Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Արամ Նիկոլայի Առուշանյան

Արամ Նիկոլայի Առուշանյան

2016թ. ապրիլի 2-ին նորից փոթորկվեց Արցախը: Հակառակորդը Արցախա-Ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, իսկ հայկական կողմը համարժեք պատասխանում էր հակառակորդի սադրանքներին։

Ինչպես 19 տարեկանում, այդ ժամանակ ևս Արամն առաջիններից էր՝ ով զենքը ձեռքին մեկնեց առաջնագիծ։

Ապրիլի 25-ի լույս ՝ 26-ի գիշերը Արցախա-Ադրբեջանական սահմանին, Մարտակերտի և Մադաղիսի ուղղությամբ հակառակորդը՝ խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, օգտագործել է ծանր զինտեխնիկա, որի հետևանքով էլ զոհվել է Արամ Նիկոլայի Առուշանյանը:

Կյանքը

Արամ Նիկոլայի Առուշանյանը ծնվել է 1972թ.-ի հունվարի 24-ին, Մարտակերտի շրջանի՝ Հաթերք գյուղում: 1979-1989 թթ. սովորել է Հաթերքի միջնակարգ դպրոցում:

Ուսումնառության ընթացքում մեծ ընդունակություններ է ցուցաբերել բնագիտական առարկաների նկատմամբ՝ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները սովորում էր գերազանց, գտնում դժվար խնդիրների լուծումները:

Պատանեկան տարիներին ձևավորվել է մեծ հայրենասերի աշխարհայացքը՝ սերը հայրենի եզերքի և ժողովրդի նկատմամբ: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից՝ նա դարձավ հայրենիքի նվիրյալ թէ՛ գաղափարախոսություններով և թէ՛ գործով:

Ամուսնացած էր, ուներ 4 երեխա:

1990թ.-ին ընդունվել է Կ. Մաքսի անվան Երևանի Պետական Պոլիտեխնիկական ինստիտուտի՝ լեռնամետալուրգիայի բաժինը։

Արամը բացառիկ հայրենասեր էր, սիրում էր Արցախը ու ոչ ոք չէր կարող ստիպել նրան լքել իր հայրենի հողը, նույնիսկ, եթե դրա համար նա պիտի համառ պայքար մղեր։ Արցախյան պատերազմը բանիմաց ուսանողին հետ բերեց Արցախ: Երիտասարդ կամավորականը՝ գրիչը փոխարինեց զենքով, իսկ համալսարանական ուսումը՝ ռազմական գործողություններով:

Մարտական ուղի

1991թ.-ի մայիսին անդամագրվել է Հաթերքի պաշտպանական ջոկատին և սկսել ռազմական ուղղին։ 19-ամյա պատանին՝ մղված ամենաթեժ մարտերում էլ չլքեց հայրենի գյուղն ու մի շարք հաթերքցիների հետ պաշտպանեց իր հողը։ Նրա աչքի առաջ կործանվում էին բազմաթիվ ճակատագրեր, ավերվում հայկական բնակավայրեր: Սիրտը կծկվում էր զինակիցների կորստյան ցավից և մոլեգնում էր վրեժխնդրության բոցը: Բերկրանք էր զգում ռազմական գործողությունների հաջող ընթացքից և հաղթանակից:

1992թ.-ի սեպտեմբերի 1-ից ծառայել է Ժ. Գասպարյանի կազմավորած հրետանային ստորաբաժանումում՝ որպես հրետանու մարտկոցի հրամանատար։ Արցախյան ազատամարտի ընթացում մասնակցել է թշնամու կենդանի ուժի ու մարտական տեխնիկայի ոչնչացման հրետանային մարտավարությանը, Մարտակերտի, Քարվառաճի, ազատագրումներին և մի շարք այլ ինքնապաշտպանական մարտերի։

Արամ Առուշանյանը շարքայինից բարձրացել է մինչև փոխգնդապետի կոչման՝ գիտակցական ողջ կյանքը նվիրաբերելով, Արցախի կերտմանը, հզորացմանը և բանակաշինությանը: Միշտ աչքի է ընկել կարգապահությամբ, ենթակաների նկատմամբ խստապահանջ, միաժամանակ բարի ու հոգատար, վարքով: Խորը տիրապետել է ռազմական գործին և զենքի բոլոր տեսակներին: Անթերի կատարել մարտական առաջադրանքները, Արցախյան գոյամարտում ունեցել իր խոսուն ներդրումները:

Արամ Առուշանյանը կիսատ թողած ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանում: 1997թ.-ին ավարտել է ՙՙԱրդյունաբերական քաղաքացիական շինարարություն՚՚ ֆակուլտետը:

