի հանձնվել կամ կռվել մինչև վերջ: Հրամանատարը ընտրում է վեջինը: Կռվում են ճակատ-ճակատի մինչև վերջ, բոլոր 76 հոգին անմահանում են: Մարմինը գտնվում է 2 ամիս անց: Հետմահու Տիգրան Շահբարյանն արժանանում է այս անգամ Արիության մեդալի: Արցախի սրտում, Արցախը սրտում նա մնաց հավերժ հայրենիքը պաշտպանելու, որ բոլորս ապրենք խաղաղ ու ապահով հայրենիքում:
Լուսանկարներ
Տեսադարան
Վկայություններ
Տիգրանս յուրահատուկ երեխա էր։ Երբ գրկած անցնում էի փողոցով, կանգնում էին բոլորը մի ակնթարթ, նայում էին և ասում.
- Ինչ սիրուն երեխա է:
Այսօրվա պես պարզ հիշում եմ, թե Տիգրանս առաջին անգամ ինչպես է քայլել սովորել, առաջին բառերը: Հատ-հատ հիշում եմ, որ առարկան ինչպես էր կոչում իր քաղցր ու թոթով լեզվով:
Երևան տեղափոխվելուց հետո Տիգրանիս միայն ամառներն էի տեսնում։ Հետո եկավ ծառայելու ժամանակը։ Երազում էի՝ Արցախում ծառայեր, այդպես էլ եղավ: Այսօր նույնիսկ հարևաններս են հիշում իմ գերբնական ուրախության բացականչությունը, երբ լսեցի Արցախում ծառայելու լուրը։ Առանց տրտընջալու ծառայում էր։ Ամեն անգամ իմ հարցին, թե ինչպե՞ս է, ոնց են օրերն անցնում, ասում էր.
- Հե՛մ, ընտիրա սաղ։
Ամեն ինչ մտքովս անցնում էր, ծառայակիցների հետ հնարավոր վեճ, անհանդուգն ծառայողական օրեր, բացի այս դավաճանված մտքից։ Արցախիս դավաճանեցին, տղերքիս էլ հետը։ Հիմա ավելին, քան երբևէ պաշտում եմ Արցախիս կես բուռ հողը, այստեղ Հերոս Տիգրանիս արյունն է շաղախված արցախահողիս:
Հերմինե Հարությունյանի հուշերում
Տիգրանիս վառ հիշատակին
Որդի՛ս, Եղբայրս, Տիգրանս անգին
Քեզ երբեք չտեսած, բայց Քեզ անչափ սիրող՝ Մելինե 06.10.21
Ահա Քո մասին խորհում եմ կրկին:
Ես իմ գործերով, հոգսերով տարված,
Իսկ Դու մայր հողում ինձ համար ննջած:
Դու գնացել ես, որ ինձ պաշտպանես,
Դու գնացել ես մայր հողը պահես,
Վահան ես կանգնել ամբողջ հայ ազգիս,
Ես խոնարհվում եմ Քո առաջ կրկին:
Դու պատվական ես, Դու մեկն ես անգին,
Հզոր Արծիվ ես նստած լեռներին:
Մեզանից հեռու, բայց և շա՛տ մոտիկ,
Խաղաղ երկնքում հով անող Ամպիկ։
Քո անունը միշտ վառ պիտի մնա
Եվ հզոր գործդ պիտ հավերժանա,
Այն պիտ իմանա ամեն հայ մանուկ,
Եվ պիտ փոխանցի սերնդեսերունդ,
Որ փառքդ հավերժ լինի ի՛մ Բարեծնունդ...
Շահբարյան Տիգրանը 2019թ.-ի ամռանն էր զորակոչվել բանակ։ Վաշտի բուժակն էր։ Կարմիր դիպլոմով էր ավարտել բժշկական քոլեջը։ 2020 թ.-ի հոկտեմբերի 11-ին Տիգրանենց 72 հոգանոց վաշտին հանում են իրենց տեղակայման վայր Աղդամից և ուղարկում Հադրութ, որն այդ ժամանակ արդեն գտնվում էր թշնամու վերահսկողության տակ։ Տեղ հասնելուն պես 3 մեքենաներից մեկը ԱԹՍ-ն խոցում է: Ողջ մնացած զինվորները 4 ժամից ավել կռիվ են տալիս թուրք հատուկ ջոկատայինների դեմ և բոլորն էլ զոհվում։ Նրանց մեջ էր նաև Տիգրանը...
Տիգրանի անունը զոհվածների ցուցակում հայտնվեց դեկտեմբերի 12-ին: Մինչ այդ տղայի հայրը փնտրել է որդու դին, բայց ապարդյուն, քանի որ հրամանատարությունն ասել է, թե չգիտեն վերջին անգամ, որ կողմերում են եղել: Սեփական ուժերով ու ռուս խաղաղապահներին օգնությամբ 2 ամիս հետո միայն Տիգրանի ծնողներին հաջողվում է գտնել իրենց որդու դին ու հանձնել հողին։ 2019թ.-ին որդուն բանակ ճանապարհելիս Տիգրանի մայրը ֆեյսբուքում նկարներ էր տեղադրել ու գրել.
- Ի՛մ հայրենիք, իմ Արցախ, լավ պահիր իմ տղային...
Տիգրանը զոհվեց Արցախի սրտում, Արցախը՝ սրտում։ Նա ընդամենը 19 տարեկան էր...
«Հայ ազատամարտիկ» լրատվական
Տիգրանը իր գաղափարական զինակիցների հետ, Եռաբլուրից կարծես ձեռք է մեկնում հայրենի պատմական Առաջաձոր գյուղի հայրենակիցներին, ովքեր իր հետ չխոնարհվող լեռների արանքից հզորի անպարտությամբ նայում են անարդար աշխարհին, իսկ ծնողների մեջ պահում եղեռնազարկ եղած Սիամանթոյի խոսքերը.
- Ո՜վ մարդկային արդարություն, թո՜ղ ես թքնեմ քու ճակատիդ...
Իսկ ասված ճշմարտություն է, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Այս աննախադեպ պատերազմը մի այլ զգացումի, և այլ անունների փոխեց.՝ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» կարոտի երգը.
- Տեսնեմ Գետաշենը, տեսնեմ Շուշին, տեսնեմ Դադիվանքը, տեսնեմ Տիգրանաշենը, տեսնեմ Գյուլիստանը, տեսնեմ Հադրութը...
Այս պատերազմի սրբազան նահատակների կողքին են առաջաձորցի նրանք՝ կյանքի գնով: Հույսը հավիտյան է, ընդմիշտ իրական և մտքի հորիզոնին միաձուլված: Եվ յոթն էլ ունեցան նույն ճակատագիր կրողներից, որ միացան Ազատամարտի տարիներին զոհված հայրենակիցներին՝ հուշակոթողի պատվավոր պատվանդանին:
Հատված՝ Տիգրան Տոնականի Շահբարյանի մասին գրված գրքից