Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Դավիթ Լյովայի Գրիգորյան

Դավիթ Լյովայի Գրիգորյան

44-օրյա պատերազմի հերոս

Մարդկանց և Հայրենիքի հանդեպ նվիրական սիրով առաջնորդվող ՝ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ Դավիթ Գրիգորյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ նոյեմբերի 2-ի լույս 3-ին։

Սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ, ինչի համար Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։

Հուղարկավորված է Սարդարապատ գյուղում։ Գյուղում ի պատիվ հերոսի տեղադրվել է հուշաքար-արձան։ Հետմահու պարգևատրվել է «Ոսկե Արծիվ» մեդալով։

Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո, չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ:

Անատոլ Ֆրանս

Կյանքը

Դավիթը ծնվել է 2000թ.-ի նոյեմբերի 17-ին։ Մեծացել է Արմավիրի մարզի գյուղ Սարդարապատում։ Ընտանիքում փոքրն էր և միակ որդին։

2006-2007թթ․-ին հաճախել է սպորտային մարմնամարզության դասերի։ 2007թ.-ի խմբային մրցումներում գրավել է 4-րդ տեղը։

2007-2018թթ․-ին հաճախել է Սարդարապատի միջնակարգ դպրոց։

2008-2012թթ.-ին Սարդարապատի միջնակարգ դպրոցի կողմից պարգևատրվել է գովասանագրերով։

2009-2010թթ․-ին հաճախել է կարատեի դասընթացների։ Արժանացել է 2-րդ, այնուհետև 3-րդ կարգերի։

2010-2015թ.-ին 4 անգամ մասնակցել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին։ 2010թ.-ի մարտի 18-ին գրավել է առաջին տեղը։

2011-2013թթ․-ին հաճախել է շախմատի դասերի։ Մասնակցել է մրցույթների գրավել 2-րդ տեղ, 3-րդ տեղ։

2016թ-ի հուլիսի 6-ին ստացել է A2 մակարդակ գերմաներեն լեզվի իմացությունից։

2018թ.-ին ավարտել է դպրոցը, ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։

Դավիթ Գրիգորյանին կրթելու և դաստիարակելու համար, Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենը պարգևատրվել է ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ։

Դպրոցում մի դասարան անվանակոչվել է հերոսի անունով։ 2021թ.-ին ՀՊՏՀ-ում բացվեց ուսանող հերոսների լսարան, որը կրում է Դավիթի անունը։

Դավիթը տանել չէր կարողանում սուտը, ծայրահեղ ծանր էր տանում, երբ դիմացինը ստում էր։ Չէր սիրում անպատասխանատու լինելը։

Շա՜տ - շա՜տ լավ էր զգում, որ ամեն ինչից տեղեկացված էր, աչքերը փայլում էին որովհետև կարողանում էր զրուցել ցանկացած թեմայով։

Դավիթը տանել չէր կարողանում, երբ հարցերը լուծում էին ուժով։ Նա միշտ փորձում էր բացատրել, ասում էր.

- Աստված խելքը ինչի՞ համարա տվել, որ խոսելով հասկանան.

Ասում էր Դավիթը

Դավիթը ինքն իրենով է կարևորել Հայենիքը, ինքն է իրեն դաստիարակել հայրենասեր, պատասխանատու ու ազնիվ։

Դավիթը չէր սիրում շատ խոսել։ Նա ավելի շատ սիրում էր գործով ապացուցել, գործով ցույց տալ յուրաքանչյուր քայլը։

Ապրել է ընդամենը 20 տարի, բայց ապրեց ամեն օր հայրենիքն ու ազգին օգտակար լինելով... ապրեց որպես ՄԱՐԴ...