1992-2013թթ. զբաղեցրել է զանազան պատասխանատու պաշտոններ՝ մարտկոցի հրամանատար՝ Տոնաշենում, Ներքին Հոռաթաղի հրետանու գնդում, Մարտակերտի 5-րդ պաշտպանականում, հրետանու պետ՝ Մադաղիսում, կենտրոնական կապի պետ՝ Մարտակերտի 5-րդ պաշտպանականում, գեոդեզիական ծառայության պետ՝ Ներքին Հոռաթաղի հրետանային գնդում, դիվիզիոնի հրամանատար՝ ՙՙԵղնիկներ՚՚ 7-րդ պաշտպանականում, Ներքին Հոռաթաղի հրետանու գնդում, Մարտակերտի 5-րդ պաշտպանականում, մոտահրաձիգային գումարտակում ԴԱԳ հրամանատարի տեղակալ՝ ՙՙԵղնիկներում՚՚, Սրխավենդում, Հաթերքում։ Նրա գլխավորությամբ կազմավորվել է ՝ ՙՙԵղնիկներ՚՚ գնդի հրետանին, եղել է առաջին հրետանու պետը: Զբաղեցրած բոլոր պաշտոններում հրամանատարը բարեխղճորեն կատարել է յուրքանչյուր մարտական առաջադրանք, ինչպես միշտ փայլել իր որակական և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ։

2013թ.-ի ապրիլի 2-ին փոխգնդապետի կոչումով լեգենդար հրետանավորն անցել էր զինվորական թոշակի, սակայն երբեք հեռու չի կանգնել զինված ուժերից, հոգով եղել է առաջնագծում, իր խորհուրդներով աջակցել զինվորականներին, հմտություններն ու փորձը հաճախ անհրաժեշտության դեպքում կիրառվում էր։

2014թ.-ից աշխատել է «Արցախ-էներգո» ՓԲԸ-ի Մարտակերտ մասնաճյուղի էլցանցում:

Արամ Առուշանյան։ը եղել է «Արցախի ազատամարտիկների միություն» հասրակական կազմակերպության անդամ ունեցել հիշյալ կազմակերպության մանդատ , «Հաթերքի վետերանների միության» նախագահ, «Մարտակերտի վետերանների միության» փոխնախագահ:

2016թ. ապրիլի 2-ին նորից փոթորկվեց Արցախը: Հակառակորդը Արցախա-Ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայկական կողմը համարժեք պատասխանում էր հակառակորդի սադրանքներին։

Ինչպես 19 տարեկանում, այդ ժամանակ ևս Արամն առաջիններից էր, ով զենքը ձեռքին մեկնեց առաջնագիծ։

Այն զինակիցները՝ ովքեր ճանաչել են ու պատիվ ունեցել աշխատել Արամի հետ պատմում են, որ լեգենդար հրետանավորը երբեք չէր խոսում իր սխրանքների ու կատարած կարևոր աշխատանքի մասին, համեստությունը նրան միշտ էր ուղեկցում։

Ապրիլի 25-ին լույս ՝ 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին, Մարտակերտի և Մադաղիսի ուղղությամբ հակառակորդը խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը օգտագործել է ծանր զինտեխնիկա, որի հետևանքով էլ զոհվել է Արամ Նիկոլայի Առուշանյանը:

Ձեռքբերումներ

ԱՀ և ՀՀ կառավարությունները ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ՝ փոխգնդապետ Արամ Առուշանյանի անբասիր աշխատանքը գնահատել է ըստ արժանվույն, բազմիցս արժանացրել պետական պարգևների, պատվոգրերի, շնորհավորագրերի, մեդալների և շքանշանի:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան – 2004թ.

«Դրաստամատ Կանայան» մեդալ – 2004թ.

«Վազգեն Սարգսյան» մեդալ - 2004թ.

«Հայաստանի երկրապահ» մեդալ - 2007թ.

«Գարեգին Նժդեհ» մեդալ - 2010թ.

«ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալ - 2011թ.

«Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ – 2012թ.

«Հայրենյաց պաշտպան» մեդալ – 2015թ.

«Մարտական ծառայություն» մեդալ հետմահու – 2016թ.

«Արիության» մեդալ հետմահու – 2016թ.

