Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Գեվորգ Ռուստամի Խաչատրյան

Գեվորգ Ռուստամի Խաչատրյան

44-օրյա պատերազմի հերոս

Գևորգ Խաչատրյանը զոհվել է 2020թ.-ի հոկտեմբերի 10-ին՝ հերոսաբար, տալով ամենաթանկը՝ կյանքը, հանուն մեր ապագա սերունդների արժանապատիվ կյանքի և հանուն իր երկրի խաղաղ ապագայի՝ տանկային գործողությունների ժամանակ Ջրականում (9-րդ կիլոմետր) կոչվող հատվածում, որը արդեն իսկ գրավված տարածք էր հանդիսանում թշնամու կողմից։

Շարքային Խաչատրյանը հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում կատարած բացառիկ սխրագործությունների համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Հայրենիքի աննկուն պաշտպանը իր ժպիտով և մարդկային բարձր արժեքներով հավերժ կենդանի կմնա հարազատների, զինվորական անձնակազմի և ընկերների սրտերում։

Կյանքը

Գևորգ Ռուստամի Խաչատրյանը ծնվել է 2001թ.-ի սեպտեմբերի 14-ին Երևանում: Նրա մանկությունը անցել է հոգատար ծնողների գրկում:

Գևորգը «Թոփ մոդել Երևան» տիտղոսի մրցանակակիր էր: Սովորել և ավարտել է Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցը, ապա ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Կ.Ի. Սկրյաբինի անվան պետական ակադեմիան։ Ծնողները տեղափոխվել էին Մոսկվա ապրելու, սակայն Գևորգը չուզեց մշտական բնակություն հաստատել Մոսկվայում և վերադարձավ Հայաստան:

Բնավորությամբ զուսպ էր և հավասարակշիռ, բարեկիրթ, ազնիվ ընկերասեր, նրբազգաց և ուշադիր հարազատների ու ընկերների հանդեպ, վայելում էր շրջապատի հարգանքն ու վստահությունը:

Մարտական ուղի

2020թ. հուլիսի 28-ին նա զորակոչվեց ծառայելու։ Հայրենիքի հանդեպ իր անմնացորդ պարտքը կատարել է Արցախի Հանրապետության ՊԲ 46677 զորամասում: Ծառայության ընթացքում աչքի է ընկել դրական հատկանիշներով: Գևորգը մշտապես կարողացել է անշեղորեն կատարել իր առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները, ակտիվորեն մասնակցել է զորամասի առօրյայի մաս կազմող յուրաքանչյուր միջոցառման և փորձել իր ներկայությամբ այն դարձնել հետաքրքիր ու հաճելի: Նա վայելում էր արժանի հեղինակություն և օրինակ էր ծառայում իր համածառայակիցների համար:

Ֆիզիկապես առողջ էր, մշտապես զբաղվում էր իր կոփվածությամբ և մարզվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, շարային առումով ձգված էր, զինվորական համազգեստը կրում էր պատվով, մաքուր և խնամքով հարդարված վիճակում, հոգատար էր իր տնօրինությանը հանձնված պետական և ռազմական ունեցվածքի հանդեպ: Ռազմական և պետական գաղտնիքը պահել գիտեր։

2020թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ, որպես դիվիզիոնի ինքնագնաց հրետանային կայանքի հաշվարկի նշանառու, հմուտ և գրագետ է կատարել իր առջև դրված մարտական խնդիրները, մշտապես մարտական պատրաստ վիճակում պահել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, անձնական խիզախությամբ և արիությամբ օրինակ է ծառայել մասնակցել Ջրականի, Հադրութի Վարանդայի պաշտպանության համար մղվող մարտերին՝ 2020թ.-ի հոկտեմբերի 6-10-ը հաշվարկի կրակով կարողացել են հակառակորդին պատճառել կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ: Շարքային Գևորգ Ռուստամի Խաչատրյանը հոկտեմբերի 10-ին ք. Հադրութի մոտակայքում գտնվող 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում հերոսաբար զոհվել է հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից։

Խաչատրյանը հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում կատարած բացառիկ սխրագործությունների համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Գևորգ Ռուստամի Խաչատրյանը (2001-2020թթ.) հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Լուսանկարներ