Բանակային կյանքը

Կիսատ թողնելով ուսումը՝ 2019թ.-ի հունվարի 13-ին զորակոչվել է բանակ։ Գյումրու ուսումնական զորամասում անցել է 6-ամսյա սերժանտական կուրսեր, ստացել է կրտսեր սերժանտի կոչում և շարունակել է Հադրութի զորամասում, ստացել է սերժանտի կոչում և եղել հակատանկային ֆագոտի հաշվարկի հրամանատար։

Ծառայակից ընկերները բոլորը իրենց ընտանիքի անդամներին պատմել են, թէ ինչքան խելացի ընկեր ունեն՝ «Սարդարապատցի Դավոն»:

Դավիթը չէր սիրում, որ իրեն գովում են: Միշտ ասում էր, որ դա աշխատանքի շնորհիվ է ու ի՞նչ պարտադիր է, որ հպարտանանք՝ կգա ժամանակը ու բոլորը կտեսնեն:

- Մամ ջան դու դեռ շատ պիտի հպարտանաս, որ ես քո տղեն եմ:

Ասում էր Դավիթը

Այդպես էլ եղավ՝ ուղղակի Դավիթը միայն մոր հպարտությունը չի, այլ ազգինը ու Հայրենիքինը:

2020թ.-ի սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, պատերազմի ընթացքում կատարել է 38 հաշվարկ ու բոլորը ուղիղ նշանակետի՝ ոչ մի վրիպում: Այդ ընթացքում խոցվել է 4 ՏՈՍ, որից 2-ը խոցել է Դավիթը:

Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ, ինչի համար Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ՝ Դավիթ Գրիգորյանը զոհվել է նոյեմբերի 2-ի լույս 3-ին։ Հուղարկավորված է Սարդարապատ գյուղում։ Գյուղում ի պատիվ հերոսի տեղադրվել է հուշաքար -արձան։ Հետմահու պարգևատրվել է «Ոսկե Արծիվ» մեդալով։

Լուսանկարներ

Տեսադարան

Վկայություններ

Այժմ քանի որ դեռ ունենք Ճարտար գյուղը ուր բնակվում են հայերը ես հպարտանում եմ, որովհետև Ճարտարը հայկական է Դավիթիս ու իր ընկերների շնորհիվ:

Պատերազմի ժամանակ զանգում էր շատ հանգիստ խոսում ու վերջ, կարծես ոչինչ էլ չկար, իսկ երբ ասում էի հերոսս, ասում էր.

- Մամ ես իմ գործն եմ անում:

Այսպիսի մեծ պատասխանատվություն էր կրում իր վրա:

Մոր հուշերում

Դավիթը ընկերասիրության մարմնավորում է, երբ ասել է, որ ոչ ոք չգա իր հետ վտանգավոր է՝ առաջինը մեքենա են նստել Գևը և Հակոբը ասելով.

- Եթե պիտի մեռնենք ուրեմն միասին:

Իսկ Կարենը լսելով Դավիթի ձայնը, որ լուսային սարքի պակասը ուներ վազում է դեպի Դավի դիրքը։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ին զոհվում են երեք ընկերներով՝ կանգնեցնելով տանկերի հարձակումը և փրկում շատ շատերի կյանքը։

Հուշեր պատերազմի ժամանակահատվածից

Ընկերները պատմում են Դավիթը բանակում էլ ոչ մի բան ուղղակի չէր ասում ասելու համար, իր յուրաքանչյուր բառը կշիռ և իմաստ ուներ։ Դավիթը որպես ավագ սերժանտ միշտ ասել է, որ իր մարտկոցը պիտի լինի լավագույնը ու պատերազմի ժամանակ Հադրութի հակատանկային մարտկոցը եղել է ամենա ուժեղ մարտկոցը։ Ընկերները պատմում են, որ Հադրութում Դավիթները շատ էին ու Դավիթին ասում էին խելացի ու բոյով Դավիթ տարբերելու համար։

Բանակային ընկերների հուշերում

Համալսարանում էլ Դավիթին հիշում են որպես բարձր ինտելեկտով, մաթեմատիկայի յուրահատուկ իմացությամբ ու շատ խելացի: Դավիթին համակուրսեցիները այսպես են բնութագրում.

- Շատ չէր խոսում, բայց շատ սրամիտ էր, խելացի ու հումորով:

Համակուրսեցիների հուշերում

Շիրիմի գտնվելու վայրը