Ռոբերտ Արմենի Գևորգյան
(1 հունիսի 2004 - 13 սեպտեմբերի 2022)
Ռոբերտ Արմենի Գևորգյանը՝ 2022 թվականի սեպտեմբերի 12֊ի լույս 13֊ի գիշերը վերսկսված պատերազմի ժամանակ, չխնայելով արյան վերջին կաթիլը՝ ունենալով հրազենային վիրավորումներ, տեսնելով, որ թշնամին իրեն շատ մոտ է, գերի չընկնելու համար՝ վերջին ուժերը գործադրելով, ինքն իրեն՝ ծնոտի տակից, հրազենային մի կրակոցով անմահացրել է։ Հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում։
Կյանքը
Ռոբերտ Արմենի Գևորգյանը ծնվել է 2004 թվականի հունիսի 1-ին։ 2010-2019թթ.-ին սովորել է Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցում և դրա հետ զուգահեռ ընդունվել է Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի՝ դհոլի բաժին, որպես դհոլահար։ 2013թ.-ից ուսումը շարունակել է «Վահագն» դհոլահարների անսամբլում, այնուհետև Աղայանի արվեստի դպրոցում՝ իր սիրելի Ռազմիկ Նիկողոսյանի՝ նույն ինքը «Գուսոյի» մոտ։ Դհոլը ներկայացրել է Հայաստանի տարածքից դուրս և արժանացել մի շարք պատվոգրերի, գործիքը համարում էր իր կյանքի մի մասը։
2019-2022թթ.-ին սովորել է Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում։
Մարտական ուղի
2022 թվականի հունիսի 27-ին զորակոչվել է բանակ՝ զինվորական պարտքը կատարելու։ Ծառայել է Կապանում։ Օգոստոսի 21-ին եկել էր արձակուրդ՝ ընդունելության քննություններին մասնակցելու:
Միշտ հպարտությամբ ասում էր, որ եթե կռիվ լինի՝ պետք է թշնամու ականջ կտրի, նկարվի, որ նկարը բերի՝ փակցնի զոհված ընկերների կողքին:
Նա ասում էր.
- Մերս, որ պատերազմ է լինում, մենք չենք մտածում հողի մասին՝ մենք այնքան լավ ընկերներ ենք կորցրել: Մեր մեջ վրեժն է խոսում՝ վրեժ ունենք լուծելու:
Մայրն էլ նրան շարունակ նախատում էր, ասելով.
- Ռոբ ջան, որ քեզ կտանեն դիրքեր, հանկարծ գիշերով չգնաս սկսես ուսումնասիրել, թե որտեղ ինչ կա․․․
Քանի որ Ռոբը շա՜տ հետաքրքրասերն էր, ասում էր․
- Հա ի՞նչ, բա չիմանա՞մ որտեղ ինչ կա:
Մայրն որդուն լավ ճանաչելով ասում էր, որ հանկարծակի գերի չընկնի դիվերսիայի պատճառով, իսկ Ռոբը պատասխանելով մորն ասել է․
- Մերս չմտածես, ես գերի ընկնողը չեմ: Երկու նռնակ ունեմ՝ մեկը ինձ համար է, Էնպես կքաշեմ, որ դրանց էլ հետս կտանեմ:
Եվ փաստորեն այդպես էլ արեց, բոլորին նախապատրաստեց ու օգոստոսի 30-ին գնաց ծառայությունը շարունակելու։ Սեպտեմբերի 1-ին իրենց տարել են Ներքին հանդ՝ դպրոցը պաշտպանելու թշնամուց, սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը վերսկսում է պատերազմը և այդ չարաբաստիկ օրը, ինքը լինելով 2.5 ամսվա ծառայող՝ խաբվելով տարվել է իբրև ինժիներական աշխատանքների: Տղաներին բահի փոխարեն տվել են զենք ու տղաները սկսել են պատերազմել թշնամու հետ: Այդ օրը ջախջախել են թշնամու զորքին, առավոտյան 08։30-ին զանգահարել է հորը և ասել․
- Պապ ջան մենք շրջափակման մեջ ենք, մեզ հրամանատարական անձնակազմը թողեց և փախավ․․․
Հոր հորդորին, որ իրենք էլ փախնեն, պատասխանել է, որ իրենք փախնող տղերք չեն և դա եղել է իր վերջին զանգը։ Չխնայելով արյան վերջին կաթիլը՝ ունենալով հրազենային վիրավորումներ, տեսնելով, որ թշնամին իրեն շատ մոտ է, գերի չընկնելու համար՝ վերջին ուժերը գործադրելով, ինքն իրեն՝ ծնոտի տակից, հրազենային մի կրակոցով անմահացրել է։ Հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում։
Լուսանկարներ
Տեսադարան
Վկայություններ
Շա՜տ ընկերասեր էր, անվախ, ազնիվ, անչափ հարգալից թե´ մեծերի, թե´ փոքրերի նկատմամբ, շա՜տ համարձակ էր, ոչինչից վախ չուներ, ասում էր․
- Ես միայն Աստծուց եմ վախենում․․․
Սիրելիների հուշերում
Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս:
Ընկերներին ընտրում ենք մենք, իսկ լավագույններին պահում է ժամանակը... Մենք վստահ ենք, որ ժամանակը քեզ հավերժ կպահեր մեր կողքին, մինչդեռ դու ընտրեցիր հայրենիքը: Մեր Ռոբ՝ բարի, հոգատար, նպատակասլաց, եռանդուն, արդար, անկեղծ, անշահախնդիր, ուրախ ու դրական Մարդ: Թեև կյանքդ կարճ էր, բայց դու հավերժ կաս ու լինելու ես մեր սրտերում:
Ժամանակից շուտ լռեց դհոլիդ ձայնը, բայց ինչպե՞ս մոռանանք միասին անցկացրած խնջույքները, որոնք առանց դհոլիդ ձայնի չէին կարող խնջույք համարվել:
Ինչպես քեզ մոռանան շենքի բնակիչները, երբ տեսնում էիր ծանր իրերով տուն վերադառնալիս ու ուղեկցում էիր մինչև տուն՝ ծանր տոպրակները քո ձեռքում բռնած: Հենց այդպես էլ՝ սովորությանդ համաձայն՝ երիտասարդ ուսերիդ վերցրիր հայենիքի ծանր բեռը:
Ինչպես մոռնան քեզ բակի աղջիկները, երբ բարձր էիր պահում բոլորի պատիվը և չէիր թողնում որևէ մեկին նեղացնեն:
Միշտ հիշում ենք, թե ինչպես էիր բոլորիս համախմբում և գիշերվա ժամը տասներկուսին կազմակերպում ընկերներիդ ծննդյան տարեդարձը նշելու սովորույթը:
Բոլորի հետ ջերմ էիր, միշտ ժպտում ու կատակում էիր՝ տարածելով դրական էներգիա քո շուրջը:
Երբեք չենք մոռանա, երբ մեր ընկերներից մեկը վերադարձել էր բանակից, բոլորս հավաքվեցինք սեղանի շուրջ և կենաց ասող չգտնվեց, ոտքի կանգնեցիր և ցանկացար, որ ամեն զինվոր ողջ և առողջ տուն վերադառնա: Իսկ դու ինչու՞ չվերադարձար...