«Հայրենիքի պաշտպանության համար» մեդալ հետմահու– 2017թ. (ՀՀ-ից)

«Հայրենիքի պաշտպանության համար» մեդալ հետմահու– 2017թ. (ԱՀ-ից)

Լուսանկարներ

Տեսադարան

Վկայություններ

2016թ. ապրիլի լույս 26, որն այդպես էլ բարի չեղավ, Էլլադան գրկած ձեր չորս գանձերին, երդվեց կատարել պադգամներդ թողած և մնաց ճամփիդ նայելով, սավառնիր խաղաղ, ազատամարտիկ-սպա

ԱՐԱՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

ՀԻՇՈՒՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

Էլլադա Դադայանի հուշերում

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ, ԼԵԳԵՆԴԱՐ ՀՐԵՏԱՆԱՎՈՐ՝ ԱՐԱՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Ամիսներ առաջ Մարտակերտում և Մադաղիսում հանդիպեցի Արամ Առուշանյանի զինակից ընկերների հետ, նրանցից յուրաքանչյուրը մեծ հպարտությամբ էր պատմում փոխգնդապետի յուրաքանչյուր հերոսական սխրանքը.....

Արցախյան գոյապայքարում մեծ սխրանքներ գործելով Արամ Առուշանյանը իր հաղթանակն ու սխրանքը շարունակեց Ապրիլյան պատերազմում...

Երկու պատերազմներում թրծված սպա՝ փոխգնդապետ ԱՐԱՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ, զոհվեց Ապրիլյան պատերազմում, պաշտպանելով իր սիրելի երկրի հողն ու ջուրը...

Մենք այցի գնացինք այն վայրը, որտեղ զոհվել էր հերոսը, Այն ցավն ու կսկիծը, որ տեսնում ես այդ պահին բառերն անզոր են նկարագրել... Հողաթմբերից մեկի վրա վեր էր խոյանում փայտե խաչը, իսկ ներքևում սև հողի վրա դրված կարմիր մեխակները....

Ակամայից հիշեցի Արամ Առուշանյանի խոսքերը.

-«Սա Արցախն է և վերջ, սա մեր տունն է: Ես կարող եմ մեր պապերի, պապերի պապերի գերեզմանը ցույց տալ, բայց թուրքն էստեղ մի հատ գերեզմանի տեղ չի իմանում, ոնց կլինի, որ սա թուրքինն է, սա ՄԵՐ ՀՈՂՆ Է, ՄԵՐ ՏՈՒՆՆ Է»:

-Մութն ընկել էր, մենք իջնում ենք դիրքերից, աստվածային այդ փոքրիկ դրախտ՝ Մադաղիսում ամեն ինչ լուռ էր, աստղերն ու լուսինը արտացոլվել էին լճի մեջ... իսկ հեռվում փոքր բլուրի վրա խավարի մեջ շողացող հավատի խաչն էր, իսկ նրա շուրջ բոլորը հիշատակի հուշ-խաչքարեր....

Մադաղիսում շատ պատահական հանդիպեցինք և ծանոթացանք մի երիտասարդի հետ, նա Ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակից՝ Արամ Զոհրաբյանն էր.

Նա այն մարդկանցից մեկն էր ով պատիվ էր ունեցել կարճ ժամանակում ճանաչել Արամ Առուշանյանին...

Մեծ ցավով ու ափսոսանքով էր խոսում փոխգնդապետի մասին...

-Նա բնիկ արցախցի էր, նվիրված իր հող ու ջրին, մեծ փորձով զինվորական էր, մեծատառով լավ մարդ, ընտանիքին նվիրված, և հենց այդտեղից էր գալիս մայր հողի հանդեպ իր սերը....

Ապրիլյան պատերազմում ցավոք մեր ընկերը զոհվեց, նա այն մարդկանցից էր ում տեսակը պետք էր մեր բանակին ու հայրենիքին, և իր տեսակը վերացող տեսակն է մեր իրականության մեջ.... Ես Արամի հետ շարունակում եմ զրույցս, նրա աչքերում և' ցավ կար, և'ափսոսանք և' վրեժ...

Մադաղիսից մենք վերադառնում ենք Ստեփանակերտ, սարերի հետևում վառվում են Մատաղիսի լույսերը, լճափն էլ ավելի էր գեղեցկացել աստղերից, փոքրիկ բլրի խաչն էլ իր հզոր լուսե խաչով էլ ավելի էր հզորացել: Սա է մեր հողը ու մեր տունը, մենք այն պահում ենք մեր արյունով ու քրտինքով: Կգա մի գեղեցիկ օր, որ այս գիրս իր ավարտին կհասցնեմ, կգրեմ Ձեր այն տեսակի մասին, որն եզակի է պատմության մեջ...

Արմինե Կարախանյանի հուշերում

Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից: Հիմա առավել քան ազգիս պակասում ես դու՝ հայրենասիրությամբ: Թշնամու դիմաց կանգնել ես անսասան, հպարտ ու աներկբա: Քեզնից սովորելու շատ բան ունեինք...

