Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Ալեքս Գրիմայի Մարտիրոսյան

Ալեքս Գրիմայի Մարտիրոսյան

44-օրյա պատերազմի հերոս

2020թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Ալեքսը չխնայեց իր կյանքը հանուն հայրենիքի։

Չմտածեց, որ տան լույսն է, ընտանիքի հույսն է, քույրերի թիկունքն է և ծնողների կյանքը, այլ ուրանալով իր անձը անմահացավ հայրենիքի սրտում։ Ալեքսը ապրեց 19 գարուն։

- Միշտ մեզ հետ է...

Շեշտում են հարազատները

Կյանքը

Ալեքս Գրիմայի Մարտիրոսյանը ծնվել է 2001 թ.-ի մարտի 17-ին՝ Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ Այդ օրը ամենաուրախ և երանելի օրն էր Մարտիրոսյանների ընտանիքում։ Ծնվել էր երկար սպասված տան մինուճար որդին, տան ճրագը։ Ողջ գյուղն էր թնդում ուրախությունից։ Օրեր շարունակ մարդիկ ուտում, խմում, ուրախանում էին Մարտիրոսյանների օջախում և նշում հրաշք ժառանգի ծնունդը։

Հայրը՝ Գրիմա Մարտիրոսյանը, ծնվել է 1967 թ.-ի հոկտեմբերի 15-ին։ Անչափ բարի, հոգատար, բոլորին օգնելու պատրաստակամ, անհնարինը հնարավոր դարձնող մարդ՝ ով ծառայում էր պաշտպանության բանակում մինչև որդուն կորցնելու օրը։ Զավակի մահից հետո սիրտը չէր դիմանում, երբ տեսնում էր զինվորական համազգեստը, այդ իսկ պատճառով անցնում է թոշակի։

Մայրը՝ Ռիտա Մարտիրոսյանը, ծնվել է 1973 թ.-ի հունիսի 10-ին: Կիրթ, համբերատար, բոլորի մեջ լավը տեսնող, բոլորի բարին ցանկացող, բայց և սիրտը կոտրված մայր՝ ով ապրում է արդեն չգիտակցելով, որ ժամանակից շուտ է ծերացել։

Ալեքսը տան կրտսեր զավակն էր, ունի երկու քույր՝ Մանեն և Սոնիկը։ Մանեն Ալեքսի ավագ քույրն է, ով 9 տարով մեծ է նրանից և հիշում է եղբոր հետ կապված ամեն մի վայրկյանը, իսկ Սոնիկը երկրորդ քույրը՝ ով Ալեքսից մեծ է 6 տարով։

Քույրերի ուրախությունն ու հպարտությունն էր Ալեքսը և ծնողների հույսն ու հավատը, տան լուսավոր կետը։

Չնայած Ալեքսի չարաճճիություններին ապրել են ուրախության և համերաշխության մթնոլորտում։

2007թ.-ից հաճախել է Հադրութի շրջանի Ազոխի միջնակարգ դպրոցը։ Սիրված և հարգված աշակերտ էր Ալեքսը թէ ընկերների, թէ ուսուցիչների կողմից։ Մասնակցել է տարբեր մրցույթների ֆիզկուլտուրա և ՆԶՊ առարկաներից ու ստացել բազմաթիվ գովասանագրեր, պատվոգրեր, մեդալներ։

Դպրոցը ավարտում է 2019 թ.-ի մայիսի 25-ին։ Որոշել էր բարձրագուն կրթություն ստանալ ծառայությունից հետո, քանի որ ավարտելուց մեկ ամիս անց պետք է զորակոչվեր պաշտպանության բանակ՝ իր պարտքը տալու հայրենիքին։

Բանակային կյանք

2019 թ.-ի հուլիսի 8-ին՝ քրոջ ծննդյան օրը, զորակոչվեց բանակ։ Անչափ բարի, համեստ, խելացի, հոգատար, ընկերասեր, սիրված և հարգված տղա էր՝ այսպես են բնութագրում Ալեքսին ծառայակից ընկերները։ Սիրում էր կյանքը, սիրում էր ապրել, արդար և պարզ երես ուներ, սքանչելի երազանքներ, նպատակներ ուներ և խոստումներ տված քույրերին ու ծնողներին։

Բայց ցավոք այդ ամենը մնաց անավարտ…

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսվեց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց լայնածավալ պատերազմը, որը խլեց Ալեքսի սիրած գյուղը՝ Ազոխը, Ալեքսի հայրական օջախը, հայրենիքը և անգամ կյանքը։

Ալեքսը չխնայեց իր կյանքը հանուն հայրենիքի։

Չմտածեց, որ տան լույսն է, ընտանիքի հույսն է, քույրերի թիկունքն է և ծնողների կյանքը, այլ ուրանալով իր անձը անմահացավ հայրենիքի սրտում։ Ալեքսը ապրեց 19 գարուն։

Լուսանկարներ

Տեսադարան

Վկայություններ

Փոքր տարիքում սիրում էր զայրացնել քույրերին։ Մի անգամ երբ քույրը լվանում է հատակը Ալեքսը գալիս և մտնում է տուն առանց սպասելու, որ հատակը չորանա։ Քույրը զայրանում և սկսում բղավել, իսկ Ալեքսը որոշում է լուռ պատժել քրոջը վերցնելով նրա դպրոցական կոշիկները՝ նետում է հարևանի տան տանիքին և ասում, որ հաջորդ անգամ չի ցանկանում բարձր ձայն լսել տանից։ Նա շատ էր սիրում հարևաններին և դա փոխադարձ էր։

Մի անգամ երբ քնից արթնացավ ասաց.

- Մամ հիվանդ եմ չեմ գնում դասի՝ զանգի հարևաններին, ասա թող գան ինձ տեսակցության...

Երբ մայրը կանչում է հարևաններին պարզվում է Ալեքսը խափում էր՝ ուղղակի ցանկանում էր հարևանների հետ սրճել և թեյ խմել։ Երանի այդ օրերին, որ ապրում էինք միասին անհոգ և երջանիկ։

Հարազատների հուշերում

Վերջին տարին էր դպրոցում՝ 12-րդ դասարան էինք, լուռ նստած դաս էինք անում, ոչ ոք չէր խոսում։ Հանկարծ Ալեքսը վեր թռավ տեղից ու ասեց, որ դասից փախնենք՝ ինքը կիջնի պատուհանից, մենք կնետենք մեր պայուսակները իրեն, հետո հերթով միջանցքով դուրս կգանք և այդպես էլ արեցինք, բայց դպրոցի բակում ֆիզկուլտուրայի ուսուցչուհին նկատում է Ալեքսին և կանչում իր մոտ, իսկ Ալեքսը պատասխանում է.

- Ա ընկեր Սարդարյան հաջող մունք քինանք տուն, ասօր պռազնիկա միզետե…

Եվ այդպես դեռ շատ հուշեր...

Դասընկերուհի՝ Տաթև Գրիգորյանի հուշերում

Շիրիմի գտնվելու վայրը