Տեսադարան

Վկայություններ

Իմ Արև բալաս, իմ Գևս, իմ լուսավոր, իմ ընկեր, իմ ամենա՜բալաս։ Չեմ կարողանում դժվարանում եմ առանց քեզ, քո ծիծաղի, քո ուրախ ձայնի իմ լավագուն Գևորգս։ Աշխարհը սև ու սպիտակ է դարձել մահիցդ հետո անուշս, կարոտում ենք։ Եղբայրդ էլ հանկարծ հարցեր է տալիս, որ անակնկալի ենք գալիս, հայրդ ինչ ասեմ կոտրված ջախջախված է քո կորստի ծանր բեռից։

Գև ջան միակ մեր ապրելու իմաստը եղբայրդ է ձագս, որ գիտեմ ինչքան էիր սիրում փաթաթվում էր քեզ ու ֆիլմ էիք դիտում: Քո ծիծաղին ենք կարոտել, իմ ուրախ բալա՝ գիշերային ծիծաղիդ։ Որ գիշերը չէիր քնում ու ֆիլմ (Բանակումը) էիր նայում ու բարձր ծիծաղում։ Մի օր ընկեր Մկրտչյանը ասեց միգուցե էտպես նա իր կյանքն էր երկարացնում Լիլիթ ջան։ Այդ խոսքերը դաջվել են սրտումս իմ Արև բալա, իմ թանկս, իմ «ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ԱՂԱՎՆԻ»...

Այդ խոսքերը դաջվել են սրտումս իմ Արև բալա, իմ թանկս, իմ «ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ԱՂԱՎՆԻ»...

Մոր՝ Լիլիթի հուշերում

Իմ ու եղբորս տարբերությունը յոթ ու կես տարի էր։ Գևորգը ինձ շատ էր փոքրի տեղ դնում, բայց շա՜տ-շա՜տ սիրում էր։ Բարկանում էր վրաս, եղել է նաև լավ ծեծ եմ կերել նրա կողմից, միշտ իրեն մեծի տեղ դրած՝ ինձ հրամաններ էր տալիս։ Մայրս միշտ ասում էր.

- Արթուր ջան, ոչինչ հետո ինքը կամուսնանա դու էլ իր երեխային ջրի կուղարկես...

Ու շարունակ ինձ համոզում էր, որ Գևի ասածները անեի...

- Իմ սիրելի Գև, կարոտում եմ քեզ ապեր ջան, ուզում եմ էլի փաթաթվեմ մեջքիտ ու ֆիլմ դիտեմ...

Եղբոր՝ Արթուրի հուշերում

Շատ բան չեմ կարող ասել, բայց մի քանի բան կվերհիշեմ։ Իմ հետ չի եղել, բայց սրտումս տպավորվել է։ Փոքր քույրս Գևին ասում էր բու, մի օր էլ նստած էինք ու Գևը ներս մտավ, քույրս էլ գոռաց բուն եկավ, ու մինչև հիմա չեմ գտնում իմ հարցի պատասխանը, ինչու՞ հենց բու։

Գևին շա՜տ ուշ-ուշ էի տեսնում, որովհետև ամբողջ իր ժամանակը ընկերների հետ էր անցկացնում, և երբ գնացի իրենց տուն 3-ով համակարգիչ էին խաղում, մոտեցա հարց ու փորձ արեցի, ի՞նչ են խաղում, ի՞նչի մասին։ Մի քանի րոպե անց Գևը մի ակաունտ բացեց ու ասեց.

- էս ակաունտը տալիս եմ Մաշին։ հիմա էլ էտ ակաունտը իմ մոտա։

Կարող եմ վստահ ասել միշտ ուրախ էր ու դժվարության մեջ գտնվողին կաջակցեր, բայց ափսոս, որ Գևի վերջին լուսավոր օրը դարձավ 9.10.2020թ. քանզի նրան հաջորդեց չարաբաստիկ 10.10.2020թ.-ը:

Քույրիկ՝ 12-ամյա Մարիայի հուշերում

Գևը կարողանում էր ամեն հարցի հեշտ լուծում տալ։ Երբ գալիս էր պահ, որ իրար չէինք հասկանում, Գևը գալիս էր ու վերջ ասում էր լավ վերջ պրծեք։ Ու իրոք ինքը մի ուրիշ էր, շա՜տ բարի սիրտ ուներ ու շա՜տ լավ ընկեր էր բոլորիս համար։ Ես շատ ընկերներ ունեմ, բայց Գևիս նման ընկեր դժվար թէ ունենամ։ Իմ ուրիշն էր...

Ընկերոջ՝ Սիրոյի հուշերում

Գևը մեր ընկերության ԱՐԵՎՆԱ։ Միշտ ասում էր.

