Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Վարդան Արթուրի Զաքարյան

Վարդան Արթուրի Զաքարյան

44-օրյա պատերազմի հերոս

Վարդանը 22 տարեկան էր, երբ զորակոչվեց բանակ։ Զորակոչվելուց ընդամենը մեկ ամիս անց սկսվեց պատերազմը։ Վարդանը մասնակցել է պատերազմական գործողություններին՝ լինելով ընդամենը մեկ ամսվա ծառայող։ Ծառայել է Մարտունի 3-ում, եղել է հրետանավոր։ Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» մեդալի։

Կյանքը

Ծնվել է 1998թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ Չարենցավան քաղաքում։ Վարդանը տան փոքրն էր, ուներ իրենից 7 տարով մեծ քույր։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը՝ իրեն պահում էր մեծ եղբոր պես՝ հոգ էր տանում քրոջ մասին։ Շատ էր սիրում խաղալ քրոջ երեխաների հետ։ Տան միակ որդին էր, ծնողների հույսը։ Շատ լավ որդի էր ծնողների համար, աշխատում էր հայրիկի հետ։

2004թ.-ին ընդունվել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան դպրոց, որտեղ սովորել է մինչև 2010թ.-ը։ Այնուհետև տեղափոխվել և ուսումը շարունակել Երևանի համար 18 դպրոցում։

2013թ.-ին ընդունվել է հայ-հունական պետական քոլեջի խոհարարական բաժինը։ Այնտեղ սովորել է 3 տարի։

Վարդանը բարի էր, հումորով, ազնիվ և ընկերասեր։ Սիրում էր խաղալ մտերիմների հոգու հետ, կատակել, ծիծաղել։ Ուներ բազմաթիվ ընկերներ, հավատարիմ ընկեր էր։ Ցանկացած պահի պատրաստ էր հասնել օգնության իր ընկերներին։ Սիրում էր խոհարարությունը՝ պատրաստել համեղ ուտեստներ, փորձել նոր համեր։

2018թ.-ին ընդունվել է Գյուղատնտեսական ինստիտուտ, սակայն 2020թ.-ին ուսումը կիսատ է թողել և զորակոչվել է բանակ։

Մարտական ուղին

Պատերազմի սկսվելու ժամանակ եղել է ընդամենը մեկ ամսվա ծառայող։ Մասնակցել է Մարտունիի համար մղվող մարտերին։ Զոհվել է հոկտեմբերի 23֊ին՝ թշնամու ավիացիոն գրոհի ժամանակ։

Պատերազմի օրերին երբեք չի դժգոհել ոչնչից, միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա։ Հոկտեմբերի 23֊ին զանգել, տեղեկացրել էր, որ իրենց տեղափոխում են և հնարավոր է չկարողանա որոշ ժամանակ զանգել։ Այնուհետև ընկերուհուն խնդրել է, որ գնա եկեղեցի, աղոթի իր համար։ Վարդանը զոհվել է հենց նույն օրը՝ վերջին զանգից ժամեր անց։ Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» մեդալի։

Լուսանկարներ

Տեսադարան

Վկայություններ

Ամեն անգամ ամբողջ ընտանիքով հավաքվելը մեծ տոն էր մեզ համար, իսկ եթե այդ օրը աշխատանքի էր լինում, շատ էր նեղվում, որ տանը չի լինելու։ Շատ նվիրված էր ընտանիքին։

Բոլորի ծննդյան օրերին՝ գիշերը պարտադիր պետք է անակնկալ աներ ու շնորհավորեր տորթով, ծաղիկներով, շամպայնով։

Վարդանը շատ նպատակասլաց էր, համառ։ Եթե ինչ որ բան ցանկանար, ամեն ինչ կաներ, որ հասնի իր ուզածին։ 22 տարեկանում արդեն ուներ մասնագիտություն, աշխատանք, սեփական ավտոմեքենան։

Ուներ հոբբի՝ հավաքում էր խմիչքների տեսականի։ Ուներ մեծ տեսականի, իսկ բանակ գնալուց առաջ հարահանգեց.