Էլլադա Դադայանի հուշերում

Արամը պարտաճանաչ, դաստիարակված, ընկերասեր ու ազնիվ աշակերտ է եղել: Նա ակտիվորեն մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և հասել մինչև զինվորական բարձ կոչման: Կորստի ցավից ու ափսոսանքից զատ՝ մեզ տոգորում է նաև հպարտության վեհ զգացումը, որ մեր կողքին ծնվել, մեծացել, սովորել ու հերոսացել է Արամ Առուշանյանը՝ կենդանի օրինակ հանդիսանալով գալիք սերունդների համար։

Դասղեկ՝ Համլետ Սահակյանը

Նոր էր լրացել քո 19 տարին,
Երբ թուրքը ցանկացավ տիրել Արցախին:
Զենք վերցրիր ձեռքդ, կամավոր դարձար,
Եւ թուրք ասկյարի դեմ կռվի գնացիր:
Շատ էիր ջահել, բայց առավել խելոք,
Ռազմական հարցում՝ որպես ֆենոմեն:
Ու վերադարձար դու հաղթանակով՝
Որպես քաջ մարտիկ, բարձր կոչումով:
Անցան տարիներ, դու ամուսնացար,
Ունեցար զավակներ և լավ ընտանիք:
Երջանիկ էիք դուք փոքր վաստակով,
Ապագայի նկատմամբ հավատով լեցուն:
Բայց դաժան թուրքը կրկին հարձակվեց,
Ու ամեն կողմից սահմանը պատեց:
Չսպասեցիր դու հրամանի,
Հրետանին դրեցիր գործի,
Բայց խորամանկ թուրքը պարզեց քո տեղը,
Եւ իր հրետանին ուղղեց քո դիրքը:
Երանի չլիներ 16 թիվ, ապրիլի քսանվեց,
Թշնամու արկը երբ քեզ հոշոտեց:
Քո խրոխտ հոգին համբարձվեց երկինք,
Ու տարածվելով որպես սրբություն,
Սատար դարձավ մեր ժողովրդին:
Թափված արյունդ շաղախվեց հողին՝
Որպես պատնեշ կանգնեց սահմանին:
Մեծ էր հարվածը ու անսպասելի
Սարսուռը պատեց քո ընկերներին,
Մի քանի ժամում սև լուրն իմացան,
Քո հարազատներն ու քեզ ճանաչողները:
Ու լաց էր լինում մի հայ ժողովուրդ՝
Հեռու թե մոտիկ մի ամբողջ Արցախ:
Ջահել կինդ սև շորեր հագավ,
Ու զավակներիդ փեշի տակն առավ,
Իսկ ծերացած մայրդ չդիմացավ վշտին,
Կյանքից հեռացավ անունդ՝ շուրթերին,
Հազար երանի տալով քո հորը,
Որն երբեք չլսեց քո մահվան լուրը:
Կարճ էր քո կյանքը, երազանքդ՝ մեծ,
Երազում էիր քո գումարտակով Արաքսն անցնել,
Ու միլիոն ու կես հայի վրեժը լուծել:
Ավաղ կարճ էր կյանքդ, բայց անունդ՝ մեծ:
Փառք ու պատիվ քեզ, ո՜վ քաջ նվիրյալ,
Քո մասունքները սրբություն դարձան,
Քառասունից ավել սրբերի կողքին:
Եկող սերունդը փառքով կհիշի
Քո անունը մեծ,
Դու ազգի պարծանք՝ Արամ Առուշանյան:

Էլլադա Դադայանի հուշերում

Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոսական տարեգրության մեջ իր անունն է անմահացրել մեր դպրոցի նախկին աշակերտ Արամ Առուշանյանը: Անցնելով փառավոր կյանքի ուղի և արժանանալով հերոսի կոչման՝ նա դարձավ մեր ողջ ժողովուրդի այն զավակներից մեկը, որի կյանքի անցած ուղով հպարտանում ենք բոլորս: Լինելով հրետանավոր՝ նա կարողացել է ծանր և պատասխանատու պահին կատարել այնպիսի սխրանք, որը հիացմունք ու հպարտություն է առաջացնում բոլորիս սրտերում:

Դպրոցի տնօրեն՝ Ն. Մանուկյանը

Նորից գիշեր է: Այնպիսի տպավորություն է, որ կարծես թե քնած է ամբողջ աշխարհն ու համայն մարդկությունը, և միայն ես եմ արթուն։

Հպարտ եմ քեզանով, սակայն տխուր եմ, որ չեմ կարող տեսնել քեզ, նայել քո խորունկ հայացքին: Այս գիշերն էլ կանցնի, կրկին լույսը կբացվի, բայց անհագ կարոտով դեռ քեզ կսպասեմ.....

Էլլադա Դադայանի հուշերում

Շիրիմի գտնվելու վայրը