- Մա՛նչ, հանկարծ չվստահես ոչ մեկին էս կյանքում, սաղ սուտ են, հույսդ քո վրա դիր... ու փաթաթվեցինք։

Անցնում էր օրեր, ժամեր, վայրկյաններ, իսկ մեր հալալ ախպերը մեզ միշտ դուխա տվել։ Չեմ խոսում անցյալով, որովհետև ինքը կա ու կմնա մեր գանձը։

Ի՜Մ ԳԵՎԸ, ԷՆ ԳԵՎԸ, որ երբ հիվանդ էի գլուխը դրեց փորիս ու քնեց։ Մենք իրան պահում էնք մեր սրտերում ու միշտ ասում ենք մեր ընկերության ԱՂՈՒՆԻԿԸ։

Շա՜տ եմ զգում Գևիս կարիքը՝ ամեն օր, չկա մի օր ու ժամ, որ չմտածեմ իր մասին։ Աում էր.

- Ինչքան դուխով լինենք, իրար վստահենք, առաջ կգնանք... Որոշել էինք գնանք Վրաստան չորս ընկերներով, երբ բանակից գար, որ ամեն ինչ միասին անեինք։ Ասում էր.

- Մանչ տուն առնենք իրար կողք-կողքի...

Ես էլ ասում էի.

- Հարց չկա հալալ ջա՜ն...

Ընկերոջ՝ Մանչի հուշերում

Վերջացել է 44 օր տևած դաժան մղձավանջը, բայց մեր մեջ դեռ երկա՜ր շարունակելու է մնալ այն ցավը, որ վերապրել ենք։ Այդ դաժան ցավը, նաև խլեց իմ մանկության ընկերներից մեկի՝ Գևիս կյանքը։

Գևը իմ ընկերը չէր, այլ եղբայրն էր։ Միասին ենք եղել 3 տարեկանից, հաճախել ենք դպրոց, և ցանկացել ենք ընդունվել բուհ։

Գևը մեր ընկերության խաղաղության աղավնին էր՝ նա հաշտեցնում էր բոլորին, երբ ինչ որ խնդիր էր առաջանում։

Ընկերս՝ բարի, հոգատար, հումորով, կրթված, գեղեցիկ տղա էր, սիրում էր կյանքը, ընկերներին, ծնողներին։ Միշտ մեր օրը անցկացնում էինք միասին անգամ որոշել էինք բանակից հետո ստեղծել մեր փոքր բիզնեսը։ Շա՜տ ծրագրեր ունեինք...

Մանկության ընկերոջ՝ Գոռի հուշերում

Ձեր որդին ծառայության ընթացքում աչքի է ընկել դրական հատկանիշներով: Գևորգը մշտապես կարողացել է անշեղորեն կատարել իր առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները, ակտիվորեն մասնակցել է զորամասի առօրյայի մաս կազմող յուրաքանչյուր միջոցառման և փորձել իր ներկայությամբ այն դարձնել հետաքրքիր ու հաճելի: Նա վայելում էր արժանի հեղինակություն և օրինակ էր ծառայում իր համածառայակիցների համար:

Անկասկած, հայրենիքի արժանի զինվորի դաստիարակության գործում Ձեր ունեցած ներդրումն ամենամեծն է։

2020թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ, որպես դիվիզիոնի ինքնագնաց հրետանային կայանքի հաշվարկի նշանառու, հմուտ և գրագետ է կատարել իր առջև դրված մարտական խնդիրները, մշտապես մարտական պատրաստ վիճակում պահել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, անձնական խիզախությամբ և արիությամբ օրինակ է ծառայել համածառայակիցների համար:

Շարքային Խաչատրյանը զոհվել է հերոսաբար, տալով ամենաթանկը՝ կյանքը, հանուն մեր ապագա սերունդների արժանապատիվ կյանքի և հանուն իր երկրի խաղաղ ապագայի:

Շարքային Խաչատրյանը հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում կատարած բացառիկ սխրագործությունների համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Շնորհակալ և երախտապարտ ենք Ձեզ՝ Հայրենիքի աննկուն պաշտպան դաստիրակելու համար:

Ցանկանում ենք Ձեզ առողջություն, համբերություն և ղարաբաղյան երկարակեցություն:

ԱՀՊԲ- ի, ՊԲ 46677- զորամասի հրամանատարի և հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալի շնորհակալական նամակը Գևորգի ծնողներին

Շիրիմի գտնվելու վայրը