- Խմիչքներիցս ոչ մի հատ չպակասի մինչև գամ։

Հիմա ծնողները շարունակում են մեծացնել Վարդանի խմիչքների կոլեկցիան։

Վարդանը՝ ավագ քրոջ հուշերում

Վարդանի հետ մեր կապը շատ ուրիշ է եղել։ Ես իրենից մի քանի տարով մեծ եմ, բայց դա երբեք չի զգացվել, քանի որ նա միշտ իրեն հասուն տղայի պես է պահել։ Վարդանի հետ շատ երազանքներ ու նպատակներ ունեինք։ Երբ ինչ-որ երկար ճանապարհ էինք գնում մեքենայով, անվերջ խոսում էինք, թե ի՞նչ կարելի է անել, որ անկախ լինենք և մեր սեփական գործը ունենանք։

Իր շրջապատը շատ մեծ էր ու զարմանում էի այդքան մարդու ոնց է հիշում։ Իրեն ինչ հարցով էլ դիմեին՝ հաստատ ձեռք էր մեկնում։

Շատ տխրեցի, երբ իմացա, որ մեծ տարիքում է զորակոչվելու բանակ։ Ասում էի, որ բարդ է լինելու զուտ, որ իրենից փոքրերի հետ է ծառայելու, բայց մի քանի օրվա մեջ համակերպվեց ու արդեն սկսվեց պատերազմը։ Շատ երկար նայում էի հեռախոսիս, որ զանգի։ Անհանգիստ էր խոսում ինձ հետ, բայց ոչ մի բան չէր ասում. միայն ասում էր շատ բան կա պատմելու։ Անհանգիստ էր, որովհետև գիտեր, որ իր ծնողները լարված սպասում էին իր զանգին, իսկ ինքը ամեն պահի չէր կարողանում զանգել։ Իսկ վերջին զանգը, երբ արեց հոկտեմբերի 23-ին, չեմ կարող բացատրել ինչ հանգստությամբ ասաց, որ այլ վայր են գնում, խնդրեց, որ հորեղբորս չասեմ, որ իրենց տեղը փոխում են։ Ասացի.

- Զգույշ կլինես, էդ կասկեդ ու բռոնիդ չհանես հագիցդ, պապայիդ ասելու եմ, որ տեղդ փոխում են...

Ինքն էլ ասեց, որ չի կարող խոսել ու վերջ: Մի քանի ժամ անց զոհվեց: Եթե իմանայի, որ դա մեր վերջին խոսակցությունն է լինելու, երևի երբեք չանջատեի հեռախոսը։ Իր բացակայությունը իմ կյանքում հիմա ավելի շատ է զգացվում ու գիտեմ, որ ոչ մեկ չի կարող իր բացը լրացնի.

Ես քեզ շատ եմ սիրում ու շատ եմ կարոտում ախպերս, միշտ սպասելու եմ քեզ:

Եղբոր՝ Էդգարի հուշերում

Հպարտ եմ ու ինքս ինձ երանի եմ տալիս, որ Վարդանի պես ընկեր ունեմ իմ կյանքում։ Վարդանի մասին անցյալով խոսելն անհնար է, ուղղակի չեմ կարող։ Վարդանի հետ մեր ծանոթությունը շատ արագ ստացվեց, ընկերացանք ու դարձանք մեր բառերով ասած՝ ամեն օրվա ընկեր, այդքան օգնող, հասնող, ցանկացող մարդ տեսակ, որ Վարդանն է, դժվար է պատկերացնել։ Երբեմն մտածում էինք, որ ինքը մեր մոլորակից չի, որ կարող է բոլորին վստահել, ոչ մեկից վատ բան չհավատա ու չսպասի։

Ժպիտը միշտ անպակաս էր իր դեմքից, իսկ եթե ինչ որ բան այն չէր, միանգամից երևում էր՝ ինչքան էլ փորձեր թաքցնել։ Ծիծաղը միշտ ականջներիս մեջ է, հայացքը՝ աչքիս առաջ, շատ֊շատ է պակասում իր ներկայությունը իմ կյանքում։ Ինչքա՜ն էլ իր մասին պատմեմ՝ քիչ է։ 22 տարում ապրեց մի ամբողջ կյանք։

Իր բանակ գնալը շատ արագ ստացվեց։ Վերջին օրը անցկացրեցինք իրենց տանը։ Շատ ուրախ էր անցնում ամեն ինչ, բայց ինչ որ հատուկ տխրություն կար։ Չեմ ասի, որ ինչ֊որ մեկը զգում էր, որովհետև մինչև օրս էլ չենք հավատում։ Ուղղակի երևի տխուր էր, որ ընկերոջս պիտի կտրեին մեզնից 2 տարով, բայց բոլորս էլ վստահ էինք, որ դա ժամանակավոր է։ Ու հիմա էլ կրկին նույն զգացողությունն է: Ես դեռ սպասում եմ, որ ժամանակը կանցնի ու նորից կհանդիպենք... Վստահ եմ՝ կհանդիպենք։

Ընկերոջ՝ Հովոյի հուշերում

Շիրիմի գտնվելու վայրը