Հիմա գալիս ենք քեզ մոտ, ծաղիկներ ենք դնում շիրիմիդ մեր լավ ընկեր: Լսում ենք կատարածդ սխրանքների մասին... Անկեղծ ասած բոլորս էլ մեր ներսում հպարտանում ենք, որ ճանաչել ենք քեզ, որ հենց դու ես եղել մեր ընկերը:
Հիմա գիտենք, որ վերևից տեսնում ես մեզ ու ուզում ենք իմանաս, որ ԵՂԵԼ ԵՍ, ԿԱՍ ու ԼԻՆԵԼՈւ ԵՍ մեր ընկերը:
Հիմա չկաս, երկնքում ես, այնտեղից ես մեզ նայում,
Գիտենք, հիմա էլ հսկում ես ընկերներիդ, պահպանում:
Ընկերները Ռոբի մասին
Անչափ է իմ և ընտանիքիս ցավը: Աշխարհում ինձ հանդիպածների մեջ Ռոբս ամենաազնիվ, պարզ ու անկոտրունն էր։ Բոլորիս ուրախությունն էր։ Ուներ մե՜ծ կազմակերպչական ջիղ և բոլորին համախմբելու ունակություն, իր շրջապատում բոլորի մասին մտածելու, հոգալու պատրաստակամություն։
Ռոբս անսահման լավատես, մեծ ինտելեկտի տեր, չափազանց ընկերասեր, անձնուրաց հերոս էր՝ ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ, սակայն իր մեծագույն սերը Հայրենիքն էր...
Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտ եմ, որ մերօրյա հերոսի քեռի եմ։ Դժվար է հավատալ նրա զոհվելուն, որովհետև հերոսը երբեք չի մահանում...
Իմ հավե՜րժ երիտասարդ՝ Ռոբս։
Քեռու հուշերում
Ռոբ...
Ռոբերտ Արմենի Գևորգյան...
Անչափ դժվար է խոսել կյանքով լեցուն այս հրաշք տղայի մասին անցյալ ժամանակով։
Լինելով Գևորգյանների ընտանիքին բավականին մոտ կանգնած մարդ՝ կարող եմ ասել, որ Ռոբերտը դեռ մանկուց աչքի էր ընկնում իր աչքաբացությամբ, աշխուժությամբ և պարզությամբ։ Բակի հոգին էր, խաղերի շարժիչ ուժն ու եռանդը։ Փոքրիկ Ռոբերտի մեջ արդեն ի հայտ էր գալիս արագ կողմնորոշվելու, ինքնակազմակերպվելու բացառիկ, բայց կենսականորեն կարևոր հատկանիշը։ Ուշիմ պատանու մեջ արդեն խոսում էր արյունը հայի, և հայկական հարցն էլ նրան տարավ դեպի հայոց պատմությունը։ Ռոբերտը սկսեց հետաքրքրվել սեփական պատմությամբ։ «Ի՞նչուների» շարանն հանգիստ չէր տալիս եռուն պատանուն, բայց և գիտակցում էր, որ լոկ պատմություն սերտելով հայրենիքը չես պաշտպանի։ Ռոբերտի մեջ մեծ սեր կար ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ, որն էլ նրան տարավ պոլիտեխնիկ համալսարան։ Նրա ցանկություն-երազանքն էր գիտությունը ծառայեցնել հայրենիքի պաշտպանությանը։ Այս կենսախինդ, գործնական պատանու մեջ կար անչափ նուրբ հոգի, ականջահաճո էր նրա դհոլը, որն այսօր արդեն վստահ կարող եմ ասել՝ կո'չ էր արթնության։
Ռոբերտը՝ այդ մշտաժպիտ պատանին քայլող բարություն էր, բայց ո՛չ խեղճություն։ Բնությունը գեղեցիկ պատանու մեջ հավասարապես բաշխել էր սերը, ուժն ու ճշմարտասիրությունը, ընկերասիրությունն ու հավատը, հավատն առ Աստված, հավատ մարդու և մարդկայինի։
Մինչև վերջին վայրկյանն անգամ նա իր յուրաքանչյուր քայլն արել է գիտակցված, ի բարօրություն զինակցի, ընկերոջ, ի պաշտպանություն հայի և հայկականի...
Խոնարհումս քեզ, իմ հզո՛ր բարություն...
Գևորգյան ընտանիքի մտերիմ՝ Ա.Աղաբեկյան